Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի լրամշակված տարբերակը

Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի լրամշակված տարբերակը

ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակը, որտեղ հստակեցվել են ուսումնական հաստատության կառավարմանն առնչվող մի շարք դրույթներ: Սահմանվել են պետական  ուսումնական  հաստատության տնօրենի եւ վարչատնտեսական  մասի  համակարգողի իրավասությունները եւ պարտականությունները:
Այդպիսով, տնօրենի թափուր պաշտոնում մրցութային կարգով եւ 5 տարի ժամկետով կարող է նշանակվել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձը։

Պաշտոնավարման ընթացքում տնօրենը յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա անցնում է ատեստավորում, որի արդյունքում նա կարող է շարունակել պաշտոնավարումը: Տնօրենի գործառույթներն առնչվում են կրթության բովանդակությանը. դրա մեջ մտնում են դասաբաշխումը, որի հիման վրա կազմվում է տարիֆիկացիան, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքացուցակի կազմումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության եւ վարքի վերահսկողությունը, ուսուցիչների թափուր տեղերի համալրումը, ուսումնական պլանի հաստատումը, դպրոցի զարգացման ծրագրի իրականացումը: 

Վարչատնտեսական մասի համակարգող կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) եւ հանրային կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ՝ վերջին 7 տարվա ընթացքում: Վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ բյուջետային ֆինանսավորման մասին հայտը՝ դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին եւ ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք: Վարչատնտեսական համակարգողը, տնօրենի կողմից տրամադրված դասաբաշխման հիման վրա, կազմում է տարիֆիկացիան եւ ներկայացնում լիազոր մարմնին:

Ըստ տնօրենի ներկայացրած պահանջարկի` նա լիազոր մարմնին է ներկայացնում նաեւ հաստիքացուցակը, ինչպես նաեւ դպրոցի ծախսերի նախահաշիվը: 
Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել եւ խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագծի լրամշակված տարբերակի հանրային քննարկումը կշարունակվի մինչեւ փետրվարի 1-ը: