Սկանդալային թեմայի հետքով․ Հայաստանում է եղել Թայվանի էկոնոմիկայի նախարարը

Սկանդալային թեմայի հետքով․ Հայաստանում է եղել Թայվանի էկոնոմիկայի նախարարը

Նախօրեին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ ունենա ԱՄՆ-ին գրեթե հավասար Չինաստանի հետ, եւ հայտարարել․ «Ի՞նչ էր անում թայվանցի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում, եւ ինչի՞ էիք գաղտնի հանդիպումներ անում նրա հետ։ Եվ ես գիտեմ, որ զայրույթը համակել է չինական իշխանություններին»։ Մենք նախօրեին հետաքրքրվել էինք Տիգրան Ավինյանի գրասենյակից եւ զրուցել Վլադիմիր Կարապետյանի հետ։

Բոլորը հերքել էին Թայվանից պատվիրակության այցը եւ իշխանությունների հետ շփումը, անգամ չէին ասում, թե ովքեր են ժամանել, ինչ հարցով եւ ում են հանդիպել։ Երեկ տեղեկացանք, որ խոսքը Թայվանի էկոնոմիկայի նախարար Յոնգ Չին Շենի մասին է, ով Հայաստան է ժամանել մասնավոր այցով եւ վերադառնալով իր երկիր՝ թվիթերյան իր էջում գրել է այդ այցի մասին, ինչից էլ զայրացել են չինացիները։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս այցի մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չեն եղել՝ իմացել են միայն նրա գրառումից՝ հետին թվով։ Եվ այժմ քննարկում են, թե ինչպես անել, որ նման այցերի մասին վաղօրոք տեղեկանան եւ քայլեր ձեռնարկեն, որ չինացիների պատմությունը չկրկնվի։

Հիշեցնենք, որ Թայվանը մասամբ ճանաչված պետություն է, որը նախկինում եղել է Չինաստանի կազմում, բայց անջատվել է Չինաստանից, երբ այն դարձել է սոցիալիստական։ Բնական է, որ Թայվանի հետ Չինաստանն ունի բարդ հարաբերություններ, եւ սա այս գերատեսչության ամենազգայուն խնդիրներից է։