«Հրապարակ». Հայաստանի օդային տարածքը проходной двор է դարձել

«Հրապարակ». Հայաստանի օդային տարածքը проходной двор է դարձել

Արարատի մարզի Արմաշ բնակավայրի բնակիչներն ահազանգել էին «Հրապարակի» խմբագրություն, ասում էին, որ իրենց երկնքում դրոն են տեսել, որը Թուրքիայի կողմից հատել է սահմանը, մի քանի պտույտ է արել Հայաստանի տարածքում, ապա ինչ-որ ժամանակ անց հեռացել: Մենք փորձեցինք ավելի մանրամասն իմանալ, թե ինչ է կատարվել: Զինծառայողների շրջանում մեր աղբյուրը, որի անունը չենք հրապարակում, մեզ հայտնեց, որ իրենց ռադարների վրա էլ է այս դրոնն արձանագրվել, դրան իրենք «բայրաքթար» են ասում, պտտվել է, նկարահանել մեր դիրքերը, իրենք զեկուցել են ՊՆ ղեկավարությանը` խնդրելով թույլ տալ այն ոչնչացել, սակայն դա իրենց արգելվել է: Զինվորականը մտավախություն հայտնեց, որ սահմանախախտ նկարահանող սարքը մեր ՀՕՊ համակարգերի տեղն է ֆիքսել եւ հետ գնացել:

Միայն Արմաշի բնակիչները չէ, որ անհայտ դրոններ են տեսնում իրենց երկնքում: Սյունիքի մարզում ծառայություն իրականացնող դիրքապահներն էլ են պարբերաբար նման հետախուզական դրոններ տեսնում: Մեզ հետ զրույցում Սյունիքի մարզում մարտական հերթապահություն անցկացնող մեր աղբյուրն ասաց, որ երկու օրը մեկ նման դրոն են տեսնում երկնքում:

«Ամենաուշը երկու օրը մեկ դրոն ենք տեսնում, երբեմն կարող ենք ամեն օր տեսնել՝ հետախուզական նպատակներով են արձակվում այդ դրոնները: Վերջերս չափազանց հաճախ ենք տեսնում ու ոչ միայն ադրբեջանական դրոններ։ Թուրքիան էլ է դրոններ ուղարկում՝ ՀՀ տարածքն ուսումնասիրելու համար»,- ասաց տարեց դիրքապահը: Նա շեշտեց, որ վերջերս իրենց տեսած դրոնը տարբերվել է նախկինում տեսած դրոններից, նման դրոն իրենք չեն տեսել պատերազմական գործողությունների ժամանակ: «Թե՛ դրոնի ձայնը, թե՛ ձեւը նոր էր, արդեն ձայնից, բարձրությունից, մոդելից հասկանում ենք, թե ինչ դրոն է, բայց այս մեկը լրիվ նորություն էր»,- ասաց մեր աղբյուրը:

Բնականաբար, կապ հաստատեցինք պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հետ` մեկնաբանություն ստանալու, թե որ երկրի դրոններն են խախտում ՀՀ սահմանը, եւ այդ դեպքում ինչու դրանք չեն ոչնչացվում: Բնականաբար, մեզ հերքեցին․ «ՀՀ պետական սահմանի օդային հատումներ ԱԹՍ-ների կողմից չեն արձանագրվել»: Հիշեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանի ստերն ու հասկացանք, որ ճշմարտությունն իմանալու համար ՊՆ դիմելն ուղղակի անիմաստ է:

Պարզ է, որ նման ինֆորմացիան այս իշխանությունը թաքցնում է, որպեսզի առաջ մղի իր «խաղաղության օրակարգը», եւ հանրության շրջանում խուճապ չառաջանա, թե` խաղաղությունից եք խոսում, իսկ մեր հակառակորդները տեղեկատվություն են հավաքում, պատրաստություն են տեսնում, դրոնները չեն ոչնչացվում, որ «չգրգռեն» թուրքերին ու ադրբեջանցիներին: Իսկ մեր գլխին կախված վտանգների մասին էլ այս իշխանությունը խոսում է միայն այն ժամանակ, երբ հարկավոր է նոր տարածքներ հանձնել եւ նոր զիջումների գնալ հարեւան ագրեսորներին, ինչպես արեցին Կիրանցից տարածքներ տալու ժամանակ: Իհարկե, առողջ դատողությամբ եւ ինքնապահպանման փոքր-ինչ բնազդ ունեցող ցանկացած մարդ կմտածի, որ տեղեկատվությունը թաքցնելը նույնքան վնասակար է, որքան հանրությանը կեղծ վախեր ներշնչելը: Նաեւ կմտածի, որ մի քանի դատարկ` հետախուզական դրոններ խփելը կարող էր մի քիչ զգաստացնել մեր թշնամիներին, բայց դա ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Դա արժանապատվություն ունեցող իշխանության մասին է, որն ազնիվ է իր հասարակության հետ, որը սիրում է իր հայրենիքը եւ այնքան խելացի է, որ կարող է ճիշտ կողմնորոշվել եւ իր պետության համար ճիշտ որոշումներ կայացնել եւ ոչ թե միայն իր աթոռը պահելու մասին մտածել:

Բայց հակահայկական «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթն Արեւմտյան Հայաստանի հետ հավասարեցնող Փաշինյանը, իհարկե, նման իշխանությունների թվին չի պատկանում: Նա Հայաստանը проходной двор դարձրեց, իսկ մեր հազարամյա երազանքները հողին հավասարեցրեց: