Ինչպես են աշխատում ատամնաբույժները կորոնավիրուսի պայմաններում

Ինչպես են աշխատում ատամնաբույժները կորոնավիրուսի պայմաններում

Ողջ աշխարhում ատամնաբույժներն ամենաթիրախային խմբում են վարակվածության տեսանկյունից։ «Հրապարակը» փորձել է պարզել, թե կորոնավիրուսի առկայության պայմաններում ինչպես են աշխատում ատամնաբույժները և արդյո՞ք աշխատում են։ Ինչպես պարզվեց հարցումներից՝ ատամնաբուժարանների հիմնական մասը կիսափակ է, աշխատում են միայն ցավեր ունենալու կամ անհետաձգելի դեպքերում։

««Ալֆալաբ» ատամնաբուժարանի տնօրեն Հրաչ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Աշխատում ենք, բայց ընդունում ենք միայն ցավեր ունեցող պացիենտներին»։

«Իմպլանտում» ատամնաբուժական կլինիկայից էլ հայտնեցին, որ աշխատում են միայն ընթացիկ գործերով, որոնք սկսել են ու չեն ավարտվել. «Դրանք ենք ավարտում ու, ըստ երևույթին, էսօր կամ վաղը վերջացնելու ենք»,-ասաց ընդունարանի աշխատակցուհին։

«Մարոստոմ»-ի տնօրեն Մարո Մելիքյանն էլ ասաց․ «Չէ, չենք աշխատում, կիսատ, ովքեր որ․․․ օրինակ, մեկը ես` տանն եմ։ Միայն անհետաձգելի բուժօգնության դեպքում կարող ենք գնալ սեփական մեքենայով և վերադառնանք, բայց դեռ չի եղել»։

Ի դեպ, Մարո Մելիքյանը հետևում է միջազգային լրահոսին և կրկին համոզվում, որ «առաջին թիրախայինը» ատամնաբույժներն են։ «Եվ մեր առողջության, մեր ընտանիքների համար, ամեն դեպքում, վախենում ենք։ Ատամնաբույժներն ամբողջ աշխարհում ամենաբարձր թիրախային կետում են, իմ եղբորս կինը Կանադայում է, այնտեղ էլ է փակ, չեն աշխատում։ Դուք պատկերացրեք, թե որքան է մեծ ռիսկը, երբ էդ բռիզգը, որը ատամը տաշելիս կամ․․․ ամբողջը մեր վրա է ցայտում»։ Ի վերջո, մարդիկ աշխատում են հիվանդի հետ, որքան էլ կրեն պաշտպանական դիմակներ, ակնոց, ձեռնոցներ ու գլխարկ։

Ռուսաստանում  հայտարարել են, թե մեկանգամյա գործիքները և մյուսների ջերմային մշակումը մի կողմ, բայց շատ կարևոր է նաև  բացառել արյան, թքի և այլ կենսաբանական հեղուկների հետ շփումը։