Խորհրդարանական ընդդիմությունը վայելեց իր եփած քաղաքական «բորշչը»

Խորհրդարանական ընդդիմությունը վայելեց իր եփած քաղաքական «բորշչը»

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքն ու արդյունքները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Փաշինյանի իշխանության «լծի տակ» սխալ էր գնալ ընտրությունների: Ինչպես նախկին բոլոր իշխանությունները, սա էլ կիրառեց վարչական ռեսուրսը, դիմեց ռեպրեսիաների, դեռ մի բան էլ ավելի՝ ատելության ու անհանդուրժողականության քարոզով շարունակեց թունավորել ու պառակտել հասարակությանը: Տարբեր քաղաքական վերլուծաբաններ, ուժեր, գործիչներ կտրականապես դեմ էին այս ընտրությանը՝ լավ իմանալով, որ Փաշինյանը, մնալով իշխանության ղեկին, իր համար կենաց ու մահու այս ընտրապայքարում ամեն ինչ անելու է իշխանությունը չկորցնելու համար:

Բացի այդ, այս ընտրության արդյունքները նրա համար կարեւոր էին. դրանցով ինքը «լեգիտիմացրեց» նոյեմբերի 9-ի իր ստորագրությունը, փորձեց ձերբազատվել դավաճանի ու կապիտուլյանտի պիտակներից: Ընդդիմադիր հիմնական ուժերը ռադիկալ էին տրամադրված եւ կողմնակից էին փողոցից եկածին փողոցով հեռացնելու տարբերակին: Եվ, թերեւս, ամենաճիշտ լուծումը դա կլիներ, քանի որ Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել, փոխվել է միայն ճնշմամբ, պահանջով: 

Հայրենիքի փրկության շարժումը նույնպես տրամադրված էր փողոցային պայքարի միջոցով Փաշինյանի հեռացմանը: Բայց այդ շարժման «մեջքը» կոտրեցին խորհրդարանում ներկայացված ընդդիմադիրները։ ԲՀԿ-ն, օրինակ, շարժման վերջին շրջանում դադարեց մասնակցել հանրահավաքներին, եւ այնտեղ չէր նաեւ նրա հիմնական էլեկտորատը: Սկսեցին լուրեր շրջանառվել, որ Ծառուկյանը Փաշինյանի հետ արդեն կուլիսային պայմանավորվածությունների մեջ է մտել: Հետո Ծառուկյանը հայտարարեց՝ ԲՀԿ-ն համաձայն է, որ կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դե, ԼՀԿ-ի հարցը վաղուց պարզ էր, որ Մարուքյանը կաներ այնպես, ինչպես կցանկանար Փաշինյանը: Փաստորեն, խորհրդարանական ընդդիմություն կոչված ուժերը նպաստեցին այս խեղկատակ ընտրությունների կայացմանը՝ իրենց կանխատեսելի արդյունքներով: 

Թե ինչի դիմաց խորհրդարանական ընդդիմությունը գնաց այդ քայլին, կարող է լինել մի քանի տարբերակ. կա՛մ Փաշինյանը նրանց խոստացել էր մի քանի մանդատ, ինչի դիմաց իրենք կշարունակեին այս խորհրդարանում էլ ընդդիմություն աշխատել, սակայն Փաշինյանը, սովորության համաձայն, ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին «գցեց»: Կա՛մ՝ կան պայմանավորվածություններ, որոնք կիրականանան հետո. ասենք՝ Մարուքյանը կդառնա Վանաձորի քաղաքապետ: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նրա եղբայրն էր առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, սակայն պարտվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին: Բայց քանի որ հիմա բոլոր ՀՀԿ-ական համայնքապետերն իշխանության «մուրճի» տակ են հայտնվելու, ապա Փաշինյանը կօգնի, որ ՀՀԿ-ական Ասլանյանին փոխարինի «լուսավոր» Մարուքյանը: Սրանով Փաշինյանն իր ամուր զինակիցը կունենա Վանաձորում, ով փոխադարձաբար իրեն կօգնի մոտալուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այսպիսով՝ Մարուքյանի սիրտը Փաշինյանը կշահի:

Երեկ էլ նա հրավիրել էր Մարուքյանին եւ պաշտոնական հանդիպման ժամանակ իր ափսոսանքը հայտնեց, որ ԼՀԿ-ն այլեւս չի լինելու խորհրդարանում: Իհարկե, կափսոսա. Մարուքյանի նման խորհրդարանական ընդդիմադիրը պարզապես նվեր է ցանկացած իշխանության համար:  
 Իսկ թե ինչպես Փաշինյանը կշահի Ծառուկյանի սիրտը կամ՝ կշահի, թե ոչ, դեռ պարզ չէ: Պարզ է, որ ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ, ծանր ժամանակներ է ապրում, կանգնած է քաղաքական ասպարեզից հեռանալու վտանգի առաջ: Ծառուկյանն անգամ Կոտայքի մարզում, որը համարվել է իր «թագավորության» տիրույթը, զգալիորեն ետ է. այնտեղ զբաղեցրել է երրորդ տեղը: Սա նշանակում է, որ այս ուժն այլեւս կարող է դուրս մնալ քաղաքական հետագա բոլոր գործընթացներից: Իսկ եթե սրան էլ հավելենք, որ ընտրություններից առաջ կուսակցությունից դուրս եկան կուսակցության ծանր հրետանիները՝ Նաիրա Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը, ապա կուսակցության կարգավիճակն ավելի տեսանելի է դառնում: 

Անկախ այն բանից՝ Մարուքյանը կդառնա Վանաձորի քաղաքապետ, թե ոչ, ԲՀԿ-ից որեւէ մեկը պաշտոնի կնշանակվի, թե ոչ, այս երկու կուսակցությունները լուրջ նահանջ ապրեցին: Երկրի վարչապետ դառնալու ախորժակ ունեցող Մարուքյանը վերջապես հասկացավ, թե առանց նախկին կամ ներկա իշխանության «դաբրոյի» որքան է իր իրական վարկանիշը: Սա հասարակության պատասխանն էր խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ ժողովրդի եւ իսկական ընդդիմության թիկունքում քաղաքական խաղեր տալու, գաղտնի պայմանավորվածությունների մեջ մտնելու եւ երկրի պետական շահն անձնական շահերին ստորադասելու համար:

Թեեւ սա ունի նաեւ իր դրական կողմը՝ վերջապես խորհրդարանում բոլոր իշխանությունների գրպանային ընդդիմության փոխարեն կլինի իսկական ընդդիմություն, որը երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելիս, հավանաբար, չի առաջնորդվի գործարարի հոգեբանությամբ եւ նեղ անձնական շահերով: