Արուսյակ Օհանյան. բանաստեղծություններ

Արուսյակ Օհանյան. բանաստեղծություններ

*** 
Կես դրախտ ու կես դժոխք`
այս էր, 
միջնադուռը բաժանող 
կրնկաբաց, թարս էր: 

Սիզիփոսի լռությամբ 
մարդը համբերանք էր, 
կույր նկարչի վրձնից կախ` 
բախտը անարգանք էր: 

Ժանգակեր այն երկաթի 
անունն էլի նյութ է, 
ոչինչ չկա կարեւոր`
թողած հետքն անփույթ է: 

Դեռ երազներն են ծամում` 
քրքիջ ու ծիծաղ է, 
ծամում են ու ծանակում` 
նոր հեթանոս խաղ է: 

Չկա արարը վերջին` 
դառն է ու անվերջ է, 
կաթիլն է քարը ծակում` 
ի՜նչ ջուր` հողը ստերջ է: 

Կես դրախտ ու կես դժոխք` 
այս էր, 
ունկերը փակ ապրողին 
կյանքը խեւի դաս էր:

*** 
Մի օր հոգեկերտ ոչի՜նչ չի մնա,
կփլվեն բոլոր աշտարակները,
սյուները բոլոր, տաճարներն անՏեր, 
խոյացումները, որոնք շարվել են 
անսի՜րտ, անհոգի՜, 
ու կամուրջները՝ մեզ իրար կապող 
սուտ ճամփաներով: 

Մի օր հոգեկերտ ոչի՜նչ չի մնա, 
ու ցանած բարին կդառնա փոշի, 
մենք էլ հոգեւոր ոչինչ չենք հիշի,
որկրամոլ, դաժան, անկուշտ, գայլաքիմք՝ 
գնում ենք, թե ո՞ւր՝ արդեն չգիտենք: 

Մի օր հոգեկերտ ոչի՜նչ չի մնա, 
եթե դարերով բարին ենք միայն մեր մտքում կրել, 
հիմա անգութ ենք, հրեշաբարո, 
վտանգավոր ենք, անկուշտ ենք, դեւեր: 

Ու երբ ափերը փակ են ու պրկված 
այն տարաշխարհիկ երկնքի դիմաց՝ 
գայլերի կռվում հաղթելու համար 
դառնում ենք գառներ, գալիս ասպարեզ 
հակառակ կերպով՝ գորշ գայլի մորթով՝
ու թե ի՜նչ կրկես, ի՜նչ մի ցնծություն, 
փոշի ու թնդյուն, պայքար ու ոստյուն 
իրարով խառնած՝ ներքեւ են իջնում, 
ու ոռնում ենք խուլ՝ մենք սե՜ր չենք ուզում, 
փող է հարկավոր, 
որ մեր փղերին ասպարեզ բերենք, 
նյութ է հարկավոր, 
որ մեր զենքերի պողպատը կռենք,
ու կապար է պետք, 
որ անմեղների աչքերում հալենք… 

Մի օր հոգեկերտ ոչի՜նչ չի մնա, 
ձեւերը այլ են՝ բիրտ ու վայրենի, 
ու հեռանում են երանաթվյալ օրերը բարի
որ երկանքի մեջ ցորեն ենք կարծել, 
աղացել ենք, բայց մաղով չենք փորձել, 
գայլակերակուր խրախճանքներին 
հացեր ենք դարձել՝ 
որոմն ու աղբը մեր մեջ կլլելով…

Մի օր հոգեկերտ ոչի՜նչ չի մնա, 
այսպես չի լինի, գայլը այդ ե՞րբ է 
խեղճորեն եղել անմեղ կենդանի, 
գառն է ուղղակի մի քիչ գայլացել, 
դարն է ուղղակի հողին կռացել՝ 
գդակը տվել գետնով կատաղած,
ու ափերն են պիրկ բռունցքներ դարձել, 
երբ ամեն ինչը անկում է ու ցած: 
Մի օր հոգեկերտ ոչի՜նչ չի մնա, 
սիրտ էլ չի լինի՝ էլ ո՞վ կիմանա...

*** 
Հայրական իմ տունը, 
արագիլի բույն էր՝ 
վաճառվեց։

Ես՝ արագիլի ձագս,
ինքնուրույն թռիչքի
խեւ ու խելառ 
համարձակություն հավաքած՝
թռա, չվեցի։ 

Մեծ տունը փոքրացավ,
ու ծնողներս հասկացան՝ 
ընդարձակ տան ﬔջ 
մարդկանց համար տեղ շա՜տ կա, 
հիշողություններն են,
որ էլ չեն տեղավորվում։ 

Տաք ու երջանիկ էր տունը մեր,
ուր ապրելու են նոր մարդիկ,
ապրելու են ու երբե՛ք չեն հասկանալու, որ տունը
համակ անցյալ է ու թանձր հիշողություն։ 

Իմ ծնողների նոր տանը 
կավարտվի կենսագրությունս, 
զի առաստաղից կախված նոր ջահը 
չի ճոճվի երբեք իմ հին լաց ու ծիծաղից:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ