Վերջը ճշտեցի՞ք, թե Չարենցավանում քանի վարակված կա

Վերջը ճշտեցի՞ք, թե Չարենցավանում քանի վարակված կա

Հարգելի՛ պարետատուն, իհարկե, չգիտեմ՝ ինչի համար է ձեր անունը հենց պարետատուն, կարող էր ավելի վատ լինել, բայց ես ձեզ մի շատ ուղիղ հարց ունեմ․

-Վերջը ճշտեցի՞ք, թե Չարենցավանում քանի վարակված և քանի՞ կասկածվող ու մեկուսաված անձ կա, թե՞ ձեր մոտ դեռ 93 թիվն ա, դեռ վարչապետի՝ մարտի 16-ին հայտարարած երկու դեպքի վրա եք կանգ առել ու էդ թվով եք առաջնորդվում։ Ի դեպ, վարչապետի հայտարարելու պահին անգամ երկու հոգի չէին Չարենցավանում, շատ էին։

Հիմա ես էսօր հստակ իմացել եմ՝ էս պահի դրությամբ քանի հաստատված դեպք կա քաղաքում, քանի մեկուսացված ու դեռ քանի հոգու ցուցակ կա, որ հերթով մեկուսացնում են։ էլի ուրիշ բաներ եմ տեսել իմ աչքով, նաև նկարել, հիմա ի՞նչ անեմ, հրապարակե՞մ դրանք, թե՞ ինձ էլ Մարտի 1-ի հոդվածով կբռնեք կնստեցնեք։ 

Եվ քանի որ դուք կոչված եք մեծ մասամբ մեզ խանգարելու, մամուլի աշխատանքը խոչընդոտելու համար, ես որոշել եմ ձեր հանդեպ ինձ հակառակը պահել՝ օգնել ձեզ, նոր, թարմ տեղեկություններ հաղորդել, աջակցել, որ միասին դուրս գանք էս իրավիճակից։ Էնպես որ, պարոն Ավինյան և մյուսներ, ասացեք, խնդրեմ, Չարենցավանի մասով ի՞նչ տվյալ և ի՞նչ որոշում ունեք և ես ի՞նչ տվյալ կարող եմ հաղորդել։ Թող զարմանալի չթվա, բայց Չարենցավանի բնակչությունը ևս իրազեկված լինելու և իր գլխի գալիքն իմանալու իրավունք ունի։
Այստեղ մարդիկ կան, որ ուղղակի թքած ունեն, որ իրենց քաղաքում վարակ է տարածված, և ամեն օր մարդ են տանում մեկուսացման, մարդիկ էլ կան՝ անհանգիստ են, ուզում են հստակ տեղեկություն ստանալ, որ իմանան՝ իրենց ոնց պահեն, ինչ անեն․․․ Ի վերջո, պատշաճ իրազեկելո՞ւ եք մարդկանց, թե՞ որոշել եք ինֆորմացիոն բլոկադայի և անորոշության մեջ պահել մեզ։

Շնորհակալություն, 
Հարգանքով՝ ձեր շատ սիրելի Վահե