Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Տաթևիկ Ռևազյանին

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Տաթևիկ Ռևազյանին

Բաց նամակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին

Հարգելի պարոն վարչապետ, նախարար և կոմիտեի նախագահ

Հայաստանի ավիացիոն շուկայոմ  տասնյակ տարիներ գործող մի շարք ավիաընկերությունների հետագա գործունեությունը վտանգված է: Խնդիրն այն է, որ վերջերս դեպի Հայաստան և Հայաստանից  եվրոպական մի շարք քաղաքներ թռիչքներ իրականացնող լոուքոստերի և երկար տարիներ թռիչքներ իրականացնող ընկերությունների միջև ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ: Փաստացի հայաստանյան ավիաշուկա նոր մուտք գործած ընկերություններն, իրականացնելով էժան թռիչքներ, միաժամանակ օգտվում են մի շարք արտոնություններից, այդ թվում՝ ազատվում են օդի համար սահմանված 10 հազար ՀՀ դրամ տուրքից: Այդ իսկ պատճառով, չի բացառվում, որ դեպի ՀՀ և ՀՀ-ից թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից շատերը դադարեցնեն կամ իրականացնեն սահմանափակ քանակով թռիչքներ, ինչը մեծ վնաս կհասցնի ոչ միայն երկրի հեղինակությանը, այլև պետական բյուջեին:

Բացի այդ, անհավասար մրցակցությունը բացասական է ազդում  նաև Հայաստանում գործող ավիագործակալությունների և տուրիստական գործակալությունների աշխատանքի վրա: Վերջիններս, իրավունք չունենալով օգտվել ավիատոմսերի ուղիղ վաճառքի հնարավորությունից, կարող են կորցնել բազմաթիվ աշխատատեղեր և պետությանը վճարվող հարկեր:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ խնդրում ենք Ձեր գլխավորությամբ կազմակերպել աշխատանքային հանդիպում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում ավելի հանգամանալից կներկայացնենք առկա պրոբլեմները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Դիմող՝

«Ավիացիայի և տուրիզմի զարգացման ազգային ասոցիացիա» ՀԿ  նախագահ՝ Անդրանիկ Վանցյան