Պատերազմի, հայրենիքի ու զոհերի մեծ ուրացումը

Պատերազմի, հայրենիքի ու զոհերի մեծ ուրացումը

Պատերազմին հաջորդող երկրորդ ձմեռն սկսվեց, իսկ Արցախի զավթված տարածքներում դեռեւս մեր տղաների աճյուններն են որոնում։ Այս իրականությունը որեւէ կերպ չի համատեղվում Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի» մեկնարկի հետ եւ դառը մտածումների տեղիք է տալիս։ 44-օրյա պատերազմը չափից դուրս առանձնահատուկ էր՝ այն արագորեն մոռանալու եւ ուրանալու համար, ինչպես վարվում է այս իշխանությունը։ Մի կողմից՝ մի բուռ նվիրյալ, հայրենանվեր, գաղափարական ռազմիկների պայքարն ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի, մյուս կողմից՝ թշնամու պահանջած ցանկացած զիջմանը պատրաստ հայրենական իշխանություն՝ մտազբաղ բացառապես սեփական անխոցելիությամբ։

Բացի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ զոհերի, անհետ կորածների ընտանիքներին եւ վիրավորներին տրվող պարբերական փոխհատուցումներից, որտե՞ղ եւ ինչպե՞ս է կարեւորվում ու պանծացվում 44-օրյա պատերազմի մասնակից զինվորի դերը մեր պետական-հանրային կյանքում։ Ո՞վ է հետպատերազմյան Հայաստանի հերոսը՝ թշնամու հետ միլիոնանոց գործարքների մասին փափագող իշխանական գործարա՞րը, նա՞ է տրամադրություն ստեղծողը խորհրդարանում եւ հանրային խոսույթում։ Ի հաշիվ ո՞ւմ՝ առաջին պատերազմի հաղթանակած զորահրամանատարների ամոթալի վարկաբեկմա՞ն։

Որդեկորույս ընտանիքներն այսօր ցավալիորեն լքված են ու բացի հիմնադրամի օժանդակությունից՝ որեւէ այլ կերպ չեն զգում պետության ներկայությունն իրենց թիկունքում։ Փաշինյանական վարչախմբի պաշտոնական քարոզչությունն անցած մեկ տարում ամեն ինչ արեց տղաների անձնուրաց սխրանքը զրոյացնելու, այն իմաստազրկելու, այդպիսով՝ հայրենահանձնումն արդարացնելու համար։ Սոսկալի է, որ իշխանական ուժին քվե տված հարյուր հազարավոր մեր հայրենակիցները, փաստորեն, զոհերի հիշատակի առջեւ բարոյական պարտքի որեւէ զգացում չունեն։

Մինչդեռ պատերազմի օրերին թիկունքում մնացածներիս կամ փրկվածներիս կյանքը երեսպաշտորեն անարժան էինք համարում, ճակատից ստացած զանգերով էինք ապրում, ամենքից հետաքրքրվում էինք՝ զինվորիցդ ի՞նչ լուր կա, զանգե՞լ է։ Հայտնի ռուսական ասույթի համաձայն՝ պատերազմում՝ ինչպես պատերազմում, եւ, ցավոք, հազարավոր ընտանիքներ այդպես էլ բաղձալի զանգը չստացան, սակայն մի՞թե մեր պատերազմն ավարտվեց, չարիքն էլ արմատախիլ եղավ։ Մեր նահատակների արյան գնով թշնամու հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամ ու ռոմանտիկ այս ժողովո՞ւրդն է արդյոք պատերազմի օրերին զանգից զանգ ապրող ժողովուրդը։

Թշնամին չի փոխվել, այս պատերազմից հետո մեզ համար գործընկեր կամ բարեկամ չի դարձել եւ չի դառնա։ Բայց մենք զարմանալիորեն փոխվեցինք եւ սկսեցինք «կառավարելի թշնամանք» խաղալ՝ ենթադրելով, որ այդկերպ թշնամին ինքը կփոխվի։ Մեր խաղաղասիրությունն ու հանդուրժողականությունը թշնամին «գնահատել է» ե՛ւ 1915-ին, ե՛ւ 1920-ին, ե՛ւ 1988-ին, հիմա էլ կգնահատի։ Ճիշտ հակառակը՝ թշնամուն կանխարգելիչ կամ պաշտպանական հարվածներ հասցնելու դեպքում՝ լինի դա Մեծ եղեռնի ինքնապաշտպանության դրվագներում, թե Արցախյան պատերազմում, հայությունը ոչ միայն փրկվել է, այլեւ ստիպել է թշնամուն երիցս հաշվարկել քայլերը մեզ վրա հարձակվելուց առաջ։

Ոչ վաղ անցյալում ազգովի եւ պետականորեն պնդում էինք, թե մեր թշնամին չարիք է ամբողջ աշխարհի համար, քաղաքակրթական սպառնալիք է ու ահաբեկչության օջախ։ ԱՄՆ-ից մինչեւ Ավստրալիա՝ հայերը ոտքի էին կանգնում՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման համար, փորձում էին համոզել իրենց կառավարություններին ու խորհրդարաններին՝ սանկցիաներ կիրառելու Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Ո՞ւր է այսօր մեր Սփյուռքը։ Ո՞ւր է պետությունը։ Ո՞ւր է թշնամու հանրային ընկալումն ու դատապարտումը։ Եվ ի՞նչ արժեր համազգային այս ուրացումը։

Դավիթ Սարգսյան