Փաշինյանը մասնակցեց նախորդների օրոք «ցրցամ տված» հերթական գործարանի բացմանը

Փաշինյանը մասնակցեց նախորդների օրոք «ցրցամ տված» հերթական գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզում մասնակցում էր Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկմանը։ Ներս մտնելուն պես՝ լրագրող վարչապետը հանեց հեռախոսն ու ֆեյսբուքով «լայվ» մտավ՝ ցուցադրելով, թե ինչպես է աշխատում գործարանը։ 

«Հայաստան 2019: Ֆաբրիկայի բացում Մարալիկում: Հայաստանը պիտի՚ դառնա արդյունաբերական երկիր»,-ֆեյսբուքյան իր էջում այսպես է վերնագրել վարչապետ Փաշինյանն իր «լայվը»։

Պարոն Փաշինյանը սրանով թերևս փորձել է ցույց տալ, որ իր իշխանության օրոք հերթական նոր գործարանն է բացվում՝ Հայաստանը դարձնելով արդյունաբերական երկիր։ Նկատենք, սակայն, որ այս գործարանի վերագործարկման աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ իշխանությունների օրոք՝ 2016 թվականից, ինչպես մեզ տեղեկացրեց գործարանի տնօրեն Գևորգ Գասպարյանը: Մեզ ասացին, որ գործարանի վերագործարկման հիմնական աշխատանքներն ու ներդրումային ծրագիրը ներկայացվել և հավանության է արժշանացել դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ իր հերթին 3 տարով երկարաձգել է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի (այսպես է ընկերության անվանումը) կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներդրումն իրականացնողը սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, որի հետ նաև փոխկապակցված ներդրողներ կան, մասնավորապես՝  «Արցախբանկն» ու «Արմսվիսբանկը»։

Դիտարկմանը, թե դեռ նախորդ կառավարության օրոք է այս ներդրումային ծրագրի իրականացման ուղղությամբ որոշակի քայլեր իրականացվել, Տիգրան Խաչատրյանը, որ նախորդ կառավարության օրոք փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում, ասաց․ «Եղել է, իհարկե, բնականաբար, որովհետև այս նախաձեռնությունն ավելի վաղ սկսված նախաձեռնություններից է, ինչը հաջողությամբ ավարտին հասավ, և ուրախալին այն է, որ արդեն արտադրանք են տալիս»։

Տիգրան Խաչատրյանը, ընդունելով հանդերձ, որ սա նախորդների օրոք «ցրցամ տված» նախաձեռնություն է, որ կյանքի է կոչվում այսօր, համարում է, որ տեղին չէ նման շեշտադրում անել, քանի որ ամեն ինչ շարունակականության մեջ է։ «Եվ իրենք շեշտեցին, որ սա իրենց վերջին նախաձեռնությունը չէ, այս հաջողությամբ ոգևորված՝ իրենք նոր բաներ էլ են անելու»,-ներդրողներին հղում տալով՝ ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նկատեցինք, որ տեղին է այն առումով, որ անընդհատ խոսվում է ինչպես հինը ամբողջովին մերժելու, անպես էլ նոր՝ հեղափոխական ներդրումների մասին, բայց մենք դեռևս տեսնում ենք հների օրոք մեկնարկած ծրագրերի շարունակությունը, որ ուղղակի համընկնում է նոր իշխանությունների կառավարման ժամանակաշրջանի հետ։

Ի պատասխան՝ Խաչատրյանը նկատեց, որ իրենք շարունակաբար անում են այնպիսի բաներ, որոնք արդյունքներ են տալու վեց ամիս հետո, մեկ տարի հետո։


Ըստ գործարանի տնօրինության՝ գործարանն այժմ ունի 41 աշխատակից, որոնք վերապատրաստվել են հրավիրյալ մասնագետեների օգնությամբ։ Առկա են թափուր աշխատատեղեր, քանի որ թելի մանվածքային գործարաններում ընդունված է 24/7 աշխատանքային ռեժիմ կիրառել։ Ընկերությունն առաջին փուլով նախատեսում է ունենալ մինչև 120 աշխատակից։ Հաջորդիվ գործարկվելու է նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն, այժմ հաստոցները ճանապարհին են, որի արդյունքում կավելանան և աշխատատեղերը։
Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառություն ունի բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և խավավոր սրբիչների արտադրության մեջ։