Ո՞վ ծնկի կիջնի ու կհամբուրի Նիկոլ Փաշինյանի ոտքերը

Ո՞վ ծնկի կիջնի ու կհամբուրի Նիկոլ Փաշինյանի ոտքերը

Լուսանկարում այն պահն է, երբ 82-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկը Սուրբ Մարֆայի տանը հանդիպում է Հարավային Սուդանի ղեկավարների հետ, ծնկի իջնում եւ համբուրում նրանց ոտքերը: Նա մոտենում է մյուս քաղաքական գործչին, կրկին ծնկի իջնում ու շուրթերով հպվում նրա կոշիկներին:

Այն, ինչ տեղի է ունեցել անցած երեք տարիներին, ներառյալ առեղծվածային պատերազմը, առաջացրել է հանրության արդարացի վրդովմունքը: Այն, ինչ տեղի է ունեցել դրան նախորդած՝ Հայաստանի անկախության տարիներին, առաջացրել է Փաշինյանի ընտրազանգվածի զայրույթն ու ըմբոստությունը. նա ու ոչ միայն նա, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, որպես բողոքի արտահայտում, կարող են նաեւ մերկ դուրս գալ հանրության առջեւ: Այնպես չէ, որ միայն Փաշինյանն է գիտակցել, թե ուր ենք գնում: Մի կողմ թողնենք արտաքին ուժերի ներգրավվածությունը, վերացարկվենք, այսպես կոչված, թավշյա հեղափոխության հնարավոր արտաքին ճարտարապետներից: Թե ուր էինք գնում մինչ Փաշինյանի իշխանության գալը, պարզ էր, թե որտեղ կհայտնվենք նրա իշխանության շնորհիվ՝ սարսափելի է:

Պետք է կանգ առնենք:

Չնայած Փաշինյանի հրաժարականը պահանջում են մի շարք ինստիտուտներ (Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներ, ՀՀ ԶՈՒ, ՀՀ ԳԱԱ, համալսարաններ), բազմահազար քաղաքացիներ՝ ՀՀ-ում եւ սփյուռքում, այդուհանդերձ, դա տեղի չի ունենում: Հնարավոր է, որ ինչ-որ ուժեր Փաշինյանին ցույց են տվել Լուսնի հակառակ կողմը. ասում են, թե լուսնագնաց Նիլ Արմսթրոնգը Երկիր վերադառնալուց հետո խելագարվել է:

Ինչեւէ, մենք միշտ հպարտացել ենք, որ աշխարհում առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, ինչը, ըստ էության, մեզ ոչ թե հզորացրել է, այլ դարձրել է ավելի խոնարհ, հալածանքի, անձնական ու ազգային արժանապատվության ոտնահարման նկատմամբ անտարբեր: Մեզ, նույնիսկ, չեն սթափեցրել աբդուլհամիդյան ջարդերը, չի սթափեցրել 1915թ. Հայոց ցեղասպանությունը, 2020թ. սեպտեմբերի 27-նոյեմբերի 10 ցեղասպանությունը, որը, թեպետ, կորուստների առումով անհամեմատելի է նախորդ երկուսի հետ, բայց իր հետեւանքներով գուցեեւ ավելի կործանարար լինի հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենքի վերջին փոքրիկ հատվածում նրա հեռանկարի համար:

Ասվածից բխող առաջարկությունը հետեւյալն է. Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողի­կոսները, ՀՀ ԳԱԱ նախագահը՝ որպես հայ գիտական հանրության խորհրդանիշ, խնդրում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում եւ Հռոմի պապի օրինակով համբուրում են Փաշինյանի ոտքերն ու խնդրում նրան հրաժարական տալ: 

Դա կլինի մեր նկատմամբ այլոց հարգանքի վերա­կանգ­նման առաջին քայլը: Պետք է մի բան լավ հասկանանք. մեր ժողովրդի նկատ­մամբ այլոց հարգանքի լիմիտը սպառվել է:  

ՀԳ. Պատեհապաշտ քաղաքական ուժերը դրանից չպետք է օգտվեն, այլ ուղղակի պետք է հօդս ցնդեն: Ժամանակավոր կառավարության հարցը պետք է քննարկվի հայության հոգեւոր եւ մտավոր էլիտաների մասնակցությամբ:

Եթե իմ ցածր կարգավիճակը խոչընդոտ չհամարվի, պատրաստ եմ առաջինը համբուրել վարչապետի ոտքերը՝ նույն խնդրանքով:

Գագիկ Վարդանյան