Ի՞նչ են պահանջում նախագահ Արմեն Սարգսյանից

Ի՞նչ են պահանջում նախագահ Արմեն Սարգսյանից

Եթե ՀՀ նախագահը չդիմի ՍԴ, Գլխավոր շտաբի պետն էլ ասի՝ ես չեմ ընդունում այդ հրամանագիրը, դա բերելու է բախումների։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը,որը ևս քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ մասնակցում էր զինվորականների ակցիային՝ ի աջակցություն հայոց բանակի և Օնիկ Գասպարյանի։

«Մենք չենք ուզում բախումներ լինեն, բայց կարծես թե այս պաշտոնատար անձինք դրդում են դրան: Բարեկամ, ասել ես, որ կա Սահմանադրության խնդիր, ինչու ես հիմա խուսափում: Նա պետք է դիմի ՍԴ վարչապետի առաջարկությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով։Օրենսդրությունն ասում է, որ եթե վարչապետը առաջարկությամբ դիմում է նախագահին, վերջինս կարող է եռօրյա ժամկետում այն առարկություններով վերադարձնել վարչապետին. Վարչապետը ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-օրյա ժամկետ ունի առարկությունները չընդունելու համար: Օրենքն ասում է, այդ 5 օրը լրանալուց հետո երեք օրում ՀՀ նախագահը կարող է դիմել ՍԴ։ Եռօրյա ժամկետը լրանում է մարտի 7-ին։ Քանի որ 7-ը ոչ աշխատանքային օր է, օրենքն ասում է, որ վերջին օր է համարվում ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը. «Քանի որ մարտի 8-ն էլ է ոչ աշխատանքային, հետեւաբար հաջորդ աշխատանքային օրը մարտի 9-ն է եւ մինչեւ այդ օրը նախագահը կարող է դիմել ՍԴ: Մենք ասում ենք՝ հարգելի ՀՀ նախագահ, ինչու եք այս 2 սահմանադրական մարմինների վեճն ասում՝ գնացեք երկուսով լուծեք: Բա ՍԴ-ից ավելի լավ հարթակ կա՞: Հիմա ամեն ինչ արվում է, որ նախագահը չդիմի ՍԴ: ՀՀ նախագահը շատ հարցերում է լռում եւ հիմա էլ այս կարեւոր ժամանակահատվածում փորձում է անգործություն դրսեւորել»,- ասաց նա։