Թո՞ւյլ ղեկավար

Թո՞ւյլ  ղեկավար

Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, ըստ politik.am տեղեկատվական կայքի, վստահություն է հայտնել, որ Փաշինյան Նիկոլը ցանկանում է ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի հետ, բանակցել Սակայն Հայաստանի քաղաքական ընդդիմությունը խնդիրներ է ստեղծում նրա համար: Փաշինյանը խոսք է տվել խաղաղության պայմանագրի առումով, և այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե որքան թույլ է նա: Ըստ Բրայզայի, խնդիր է ստեղծում նույնիսկ Նիկոլի թիմի անդամ, ԱԽՔ Գրիգորյան Արմենը: Վերջինս հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով երթևեկությունը կազմակերպելու ադրբեջանական պահանջը լեգիտիմ չէ: (Քանի որ առկա չէ դա իրականացնելու համաձայնեցված նախագիծը՝ Վ.Ս.): Դա նյարդայնացնում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև եթե երկրի ղեկավարը խոսք է տալիս, նա պետք է կատարի դրանք: Եվ եթե Փաշինյանն ի վիճակի չէ կատարել տրված խոսքը, ապա դա մեծ խնդիր է: Բրայզայի մտքերի ներակայցումն ավարտելով՝ ասեմ, որ Նիկոլն իսկապես թույլ է: Բայց ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է ուժեղ և կամ թիմի անդամներն են նրան հարվածում մեջքից, այլ որովհետև նա երկրի կառավարումն ու պատերազմը տապալած ղեկավար է: Իսկ այդպիսի ղեկավարը տեսականորեն անգամ չի կարող լինել ուժեղ: Այնպես, որ Նիկոլի թույլ լինելու իրական պատճառը Մեթյու Բրայզան չի գիտակցել:

Չգիտեմ, Բրայզայի մակարդակի դիվանագետը միայնակ է իր չիմացության մեջ, թե արևմտյան այլ գործիչներ ևս նույն վիճակում են: Համենայն դեպս, Նիկոլը ոչ թե թույլ է, այլ խաղում է թույլ ղեկավարի դեր: Ընդդիմությունն իսկապես փորձում է խանգարել Նիկոլին Արցախն ամբողջությամբ հանձնելու հարցում: Սակայն դա Նիկոլին չի խանգարում որոշ ժամանակ սպասելուն, իսկ այնուհետև ծրագրած այս կամ այն կետը կատարելուն: Ինչ մնում է իր թիմի անդամ Գրիգորյան Արմենին (կամ նույն մակարդակի մեկ ուրիշին), ապա դրանցից ոչ մեկը չի ասում որևէ խոսք, որ նախապես համաձայնեցված չլինի Նիկոլի հետ: Նիկոլի թույլ լինելու առասպելն ընդամենը գեղցիական «շուստրիության» դրսևորում է, որով փորձում է խուսանավել այս կամ այն խնդրի առումով կամ խաղացողների միջև՝ արդյունքում պահպանելով իշխանությունը: Դրա համար էլ, բնականաբար, փորձում է հնարավորինս հետաձգել թշնամու հետ ունեցած բանավոր պայմանավորվածությունների կատարումը: Բայց նյարդայնացած Իլհամն էլ այլևս չի համբերում ու կրակելու հրաման է արձակում: Արդյունքում Արցախի կամ Հայաստանի քաղաքացիներ են զոհվում, ընտանիքներ են դժբախտանում: Ու Նիկոլը ստիպված կյանքի է կոչում պայմանավորվածությունները՝ հանձնելով հերթական տարածքը:

Խնդրի մյուս կողմն էլ այսպես կոչված միջազգային հանրությունն է: Որն իրեն հայտնի կենդանու տեղ դրած՝ ցույց է տալիս, թե իբր հավատում է նիկոլական խաղաղասիրությանը: Որ իբր Նիկոլն այդ դիրքորոշումն է որդեգրել գաղափարական նկատառումներից ելնելով: Իրականում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի յուրաքանչյուր քայլ խարսխված է իշխանություն պահպանելու գաղափարի վրա: Թեև իշխանություն պահպանելու անսասան ձգտումը ևս գաղափարախության տեսակ է՝ ընդամենը զերծ ամեն տեսակ «իզմերից»՝ ինչպես սիրում էր կրկնել «ժողովրդի փրկիչը» 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Բայց քանի որ Նիկոլի իրական ձգտումները համապատասխանում են Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերին, Արևմուտքը ձև է անում, թե հավատում և վստահում է Փաշինյան Նիկոլին: Արդյունքում շահում է թուրքը, շահում է Արևմուտքը, շահում է նաև Նիկոլը, բայց կորցնում է Հայաստանը: