Ես արձանագրում եմ, որ ԲՀԿ-ի դեպքում խոսքը գործ չէ

Ես արձանագրում եմ, որ ԲՀԿ-ի դեպքում խոսքը գործ չէ

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանի նախագծը, որով նա առաջարկում էր, որ ԱԺ նախագահին  հնարավորություն ընձեռվի՝ մասնակցելու Ազգային անվտանգության խորհրդի նիստերին, նախօրեի նիստում տապալվեց։

- Տիկին Կարապետյան, ի՞նչ հետեւություններ եք արել՝ 88 հոգանոց մեծամասնություն ունեցող ֆրակցիան ինչո՞ւ չկարողացավ 79 ձայն ապահովել։

- Այդպես էլ է լինում, ճիշտ չէ շեշտադրել, թե «Իմ քայլը» տապալեց նախագիծը։ Առանձնապես չէինք դրել ու հաշվարկներ արել։ Ավելին, նախորդ օրվա քննարկումներից մենք տեսանք միայն դրական կարծիքներ դրա վերաբերյալ։ Իսկ «Իմ քայլի» ներկա պատգամավորներից բոլորը կողմ են եղել, այլ հարց է, որ մի մասը գործուղման էին մեկնել, մյուս մասը՝ խցանումների մեջ մնացել։ Սխալ են շեշտադրումները, որ այս նախագիծը վերաբերում է Արարատ Միրզոյանին։ Ամենեւին՝ ոչ։ Արարատ Միրզոյանն այսպես թե այնպես մասնակցում է ԱԽ նիստերին։

- Երբ հրավիրում է Նիկոլ Փաշինյանը։

- Այո, օրենքը թույլ է տալիս, որ վարչապետի հրավերով ոչ անդամ հանդիսացող մարդիկ մասնակցեն։ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը թիմակիցներ են, բայց գիտակցում են, որ  պառլամենտական երկրում ճիշտ է, որ ԱԽ նիստերին ներկայացված լինի նաեւ Ազգային ժողովի ինստիտուտը։ Այսինքն՝ մենք այսօր խնդիր չունենք, եւ ԱԽ բոլոր նիստերին Արարատ Միրզոյանը մասնակցում է։ Նախագիծը, իրականում, ուղղված է ապագային, որովհետեւ կարող է, չէ՞, լինել մի իրավիճակ, երբ ԱԺ նախագահն ու վարչապետը ներկայացնեն տարբեր քաղաքական ուժեր, այս դեպքում մենք ունե՞նք վստահություն, որ տվյալ քաղաքական ուժը ներկայացնող վարչապետը կհրավիրի ԱԺ նախագահին՝ մասնակցելու այդ նիստերին, թե ոչ։ Իսկ որ պետք է ներկայացված լինի, դա անհերքելի փաստ է։ Ես պնդում եմ, որ իմքայլականների միտումնավոր չմասնակցություն չկար։

- Տիկին Կարապետյան, եթե մի բան ե՛ւ Նիկոլ Փաշինյանն ուզենար, ե՛ւ Արարատ Միրզոյանը, պիտի, չէ՞, համախմբեին թիմը, որ ձախողում չլիներ, ինչպես անում են շատուշատ նախագծերի դեպքում։ Բայց այս պարագայում չեղավ, եւ խոսվում է Փաշինյան-Միրզոյան մրցակցության մասին, եւ որ նախագիծն էլ տապալվեց փաշինյանական պատգամավորների կազմակերպած ծրագրով։

- Դրանք օդից ինչ-որ լուրեր են, որոնք իրականության հետ աղերս չունեն։ Ես կուզեի այլ հարցի վրա ուշադրություն հրավիրել։ Խորհրդարանում բոլորս՝ կապ չունի իշխանություն, թե ընդդիմություն, խոսում ենք, որ սա պառլամենտական երկիր է, եւ պետք է օրենսդրությամբ վերահսկողական եւ այլ մեխանիզմները զարգացնենք եւ այլն։ Հատկապես ԱԺ-ի վերահսկողությունից որեւէ ասպեկտ պիտի դուրս չմնա, քանի որ մենք այլեւս պառլամենտական երկիր ենք։ Բայց մենք տեսանք, չէ՞, իրենց քվեարկությունը։

- Դուք սլաքներն ուղղում եք ընդդիմության կողմը եւ ուզում եք ասել, որ իրենց մեղքով տապալվեց։

- Ես չեմ ասում մեղքով, բայց չպետք է պետական շահերը ստորադասենք անձնական խնդիրներին։

- Այսինքն՝ ԲՀԿ-ն կազմակերպված «վրեժ լուծեց» նախորդ օրն իր դեմ կազմակերպված արշավի համար։

- Ես ուղղակի չեմ ուզում այդ մասին խոսել, բայց մենք տեսանք, որ այդ օրը Միքայել Մելքումյանն իր ելույթում հստակ ասաց, որ կողմ են քվեարկելու նախագծին։ Հետեւաբար, ես արձանագրում եմ, որ ԲՀԿ-ի դեպքում խոսքը գործ չէ։ 

- «Իմ քայլը» կարող էր, չէ՞, միայնակ կյանքի կոչել առաջարկը, եթե լիներ համաձայնություն, ցանկություն, կազմակերպվածություն։

- Հիմա էլ կարող ենք, ես կարող եմ այս նախագիծը նորից օրակարգ բերել։

- Ոչ մի բան չի՞ կարող խանգարել։

- Ես այս պահին խանգարող հանգամանքներ չեմ տեսնում, բայց դեռ որոշում չեմ կայացրել։

- Եթե խնդիրն իսկապես ընդդիմությունն է, ապա տրամաբանությունը հուշում է, որ արագ կարելի է կրկին բերել օրակարգ։

- Ես կարծում եմ՝ ինստիտուցիոնալ պետք է հարցին մոտենալ եւ ընդունել, որ ԱԺ-ն իսկապես պետք է ներկայացված լինի ԱԽ նիստերին։ Պետք է հասկանալ՝ ԱԺ-ն արդյոք ուզո՞ւմ է վերահսկողություն ներկայացնել։

- Կարո՞ղ ենք եզրակացնել՝ մինչեւ ընդդիմության հետ կոնսենսուս չլինի, նախագիծը չի վերադառնա օրակարգ։

- Քննարկման օրը մենք ունեինք այդ կոնսենսուսը, բայց քվեարկության օրը լրիվ ուրիշ պատկեր ունեինք։ Ինձ համար կարեւոր է, որ քաղաքական դաշտը հասկանա պառլամենտի դերը։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ նախագիծը կարող եմ եւ ամեն պահի նորից շրջանառության մեջ դնել։

- Սովորաբար կարեւոր նախագծերի տապալումից հետո վարչապետը հրավիրում, նախատում է պատգամավորներին, եղե՞լ է զրույց։

- Ոչ, չի եղել։