Զոհերի մոտավոր թիվը, ռազմական գաղտնիքի տրամաբանությունը ձևախեղված են

Զոհերի մոտավոր թիվը, ռազմական գաղտնիքի տրամաբանությունը ձևախեղված են

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ ստած ու պատերազմի հետևանքների թիվ 1 պատասխանատու և մեղավոր իշխանությունները մինչ օրս հրաժարվում են ներկայացնել զոհվածների կոնկրետ թվերը։

Լրատվամիջոները ստիպված են լինում այլ աղբյուրներից տվյալներ ստանալ զոհերի վերաբերյալ։


 
«Հրապարակի» հետ զրույցում «ՌազմԻնֆո» ռազմագիտական կայքի վելուծաբան, լրագրող Նազենիկ Սարոյանն ասաց, որ այս պահի դրությամբ ունեն մոտ 3․200 զոհվածի անուն, որոնց մի մասը դեռևս մշակված չէ։ 

Լրագրողը նշեց, որ «մշակված» ասելով նկատի ունի, որ լինում է զինծառայող կամ զոհված կամավորական, որի անունը 3 տարբեր աղբյուրներում է լինում, ուստի հավելյալ ճշգրտելու կարիք է լինում։ Այդ աղբյուրներից է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000+» հիմնադրամ), համեմատություն է կատարվում Պաշտպանության բանակի հրապարակած ցանկի հետ։

«Այսինքն՝ մենք հավելյալ ստուգում ենք, որպեսզի նույնականացնենք այդ մարդկանց։ Լինում են անհետ կորածներ, որոնք որոշ աղբյուրներում նշվում են որպես զոհվածներ, փորձում ենք ճշտել։  2450-ի մասին պաշտոնական աղբյուրներն են հայտնել։ Մոտ 2270-ը հայտնել է Պաշտպանության բանակի կայքը։ Բացի դրանից, մենք պաշտոնական աղբյուր ենք համարում նաև «1000+» հիմնադրամը, այդտեղից էլ 155-ի անունն ենք վերցրել։ Սակայն այստեղ մի խնդիր կա։ Երբ «1000+» հիմնադրամն իր հատուցումների բաժնում ցանկ է հրապարակում, դա անում է որպես հաշվետվություն, այսինքն՝ «Զոհվածի ընտանիքին այսքան գումար ենք տվել»։ Դա հաշվետվություն է, դա իրազեկում չէ զոհվածների անունների մասին։ Որպեսզի ազնիվ լինենք հասարակության հետ, դա էլ ենք հաշվի առնում։ Մեզ նաև ծնողներ, հարազատներ են գրում, ասում են, որ իրենց որդու անունը չկա ՊԲ-ի պաշտոնապես հայտնած ցուցակում, բայց տեսնում ենք որ «1000+»-ը հայտնել է։ Այսինքն՝ «1000+»-ի տվյալներից օգտվում են որոշ մասնագետներ, փոքր խմբեր, հետևողական քաղաքացիներ։ Սակայն 2450 պաշտոնական աղբյուրների հայտնած տվյալներով ունենք»,- մանրամասնեց վերլուծաբանը։

Սարոյանն ասաց, որ պրոբլեմատիկ են Արցախի զոհերի տվյալները։ «Մեզ հայտնի է լինում տարբեր աղբուրներից, բայց իրենց զոհվելու մասին այլ հիշատակումներ չեն լինում։ Մենք դժվարությամբ ենք իրենցից հարազատներ գտնում, որպեսզի մեկ անգամ էլ հաստատենք, որպեսզի հանկարծ սխալ չլինի։ Այսինքն՝ եթե բնակության կոնկրետ հասցե է լինում, շատ բարդ է լինում Արցախից զոհվածներին նույնականացնել։ Այսինքն՝ ունենում ենք անուն և վերջ, իրենց զոհվելու մասին հավելյալ որևէ բան չունենք։ Լինում են մարդիկ, որոնք Պաշտպանության բանակի հրապարակած ցանկում՝ «հայրենիքի համար նահատակված զինծառայողներ կամ կամավորականներ, պահեստազորայիններ», պարզվում է, որ իրենք զոհվել են, օրինակ, նոյեմբերի 27-ին։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչ հանգամանքներում են զոհվել՝ համարվո՞ւմ են պատերազմի կորուստներ, թե ոչ»,- ընգծեց նա։  

«ՌազմԻնֆո» կայքի վերլուծաբանը շեշտեց, որ սա ահռելի աշխատանք է պահանջում՝ մոտավորապես 3․200 անվան հետ աշխատելը։ «Ազնիվ չեմ լինի, եթե փորձեմ հաշիվ տալ ԻՔՍ թվից, դրա համար ձեռնպահ կմնամ։ Մեզ օրական տասնյակ անուններ են հայտնի դառնում, տարբեր աղբյուրներից մեզ գրում են։ Իհարկե, որոշները համընկնում են այլ անունների հետ, բայց այն, որ հոսքը չի դադարում, ես դա կարող եմ փաստել։ Իսկ թե որ թվի վրա է կարող կանգ առնել, այս պահին չեմ կարող ասել։ Մի քանի զինծառայողի զոհվելու մասին, օրինակ, իմանում ենք Արցախի նախագահի կամ նրա խոսնակի՝ Վահրամ Պողոսյանի գրառումներից, որոնցում հայտնված անունները չկան ՊԲ-ի ցուցակներում, դրանք էլ ենք հաշվի առնում։ Լինում է երբեմն, որ «Զինուժն» է այցելում ընտանիքներ, ռեպորտաժներ է պատրաստում։ Սա էլ ենք համարում հայտնած, քանի որ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդաշարն է։ Սակայն կրկին խնդիրն այն է, որ «Զինուժ» շատ քիչ մարդ է նայում և մարդիկ, նույնիսկ զոհվածների ընտանիքները, որպես ելակետային ընդունում են Պաշտպանության բանակում հրապարակվող ցանկը, որն ասում է․ «Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները»։ Եթե այդտեղ չկա, մարդիկ մտածում են, որ հայտնած չէ, այդպիսի «օբյեկտիվ» տպավորություն է ստեղծվում»,- հավելեց լրագրողը։      

Հարցին՝ «վերջին նոր տվյալը ե՞րբ է եղել», պատասխանեց, որ այսօր․ «7 նոր զոհվածի անուն, որի մի մասը հավելյալ ստուգում ենք։ Մենք միայն անուններ չենք դնում։ Ինչ-որ տեղեկություններ ենք հավաքում՝ որտեղ է զոհվել և ինչպես»։

Այսօրվա տվյալներից վերլուծաբանը տրամադրեց հետևյալը՝ Սեյրան Ավետյան Կարենի - ծնվել է 1992-ին, ժամկետային զինծառայող, զոհվել է հյուսիսային ուղղությամբ,
Սայաթ-Նովա Բարսեղյան Վահանի - ծնվել է Աշտարակում, զոհվել է Հադրութում
Ալեքսանդր Կարապետյան Աշոտի - ծնվել է 2002-ին, զոհվել է Հադրութում, Գեղամ Գուշունց Սարմենի - զոհվել է Ջաբրայիլում, Ալեք Ղուկասյան Լիպարիտի - Թորոս գյուղից։

«Մեզ համար աղբյուրներ են համարվում նաև ԶԼՄ-ների աղբյուրները, անձնական աղբյուրները, սոցցանցերում հրապարակումները, իրենց հարազատների հրապարակումները։ Մեզ գրում են, մենք հայտարարել էինք, որ հավաքագրում ենք զոհերի անունները, որպեսզի ոչ ոք չմոռացվի, «ՌազմԻնֆո»-ի ֆեյսբուքյան էջին են գրում»,- եզրափակեց Նազենիկ Սարոյանը։ 

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» հասարական կազմակերպության համահիմնադիր, Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերեվարված անձանց շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ իրավական տեսանկյունից արդյո՞ք ճիշտ է, որ իշխանությունները տվյալներ չեն տրամադրում զոհվածների կոնկրետ թվերի հետ կապված։

«Իրավական տեսանկյունից որևէ հիմնավորում, նաև տրամաբանություն չունի զոհված զինծառայողների թիվը գաղտնի պահելը։ Մենք նաև գիտենք, որ ընթացող պատերազմի շրջանակներում պաշտոնապես ամեն օր հրապարակումներ են եղել։ Այդ ընթացքում թվերի հրապարակումը կարող էր ռազմական տեղեկատվության առումով առավելութուններ ստեղծել հակառակորդի համար, բայց անգամ այդ ռիսկերի դեպքում պետությունը դա հրապարակայնացրել է։ Ինչ վերաբերում է ավարտված պատերազմին, երբ նաև հասկանալի է, որ հայկական կողմը ստորացուցիչ պարտություն է արձանագրել և այլևս ռազմական գաղտնիքի տրամաբանությունը ձևախեղված է, ի՞նչ շահեր պաշտպանելու նպատակով են այդ տվյալները գաղտնի պահվում»,- նշեց իրավաբանը։

Նրա խոսքերով՝ մահերն արդեն հայտնի են դառնում ընտանիքի անդամներին, հարազատներին, դրանց առնչությամբ տեղի են ունենում արարողություններ, սոցիալական ցանցերում լայն տեղեկատվություն կա։ «Եվ ստացվում է, որ բոլոր դեպքերում այն հանրային իմացության տիրույթում է։ Ինչ վերաբերվում է արդեն միավորված, խմբավորված, հավաքագրված տեղեկատվությունը գաղտնի պահելուն, օրենքն արգելում է նման ռեժիմ կիրառել, եթե հիմք հանդիսացող տեղեկատվությունն արդեն հանրային իմացության տիրույթում է»,- ընդգծեց Սահակյանը՝ վստահեցնելով, որ այստեղ իրավական խնդիր կա, և ով հետևողական կլինի, կարող է դատական կարգով պահանջել ու ստանալ այդ տեղեկատվությունը։ 

Անդրադառնալով գերեվարվածների և անհետ կորածների վերաբերյալ թվերին՝ փաստաբանն ասաց․ «Մեր ունեցած տեղեկատվությամբ անհետ կորածների թիվը 4 հարյուրը մի փոքր գերազանցում է։ Իսկ ինչ վերաբերվում է գերեվարվածներին, անհերքելի ապացույցներով դեպքերը շուրջ 2 հարյուրն են, եթե ենթադրյալ, կասկածելի գործերն էլ ներառենք, ապա այդ թիվը կարող է մոտենալ 300-ի»։