Ղարաբաղյան հակամարտության գոտու սրման թեմայով հեռախոսազրույց՝ Պուտինի եւ Մակրոնի միջեւ

Ղարաբաղյան հակամարտության գոտու սրման թեմայով հեռախոսազրույց՝ Պուտինի եւ Մակրոնի միջեւ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումը։ Լուրջ մտահոգություն է արտահայտվել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների առնչությամբ։

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին կոչ են արել հնարավորինս արագ դադարեցնել կրակը եւ լիցքաթափել իրադրությունը, ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը չունի այլ լուծում, քան քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորումը։ Այս համատեքստում կոնկրետ քայլեր են դիտարկվել, հետագա փոխգործակցության առումով, նախ եւ առաջ՝ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալու կրակի անհապաղ դադարեցման եւ բանակցությունների վերսկսման մասին հայտարարությամբ։