Քանի՞ քաղաքացի է ապրում Հայաստանում

Քանի՞ քաղաքացի է ապրում Հայաստանում

Դժվար է ասել, թե Հայաստանում երբ սկսեցին քաղաքական հետապնդումներ իրականացնել: Գուցե սկիզբը դրվեց 1994-ին, երբ մի ողջ կուսակցություն փակեցին` «Դրոյի գործ» անվան տակ, եւ Դաշնակցության առաջնորդներին բանտ նստեցրին` մոտ երեք տարով: Պարզ է, որ սպանություններ էին եղել, զինված դավադրության ծրագիր էլ գուցե կար, բայց թե ով էր իրական մեղավորը, եւ ում այդ կոլեկտիվ մեղքի թոհուբոհի մեջ բռնեցին ու պատժեցին, ոչ ոք շատ չխորացավ: Հետո եղավ 1996-ը, երբ ընտրություններում կատարված կեղծիքներից բողոքող մարդկանց, որոնք իրենց զայրույթը նաեւ որոշ գործողություններով էին արտահայտել, լցրեցին բանտերը, իսկ Ազգային ժողովում ընդդիմության ցուցադրական ծեծ կազմակերպեցին: Էլի` մարդկանց ազնիվ զայրույթը, օրենքի խախտմամբ արված որոշ գործողություններ եւ քաղաքական հաշվեհարդարը միահյուսվեցին, ու թացը չորի հետ գնաց: Իսկ մեր հասարակությունն էլ շատ հակված չէ եւ ի վիճակի էլ չէ օրինախախտումն ու քաղաքական պայքարը-հաշվեհարդարն իրարից զատել:

Ճիշտ է` Դաշնակցությունը տարիներ շարունակ փողոցային պայքարը թեժ էր պահում, եւ տիտանական աշխատանք էին տանում դրսում-ներսում, որպեսզի հասնեն նրան, որ իրենց բանտարկված ընկերներն ազատվեն, եւ երկրում իշխանափոխություն լինի: Բայց հանրությունը, մեծ հաշվով, անհաղորդ էր իրավունքի խախտմանը եւ քաղաքական հետապնդումներն էլ արդարացնում էր: Դե, սովետ տեսած ժողովուրդը, որը գիտեր, թե ինչ է Գուլագը, տասնամյակներ շարունակ 37 թիվ, Սիբիրի աքսորավայրեր, դիսիդենտների մահապատիժներ, երկրից արտաքսումներ էր տեսել, նորմալ է համարում, որ իշխանությունը պետք է դաժան լինի եւ իր հակառակորդների հետ բոլոր հասանելի մեթոդներով հաշվեհարդար տեսնի: Այլ բան նա չի տեսել եւ չի պատկերացնում: Հետո այդ մտածողությունը սերնդեսերունդ փոխանցվում է, եւ անգամ սովետ չտեսած երիտասարդները նորմալ են համարում, որ Արմեն Չարչյանը բանտում է, իսկ Սյունիքի համայնքապետերի վրա հորինված գործեր են կարվել, որ նրանք չխանգարեն Նիկոլ Փաշինյանին` իր բոլոր ծրագրերն իրականացնել:

Ձեր շրջապատում քանի՞ մարդ կա, որը դատապարտում է Չարչյանի կալանքը եւ այն պարզ խոշտանգում, քաղաքական հետապնդում է համարում: Քանի՞սն են պատրաստ ինչ-որ բան անել, որ հայտնի բժիշկն ազատ արձակվի` նամակ-հայտարարությունից մինչեւ ակցիա, խոսք, գրառում, որեւէ պաշտոնյայի տեսնելիս հարցը բարձրացնել եւ այլն: Մատների վրա հաշված` կարծում եմ: Այ, հենց այդքան քաղաքացի է ապրում այսօր Հայաստանում: Մնացածը սովորական սպառողներ են, միջին վիճակագրական հացակերներ, որոնք ո՛չ մարդկությանը, ո՛չ իրենց հայրենիքին, ո՛չ իրենց շրջապատին ոչինչ տալ չեն կարող: