Ո՞վ է տեսել՝ մի ազգի 90 տոկոսը դրսում լինի, 10-ը՝ ներսում եւ համահայկական մի բան չստեղծվի

Ո՞վ է տեսել՝ մի ազգի 90 տոկոսը դրսում լինի, 10-ը՝ ներսում եւ համահայկական մի բան չստեղծվի

Հայաստանում տիրող այս օրհասական իրավիճակից դուրս գալու համար հարց ուղղեցինք ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցին՝ Արմեն Զատիկյանին՝ ինչու սփյուռքը չի համախմբվում տարբեր հասարակական կառույցների կամ թեկուզ՝ սփյուռքյան կուսակցությունների, գուցե՝ ՀՅԴ-ի շուրջը, նա պատասխանեց. «Ոչ ոք ոչ մեկի շուրջ չի համախմբվի: Մեկի շուրջ համախմխմբվելը բերեց այս օրին: Պետք է միացյալ բան լինի, որ համախմբվեն: Իսկ եթե մեկի շուրջ է լինում, մի տասը կամ հարյուրը ետ են քաշվում, որովհետեւ մենք այսօր թայֆաների վերածված ժողովուրդ ենք: Ռազմաճակատ գնալիս ո՞վ է կուսակցական տոմսը հետը տանում: Եթե ուզում են Հայաստանին պիտանի լինեն, կուսակցական տոմսը պետք է տան ամենախոր տեղում պահեն, նոր գան համախմբման, որպես հայ մարդ: Եւ՛ սփյուռքում, եւ Հայաստանում հենց կուսակցական տոմսը գրպանում եկավ, ոչ ոք չի մոտենա: Մարդ կա 2-3 հոգով կուակցություն կամ Հ/Կ է բացել, ո՞ւմ շուրջը հավաքվենք: Ընդհակառակը, այդ շուրջերը պետք է վերանան:

90 ականներին շատ կուսակցություններ բացվեցին հատուկ նպատակով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը հռչակեր ժողովրդավարության կղզյակ, որ բոլորին զբաղված պահեին եւ Հայաստանի թալանն իրականացնեին, պոռնոքաղաքականությամբ զբաղվեին, կուսակցություններն էլ իրենց կռիվը տային: Այդ արատավոր սովորույթը մինչ օրս գնում է: Արցախը տվել են, Հայաստանը տալու ճանապարհին են, բայց դեռ թայֆաբազությամբ են զբաղված: Պետք է միացյալ մի ուժ ստեղծվի, այս չարիքին քշենք, Հայաստան-սփյուռք    համահայկական կառավարություն ստեղծենք: Ո՞վ է տեսել, որ մի ազգի 90 տոկոսը դրսում լինի, տասը՝ ներսում եւ համահայկական մի բան չստեղծվի: Պետք է անհատներ գործեն, չապականված, չարատավորված ազգային գործիչներ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, այս ամենը, կատարվածը հիմնավոր հասկացողներ, ովքեր լավ գիտեն, թե այս 35 տարում կատարվածը ինչ էր: Նոր ուժեր, նոր ընդդիմություն: Իհարկե, ժողովուրդը միանագամից չի սիրահարվի այդ նոր մարդկանց, բայց աստիճանաբար կհասկանան: Ժողովուրդը հիմա այնքան շփոթված է, որ չգիտի՝ փողոց դուրս գա ի՞նչ անի: Նա պետք է ճանաչի, որ հասկանա: Սկիզբը դժվար կլինի, ինչպես ձնագնդի պատրաստումը: Հետո գնալով շարժումը կմեծանա: Ամեն ինչ կորած չէ: Դեռ հնարավորություն կա երկիրը փրկելու»: 

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Հրապարակ TV –ի եթերում, շաբաթ օրը: