Պետական մարմինները մի օգտագործեք բարեգործությունը չափելու համար

Պետական մարմինները մի օգտագործեք բարեգործությունը չափելու համար

Ֆեյսբուքյան օգտատերերի հետ Փաշինյանի վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետն անդրադարձ կատարեց որոշ անհատների կողմից այս օրերին իրականացվող բարեգործությանը։ Նա նշեց, որ, իհարկե, այդ ամենը ողջունելի է, սակայն կա մի մեծ «բայց»:

«X մարդը X օգնություն է բաժանել X տեղում, և սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվել։ Ես խնդրեցի մեր մարմիններին` ճշտել, թե կոնկրետ ինչ է բաժանվել և մոտավորապես ինչ գնի»,- պատմեց վարչապետը։ Արդյունքում, իր խոսքերով, պարզվեց, որ մի փաթեթի գինը կազմում է մոտ 3-4 հազար դրամ, բաժանված փաթեթների քանակն էլ՝ մոտ հարյուր։ Հաշվարկի արդյունքում ստանալով մոտ 400.000 դրամ ծախսված գումար, Փաշինյանն առաջարկում է հաշվել, թե որքան գումարի գովազդ է արվել անհատին բոլոր այդ ռեպորտաժներում, և գալիս է այն եզրակացության, որ սա շատ ավելի էժան գովազդ է, քան վճարովի գովազդը, և, ուստի, կարելի է ասել, որ սա ոչ թե բարեգործություն է, այլ ինքնագովազդ։ 

Չենք քննարկում այն հարցը, որ բարեգործությունը չափելն ու կշռելն այնքան էլ սազական չեն պետության ղեկավարին։ Եվ առհասարակ՝ ժողովուրդն ասում է․ նվեր տված ձիու ատամներին չեն նայում, եւ որեւէ մեկը պարտավոր չէ աջակցություն ցուցաբերել անապահով խավին՝ դա պետության պարտականությունն է։ Բայց այս օրերին նման բարեգործական փաթեթներ բաժանում են շատ մարզերում եւ շատ մեծահարուստներ։ 

Օրինակ, Սյունիքի մարզի տարբեր քաղաքների հարյուրավոր ընտանիքներ նախորդ շաբաթվանից սկսած` օգնություն են ստացել՝ սննդի փաթեթների և կոմունալների վճարումների տեսքով, և դա արվել է անանուն՝ ոչ մի ռեպորտաժ, ոչ մի նկար, ոչ մի տող այն մասին, թե ով է բարերարը։ Սյունիքում, սակայն, ճշտել են, որ անանուն օգնությունը տրամադրվում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից, և հենց ինքն է խնդրել համայնքապետարաններին դա կազմակերպել անանուն ( Վահե Ալբերտի Հակոբյան)։ 
Սա կարծես հակասում է վարչապետի «ինքնագովազդի» թեզին, և ինքնին հարց-առաջարկ է ծնվում. պարոն վարչապետ, գուցե ուրիշների արած բարեգործությունները հաշվելու, դրանց պարունակությունն ու արժեքը պարզելու համար պետական մարմինները ծառայեցնելու փոխարեն ավելի լավ է զբաղվեն առավել օգտակա՞ր գործով, ասենք՝ փորձեն դուրս բերել երկիրն այն ճգնաժամից, որն արդեն սկսվել է։ Իհարկե, դա ավելի բարդ է, քան ուրիշի գնած սննդի փաթեթները հաշվելը, բայց, հավատացե՛ք, ժողովուրդն այդ հաշվարկի կարիքը չունի, ինքնուրույն էլ կհաշվի ու կզատի իրական բարեգործությունն էժան գովազդից, դուք դրա վրա մի ծախսեք ձեր թանկագին ժամանակը։

Նարեկ Դաջունց