Ոչ մի հայ չի գնա Ադրբեջանում ապրելու
Դեկտեմբերի վերջին Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Չավուշօղլուն ժամանել էր Բաքու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համաժողովին մասնակցելու: Ալիևը խրխոտ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է բանակցություններ սկսեն ադրբեջանցի «փախստականների»՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի վերաբերյալ։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով «Ադրբեջանի փախստականների» մասով արված Ալիևի հայտարարություններին, ասաց, որ ուժն է ծնում իրավունք, իսկ Ալիևին ուժեղ է դարձրել «մեր օրվա կապիտուլյանտական ռեժիմը»:
«Վստահ լինելով, որ իր բոլոր պահանջները վաղ թե ուշ բավարարվելու են, Ալիևը առաջ է մղում թուրք-ադրբեջանա-բրիտանական նկրտումները և ուլտիմատիվ տոնով: Շատ խոսուն է նաև փաստը, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը, ով նախկինում ղեկավարել է նաև Թուրքիայի արտաքին հետախուզական ծառայությունը, ով այսօր Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող այդ ահաբեկչական խմբավորումների հովանավորը, ստեղծողը, զինողը, ձևավորողն է եղել...իր ներկայությունը նշանակում է, որ Ալիևը խոսում է թուրք-ադրբեջանական տանդեմի անունից: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն իր այդ նկրտումներով անգլո-սաքսոնական ուժերի ձեռքին գործիք է Ռուսաստանը, Իրանը, նաև Չինաստանը թուլացնելու համար»,-ասաց Ջամալյանը:
Ռազմական փորձագետը նկատեց, որ մինչև 2020 թվականը Ալիևն իրեն նման սանձարձակություն թույլ չէր տալիս: Սա խոսում է այն մասին, որ «խաղաղության դարաշրջանը», որի մասին աղաղակում են այս իշխանությունները՝ իրականություն չի դառնալու: Ջամալյանը շեշտում է, որ եթե նույնիսկ հարցը դիտարկենք այն տեսանկյունից, որ պատերազմ չի լինելու, բայց այնպիսի թվով են արդբեջանցիներ` «վերադարձի» պատրվակով մտնելու Հայաստան, որ Հայաստանը դառնալու է պայթյունավտանգ իրավիճակում ապրող երկիր, որտեղ ամեն վայրկյան կարող են լինել սկսած կենցաղային բնույթի կոնֆլիկտներից ընդհուպ մինչև ազգամիջյան բախումներ: Այսինքն, կռիվը ռազմադաշտից տեղափոխվելու է Երևանի փողոցներ, սահմանամերձ բնակավայրերի փողոցներ՝ նշում է ռազմական փորձագետը:
«Վաղ թե ուշ այդ «վերադառնալու» պատրաստակամ ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու է Թուրքիան կամ Ադրբեջանը, մեխանիզմներ են առաջ քաշելու, որպեսզի նրանց իրավունքները Հայաստանում պաշտպանվեն, և փաստորեն մենք ստանում ենք մի պայթյունավտանգ իրավիճակ երկրի ներսում, ամեն վայրկյան ամեն քայլափոխին կոնֆլիկտի մեծ ու փոքր հեռանկար մեր երկրի ներսում, մեր քաղաքներում: Կարճաժամկետ հեռանկարում, ամենաուշը միջնաժամկետ հեռանկարում մենք ականատես ենք լինելու, որ այն տարածքները, որոնք որոշելու են, որ կռվով չեն վերցնելու՝ վերցնելու են Հայաստանը ներսից պայթեցնելով, այդ ադրբեջանցիների միջով: Ընդվզելու են, իրավունքների պահանջներ են ներկայացնելու, անխուսափելիորեն իրենք կուզենան Խորհրդարանում իրենց ֆրակցիան ունենալ: Այսինքն, սա բերելու է նրան, որ մեր երկրի տարածքն էլ ավելի է փոքրանալու, և իրենք վաղ թե ուշ մեզանից պոկելու են: Բայց այն, ինչ էլ մնա, հարց է՝ մեզ է մնալու, թե ոչ, որովհետև տեմպերը իրենց դեմոգրաֆիական աճի՝ մեր տեմպի հետ համեմատելի չեն և կարճ ժամկետում Էրմենիստանի ենք վերածվելու, այսինքն այստեղ խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող»,-ասաց Ջամալյանը:
Ռազմական փորձագետը շեշտեց այն հանգամանքը, որ երբ խոսում ենք փախստականների թեմայից, պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի ներկայիս տարածքը` նույնն է, թե հայկական ԽՍՀ տարածքը, լքած բոլոր արդբեջանցիները Հայաստանից հեռացել են մինչև 1990 թվականի հունվար ամիսը: Ընդ որում լքել են իրենց անշարժ գույքը Խորհրդային Ադրբեջանում բնակվող հայերի հետ փոխանակելու միջոցով և իրենք բոլոր գույքային, նյութական կարգի խնդիրները լուծելուց հետո, Ադրբեջանում բնակվող հայերի հետ գույքը փոխանակել են անհավասար պայմաններում, որովհետև Արդբեջանից անհամեմատ մեծ թվով մեր հայրենակիցներ են գաղթել այստեղ: Եվ այստեղից հեռացող ադրբեջանցիները ոչ թե հայերի պես ցեղասպանվել են ու մազապուրծ փախել, այլ գնացել` ամեն ինչ կարգավորելուց հետո: Հետո արդեն, երբ ՀԽՍՀ տարածքը ցիվիլ փոխանակմամբ ադրբեջանական կողմը լքել էր, Ադրբեջանում դեռ մնացել էր հայկական ներկայություն՝ Բաքվում մասնավորապես:
«Հենց որ ամենավերջին ադրբեջանցին ՀԽՍՀ տարածքը լքեց 1990-ի հունվարին, Բաքվի ջարդերը սկսվեցին և 1990-ից հետո Արդբեջանից՝ մեր պատմական հայրենիքից և այն հատվածից Ադրբեջանի, որ մեր պատմական հայրենիքից դուրս է, այս ադրբեջանական ՍՍՀ այդ արհեստական միավորից բացի Արցախը, Հայաստան եկած մեր բոլոր հայրենակիցները մազապուրծ ջարդերի միջով անցնելով մի կերպ Հայաստան են հասել, մի մասն էլ կոտորվել են: Հետո արդեն դրան հաջորդել է 1991-ին նախկին խորհրդային ներքին զորքերի մասնակցությամբ նաև գորբոչովյան ժամանակահատվածի հանցագործություններից մեկը կազմակերպվեց` «Օղակ» կամ «Կոլցո» օպերացիան, Շահումյանի հյուսիս -արևմտյան հատվածը՝ Գետաշեն, Մարտունաշեն, Ազատ, Կամո, այս հատվածի հայությունը նորից մազապուրծ ջարդերի միջով անցնելով եկավ Հայաստան, մի մասն էլ կոտորվեց»,-հիշեցնում է Ջամալյանը:
ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն որպես երկու առանձին սուբյեկտ ինքնորոշված՝ Արցախի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում, Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի պաշտպանության համատեքստում մենք ունեցել ենք հաջորդ գաղթականների ալիքը` արդեն 1992 հունիսին, երբ Շահումյանը դատարկվեց:
«Այդ տարիներին Արցախի Հանրապետության տարածքը լքած ադրբեջանցիները իրենց իսկ կառավարության սանձազերծած ագրեսիայի զոհերն են եղել և իրենց իսկ ագրեսիայի անհաջող ընթացքով պայմանավորված, նաև այդ ագրեսիայի մասնակիցները լինելով, Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի հարակից շրջանների բնակչություն, իրենց իսկ ագրեսիայի անհաջող ընթացքով պայմանավորված թողել, լքել են այդ տարածքները: Սրա ամբողջ պատասխանատվությունը այն ժամանակվա ադրբեջանական իշխանությունների վրա է»,-շեշտեց ռազմական փորձագետը:
Հետևաբար, եթե մենք գաղթականների հարցն ենք բարձրացնում, ապա նախկին ՀԽԽՀ տարածքը լքած բոլոր ադրբեջանցիները Հայաստանի տարածքը լքել են գույքային փոխանակման, երբեմն անհամաչափ փոխանակման արդյունքում:
«Նրանց իրավունքների հարց ուղղակի անտրամաբանական է առաջ քաշել, եթե Հայաստանում լինի ոչ թե թրքահաճո իշխանություն, այլ արժանապատիվ իշխանություն, այս հարցը օրակարգ ուղղակի չի կարող բերվել, որովհետև այս մարդիկ իրենց գույքային, նյութական հարցերը լուծել են, կամավորության սկզբունքով փոխանակել են իրենց գույքը այնտեղի մեր հայերի հետ ու հեռացել են: Եթե անգամ նման հարց է առաջ գալիս, պետք է առաջ գա փոխադարձության սկզբունքը, բայց մենք հասկանում ենք, որ ոչ մի հայ՝ բացառությամբ ինչ-որ առանձին դեպքերի, չի գնա Ադրբեջանի տարածքում ապրելու: Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն Հայաստանի իշխանության ղեկին լինի նորմալ, հայրենասեր հայ մարդ, այս թեման օրակարգ ուղղակի չի գա: Բայց քանի որ Ալիևը վստահ է, որ այս իշխանությունն իրենց խամաճիկներն են, իրենք են ի դեմս Նիկոլի իշխում Հայաստանում, այս հարցը առաջ է քաշում և վաղ թե ուշ Նիկոլը այս հարցը նույնպես կլուծի, եթե շարունակի մնալ իշխանության»,-եզրափակեց Դավիթ Ջամալյանը:
Կարծիքներ