Կառավարության առաջ պպզում եք, որ ի՞նչ անեք

Կառավարության առաջ պպզում եք, որ ի՞նչ անեք

Աստիճանաբար հաստատվում են լուրերը, որ ՀՀ կառավարությունում վարչապետի եւ նախարարների համար հատուկ դասընթացներ են կազմակերպվում, որպեսզի նրանք սերտեն անցանկալի հարցերից խուսափելու նուրբ արվեստը: Վարչապետի աթոռին նստելուց ընդամենը 2 տարի անց Նիկոլ Փաշինյանն ապացուցեց այդ դասընթացների էֆեկտիվությունը: Դա տեղի ունեցավ Ազգային ժողովում, երբ կառավարությունը պատասխանում էր, իսկ ավելի ստույգ՝ չէր պատասխանում պատգամավորների հարցերին: Չնայած պատգամավորների համառ ջանքերին՝ վարչապետն այդպես էլ չասաց՝ արցախյան բանակցային սեղանի վրա Լավրովի մատնանշած փաստաթուղթը կա՞, թե՞ չկա, ինքը բանակցո՞ւմ է այդ փաստաթուղթը, թե՞ չի բանակցում: Արցախյան թեմային վերաբերող իր նախկին փչոցներին հղում կատարելուց հետո Փաշինյանը նույնիսկ բարկացավ ու դահլիճի ուղղությամբ, ասել է թե՝ ժողովրդի ուղղությամբ, նետեց. «Ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք»:

Սա, բնականաբար, լավ տոնի նշան չէր եւ վատ ընդունվեց հանրային լայն շրջանակների կողմից: Բայց մենք խորհրդարանական երկիր ենք, վերջապես, եւ վարչապետը հաշվետու է խորհրդարանին՝ ժողովրդի մանդատով ձեւավորված օրենսդիր մարմնին: Ո՞վ կասի՝ Փաշինյանը լավ արեց, իսկական ղեկավարի կեցվածք դրսեւորեց եւ այլն: Մեր առջեւ միապետիկ էր կանգնած, որ ոչ միայն բարձրացված խնդրին չէր տիրապետում, այլեւ իրեն հասարակական վայրում պահելու (հարցուպատասխանը հեռարձակվում էր երկրով մեկ) կանոններին:

Այդ օրն ԱԺ-ում Փաշինյանն ակնհայտորեն իրեն զգում էր ինչպես իր տանը: Տպավորություն էր, որ ուշ է տուն եկել, եւ Աննան, գրտնակը ձեռքին, հարցնում է՝ ո՞ւր էիր, ո՞ւմ հետ էիր, ի՞նչ էիր անում: Եվ ինքը, որպես տան տղամարդ, պատասխանում է. «Ուր պետք էր, այնտեղ էի, ում հետ պետք էր, նրա հետ էի, ինչ պետք էր, դա էլ անում էի»: Ընտանեկան տեսարանները, անշուշտ, հանրության համար չեն, եւ նույնքան անցանկալի է նաեւ այդ բովանդակության տեսարաններն ԱԺ-ում կամ պետական այլ հաստատություններում խաղարկելը: Քո տանն ասողը դու ես՝ հասկացանք, բայց սա խորհրդարան է, քո առջեւ պատգամավորներ են նստած, եւ դու եկել ես նրանց հարցերին պատասխանելու՝ որպես վարչապետ:

Գիտեմ, հիմա Փաշինյանը մտքում ասում է՝ շուտ արա, ոչխարը սարն անց կացավ: Հարց չկա, կարագացնեմ: Եվ ուրեմն՝ ժողովուրդն այլեւս նրա լայվերին չի հավատում, կորցրել է հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Ի վերջո՝ ո՞ւմ անընդհատ խաբես, որ մի օր գլխի չընկնի: Ցույցերն էլ արգելված են, ու մարդիկ չեն կարող հավաքվել կառավարության դռների մոտ, որ մի պաշտոնյա բռնեն ու նրանից 2 բառ պոկեն: Էն էլ հարց է՝ պաշտոնյան կպատասխանի՞, թե՞ վարչապետի հանգույն կհոխորտա՝ ինչ պետք է, այն էլ անում ենք... Եվ այս իրավիճակում ԱԺ-ն թերեւս միակ տեղն է, որտեղ կառավարությունը կարող է փարատել անտերության զգացումը, որ գնալով խորանում է հանրության շրջանում: Կառավարությունը, սակայն, դա էլ չի բարեհաճում անել, գալիս են ինքնագոհ, ինչ-որ կատարողականներ են կրակում օդում, որոնց մասին հանրությունը պատկերացում անգամ չունի, եւ գնում: Հարց էլ տալիս ես՝ ասում են՝ ինչ պետք ա, այն էլ անում ենք:

Կառավարությունն ԱԺ-ում իրեն զգում է ինչպես կառավարությունում: Դա լավ է, բայց ճիշտ չէ սուբորդինացիայի տեսանկյունից: Եվ դրա մեղավորը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամներն են, որքան պատգամավորներն ու խմբակցությունները: Համավոր հարսի նման նստել ու ռիսկ չեն անում կառավարությանն անհարմար հարցեր տալ: Պատգամավորներն էլ են սովորել Ֆեյսբուքում աքլորանալ, բայց հավի պես պպզել՝ կառավարությանը տեսնելիս: Ինչո՞ւ Փաշինյանին չհարցրիք, թե էն օրն ինչ էր խոսում Միքայել Մինասյանը՝ «վռոդի», Վանեցյանը եկել է Հռոմ, «կաֆեում» հանդիպել իրեն, Նիկոլի հրահանգով ինչ-որ բաներ փոխանցել... Ձեզ հետաքրքիր չէ՞ր դա, ձեր ընտրողներին հետաքրքիր չէ՞ր, թե՞ ձեզ նախապես ասվել էր՝ հանկարծ այդ հարցը չբարձրացնեք: Բանակցային պրոցեսի մասին հարցը, հայրենասիրությամբ տոգորված, երեք անգամ տալիս եք, ու մեկիդ մտքով չի՞ անցնում՝ մի հատ էլ հետաքրքրվել, թե ինչու է վարչապետը հայտնվել «գողական սկանդալների» կիզակետում: Հարգելիներս, քանի դեռ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու այս խորհրդարանն իրեն այդպես կպահի, վարչապետն էլ պատգամավորների հարցերին կպատասխանի այնպես, ինչպես «պետք ա»: Ռուսական հայտնի խոսք կա. «Какой привет - такой ответ»: