Սա ավելի շատ օրենքի թերությունն է, քան թե հանցագործություն

Սա ավելի շատ օրենքի թերությունն է, քան թե հանցագործություն

Նախօրեին Մատենադարանի արհմիության աշխատակիցները մամլո ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում բարձրաձայնեցին Մատենադարանում տիրող կառավարման ճգնաժամի, աշխատողների ազատության ոտնահարումների, արձակուրդների չտրամադրման, կանոնադրության փոփոխության անհրաժեշտության, նաեւ՝ կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղի ունեցած որոշ իրավախախտումների մասին։ Ի դեպ, վերջինիս մասով արհմիությունը դիմել էր գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, որտեղից, սակայն, բողոքը մերժել էին։  

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Աբրահամյանը չափազանցված է համարում կառավարման ճգնաժամի, աշխատողների իրավունքների ոտնահարումների, չարաշահումների մասին հնչեցված ահազանգերը։ «Մի քիչ այդպես չէ, օրինակ՝ արձակուրդների չտրամադրման մասին որ ասում են, դա լուծվեց ու հենց իրենց ջանքերով, իսկ քիչ համակարգիչների հետ կապված հարցը, ամեն դեպքում, ճգնաժամային հարց չէ։ Խնդիրներ, իհարկե, ամեն տեղ կան, մենք հենց հիմա քննարկում ենք կանոնադրության փոփոխության հարցը, որովհետեւ կանոնադրության եւ օրենքի մեջ հստակ նշված չէ, թե ինչպես են ընտրվում խորհրդի անդամները։ Այդ հարցը բարձրացվեց, առաջարկներ են եղել, չգիտեմ՝ դեռ ինչպես կանենք, բայց, ամեն դեպքում, այդ հարցը դրվել է»,- ասում է Աբրահամյանն ու հավելում, որ կանոնադրության փոփոխության հարցը վաղուց էր հասունացել, եւ միաժամանակ զգացել են խնդրի անհրաժեշտությունը․ «Լավ է, որ իրենք էլ մտածում են այդ ուղղությամբ։ Նախարարն ու մնացած անդամներն էլ համաձայնեցին, որ դա հստակեցված չէ կանոնադրության մեջ ու հապճեպ է գրված։ Այսինքն՝ ըստ աշխատակարգի են գնացել, որն ուղարկում է նախարարությունը, մենք էլ հետեւել ենք դրան, որը հանցագործություն չի կարելի համարել, եւ, փաստորեն, քննիչները չեն էլ համարել, իսկ իրենք լուրջ մեղադրանքներ են ներկայացրել՝ քրեական գործ հարուցելու պահանջով, ինչը, կարծում եմ, մի քիչ արհեստական ճգնաժամ է»։

Հոգաբարձուների խորհուրդն առայժմ կանոնադրության մեջ դեռ մի կետը կփոխի՝ ընտրության կարգը։ «Հետո կերեւա, թե ինչ ենք անելու, միանգամից ամբողջը չքանդենք, հեղափոխությունը լավ բան է, բայց հեղափոխությունը կարող է ամեն ինչ քանդել, պետք է քիչ-քիչ փոփոխելով դա անել»,- ասում է Աբրահամյանն ու ընդգծում, որ իր համար հենց առաջին օրվանից միակ խնդիրն այն է եղել, որ գրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Մատենադարանի կողմից։ «Ասվում է, որ նշանակվում են, բայց նշանակման մեխանիզմը չկա, այդ մեխանիզմն էլ հիմա փորձելու ենք անել, որը կարեւոր հարց է, եւ գտնում եմ, որ պետք է անպայման ընտրության ձեւով լինի, եւ տնօրինությունը դրա հետ պետք է կապ չունենա, որովհետեւ կառավարման մարմին համարվում են հոգաբարձուների խորհուրդը եւ տնօրենը»,- ասում է Աբրահամյանը, ում կարծիքով՝ հաշվապահը, կադրերի բաժնի վարիչը, փոխտնօրենը չպետք է լինեն խորհրդի անդամ, որովհետեւ նշանակված են եւ հանդիսանում են տնօրինություն։ 

2018թ․ Մատենադարանի տնօրենի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները չեն ստորագրել խորհրդի բոլոր անդամները, որի մասին ահազանգել էր արհմիությունը, բայց ներկայիս խորհրդի նախագահ Լեւոն Աբրահամյանն այստեղ չի տեսնում որեւէ հանցակազմ, որովհետեւ «ստորագրում են հաջորդ նիստին՝ արդեն ծանոթացած լինելով արձանագրությանը, քանի որ արձանագրությունը 3 օրում է կազմվում, բայց չի ասում, թե քանի օրում է ստորագրվում, օրինակ՝ հիմա կարելի է մի տարի հետո էլ գնալ ու ստորագրել։ Պրակտիկայում սա է։ Իսկ ովքեր չեն ստորագրել՝ խորհրդից դուրս են եկել, հաջորդ նիստին չեն եկել ու չեն ստորագրել։ Հիմա, ասենք, Ռադիկ Մարտիրոսյանը հոգաբարձուների խորհրդի անդամ է, հետո իրեն հանեցին անդամությունից, ու չեկավ, դրա համար էլ մյուս նիստին ինքն արձանագրությունը չի ստորագրել։ Սա հանցագործություն չէ, եւ նման մոտեցումը ես չեմ ողջունում։ Հիմա ես հարց պետք է բարձրացնեմ, որ այդտեղ էլ շտկում մտցնեն, որ հետո նման մեղադրանքներ չլինեն։ Սա ավելի շատ օրենքի թերությունն է, քան թե հանցագործություն»,- ասում է Աբրահամյանն ու նշում, որ չի ողջունում դատախազություն դիմելու քայլը, որովհետեւ հանցակազմ չի տեսնում, այլ՝ անուշադրության հարց․ «Ես, օրինակ, միշտ առաջարկել եմ, որ բաժնի վարիչներն ընտրովի լինեն, որովհետեւ պարզեցի, որ նշանակովի են»։

Այն, որ Մատենադարանի վարչական կազմը զբաղեցնում է գիտական պաշտոններ եւս, ապա Աբրահամյանն ասում է, որ դա նույնպես քննարկել է քարտուղարի հետ, ու չպետք է այդպես լինի․ «Դա անձերի հետ կապ չունի, ու սա էլ կանոնադրության մեջ հստակ նշված չէ, թե ինչպես են ընտրվում Մատենադարանի անդամները։ Եվ դա չպետք է թողնել տնօրինության վրա, որ հանկարծ այլ ռիսկեր չառաջանան»։ 

Արհմիությունը պատրաստել է կանոնադրական փոփոխությունների իր փաթեթը, որը ներկայացնելու են հոգաբարձուների խորհրդին, արդյոք ծանո՞թ է այդ փաթեթին, եւ կօգտվե՞ն արհմիության առաջարկներից։ «Առաջիկա նիստին դեռ միայն մի կետն ենք նայելու, բայց ցանկացած փաթեթ կարելի է հանձնել»,- ասում է խորհրդի նախագահն ու նկատում, որ նախնական փաթեթին ծանոթացել է։