Դա բացառիկ երևույթ չէ` նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տալ նաև Ռուսաստանի դեսպանը

Դա բացառիկ երևույթ չէ` նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տալ նաև Ռուսաստանի դեսպանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է «օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և այն վերահաստատեց 2021 թվականի ընտրություններով»։ Այս արտահայտությունը համացանցում աղմուկ է առաջացրել: Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ։
  
-Այնպես չի, որ այսպիսի հայտարարություններ գերտերություններն իրենց թույլ չեն տվել մինչև հիմա, սա նորություն չի։ Նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տան նաև Ռուսաստանի դեսպանը։ Եվ ընդհանրապես բոլոր դեսպանատներն էլ, երբ ինչ-որ հայտարարություններ են տարածում, այսպիսի ձևակերպումներ ունենում են։ Ես չեմ գտնում, որ այս հայտարարությունը բացառիկ երևույթ է, և այստեղ երկակի ստանդարտներ ինչ-որ մի կողմն է միայն օգտագործում։

- Ակնհայտ է Միացյալ Նահանգների դեսպանը բացահայտորեն սատարում է ներկայիս իշխանություններին։ Կարող ենք փաստել կամ ենթադրել, որ հենց Միացյալ Նահանգներն են Փաշինյանին բերել իշխանության և հիմա էլ սկսել են աջակցող հայտարարություններով  հանդես գալ, որ այս պայքարը մարի։

- Նման կարգի եզրահանգում կատարելու համար փաստեր են պետք։ Ընդամենը ամերիկյան կողմը շահագրգռություններ ունի` ուրիշ ոչինչ։  Նկատի ունեմ` ինքնին կարող է շատ բան եղած լինի, բայց դրա մասին պետք է կոնկրետ փաստերով դատենք, ես այս պահին նման փաստեր չունեմ և չեմ կարող պնդել։

- Շատ լավ, ուրեմն ինչպե՞ս հասկանալ, որ վերջերս ԱՄՆ դեսպանի մեքենան ԱԺ-ի խորհրդարանի շենքի տարածքում էր հայտնվել, երբ այդ պահին Նիկոլ Փաշինյանն էր վարում ԱԺ նիստը, մոտ երեք ամիս առաջ էլ հանդիպումներ էր ունեցել բանկերի կառավարիչների հետ, որոնց հորդորել էր զերծ մնալ Ռուսաստանի քաղաքացիներին օգնելուց։ Որքանով են իրավաչափ դեսպանի նմանատիպ գործողությունները։

- Դեսպանը քաղաքական հարաբերություններ կառուցող կողմ է տվյալ երկրում և քաղաքական բոլոր ինստիտուտների հետ էլ անընդհատ շփման դաշտում պետք է լինի, դա իրավաչափ է հենց։ Ի՞նչ է՝ քաղաքական հարաբերություններ կառուցելիս՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հետ չպիտի հարաբերվի։  Պարզապես այսօր ամերիկյան կողմի ակտիվությունը շատ ավելին է, քան եղել է նախորդ տարիներին և դա որոշակի միտումի արտահայտությունն է։ Այն արտահայտությունը, որ ամերիկյան քաղաքականությունը Հայաստանում շատ ավելի ակտիվ է հիմա և որոշակի գործնական քայլեր է իրականացում։

- Այս օրերին մայրաքաղաքում տարբեր ուժային կառույցների կողմից բռնի ուժեր են կիրառվում անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնողների նկատմամբ, ինչու ժողովրդավարություն քարոզող դեսպանը որևէ դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս։

- Իրականում, իհարկե, եղել են որոշակի սահմանազանցումներ իրավապահ մարմինների կողմից, և որոնք կարելի է մեկնաբանել նաև քաղաքական հետապնդում, բայց երևի լրատվամիջոցները պետք է ավելի ակտիվ լինեն պարզաբանում ստանալու համար։ Այստեղ արդեն երկակի ստանդարտներ օգտագործելու երևույթ է։ Բայց ընդհանուր առմամբ, բնականաբար, հասկանում ենք, որ բոլոր երկրները փորձում են իրենց շահերի տիրույթում և եթե շատ շահագրգռված լինեն, բնականաբար առանձին մանր դեպքերի վրա էլ կկենտրոնանային, այս դեպքում չեն կենտրոնանում։

- Հայաստանն ինչու՞ որևէ դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ ԱՄՆ-ի դեսպանի Բաքու այցի կապակցությամբ։

- Որովհետև այնպես չի, որ դեսպանն ինքն իրենով էր գնացել այդ քայլին։ Այդտեղ հավաքվել էինն ամերիկյան տարբեր գերատեսչությունների, այդ թվում այլ երկրներում ներկայացված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և  ընդհանուր վայր որպես տեղորոշվել էր Բաքուն իրենց քաղաքականության կոնտեքստում։ Եթե դեսպանատան աշխատողները Հայաստանի շահերին դեմ հայտարարություններ կամ քայլեր անեն, դա ուրիշ։ Դիվանագիտական պրակտիկայում սովորական բան է, երբ որ ինչ-որ տարածաշրջաններում ներկայացված դեսպաններ և դեսպանատան աշխատակիցներ կոնկրետ գործնական պրակտիկ խնդիրներից ելնելով հավաքվում են մեկտեղ իրենց ընթացիկ խնդիրները լուծելու համար։

- Այնուամենայնիվ ինչ գնահատական կտաք ԱՄՆ դեսպանի աշխատանքին և ի՞նչ եք կարծում` արդյոք կա՞ անհրաժեշտություն՝ Միացյան Նահանգները  դեսպանին հետ կանչեն։

- Հարավային Կովկասը որպես ռուսական ազդեցության գոտի վերաֆորմատավորման է ենթարկվում և այդ գործընթացը տեղի է ունենում դանդաղ, երբեմն, իհարկե, ավելի արագացված քայլեր են կատարվում, բայց ընդհանուր առմամբ տարածաշրջանից Ռուսաստանը կամաց-կամաց հեռանում է և դա հետևանքն է ռուս-ուկրաինական պատերազմի և այդ պատերազմում Ռուսաստանի դիրքերի թուլացման։ Ես այդպիսի նախադրյալներ և հիմնավորումներ չեմ տեսնում, որպեսզի նման պահանջներ ներկայացվեն։ Այդ տեսանկյունից ամերիկյան դիվանագիտական կորպուսը շատ զգույշ է միշտ աշխատել ու աշխատում։