Փաշինյանը բացահայտ կաշառք է առաջարկում․ նման բան չես տեսնի որևէ քաղաքակիրթ երկրում

Փաշինյանը բացահայտ կաշառք է առաջարկում․ նման բան չես տեսնի որևէ քաղաքակիրթ երկրում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար յուրաքանչյուր քաղաքացու խոստանում է 500 հազար դրամ պարգև։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, քարոզարշավի շրջանակում Ջերմուկում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն, մենք այս պահի դրությամբ արդեն 55 հոգի ընտրակաշառքների գործով անցնող ունենք։ Եվ իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավականին առատ «բերքահավաք» են խոստանում։ Բայց ես ուզում եմ այդ «բերքահավաքն» ավելի առատ դարձնել և հիմա ուզում եմ այսպիսի հայտարարություն անել․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1 000 դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև։ Պարգև կտրվի այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք տալու կամ ստանալու փորձ կնկարահանեն տեսանյութով»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 500 հազար դրամ պարգևի կարժանանան նաև այն քաղաքացիները, որոնք կնկարահանեն պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին հարցրինք, թե արդյոք օրինակա՞ն է, երբ Փաշինյանը ընտրություններից առաջ դրամական պարգևներ է խոստանում․

 Ես դա հետևյալ կերպ եմ մեկնաբանում․ առաջինը, որ սպասեք շուտով նման տեսանյութի հրապարակմանը։ Դա նշանակում է սադրանք, որովհետև ես համոզված եմ, որ ընդդիմությունը այնքան խելք ունի, մանրադիտակով է իշխանության քայլերին հետևում, հատկապես հիմնական ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը երբեք չի գնա նման քայլերի, որովհետև նրանց մանրադիտակով հետևում են և՛ իրավապահ մարմինները, և՛ իշխանությանը հլու- հնազանդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կոչվածները։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, սպասենք սադրանքի։ Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում 1000 դոլար տալ, սա ինքնին արդեն նշանակում է բացահայտ կաշառք տալ։ Այդպիսի բան անհնար է պատկերացնել որևէ քաղաքակիրթ երկրում, երբ իշխանությունը խոստանում է կաշառք տալ իրեն ծառայելու համար, սա բացահայտ կաշառքի խոստում է։ Հայաստանում փաստորեն վաղուց չեն գործում ոչ միայն օրենքն ու իրավունքը, այլևս տարրական բարոյական նորմերը»,- պատասխանեց Իշխանյանը։

Նրան հիշեցրինք, որ 2017-ին էլ էր Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ գումար առաջարկում, երբ ասում էր, որ իրենց ընտրվելու պարագայում պատրաստվում է 15 հազար դրամ «սոցիալական աջակցություն» տալ այն մարդկանց, որոնք կասեն, որ քվեարկել են առանց ընտրակաշառքի, Իշխանյանին հարցրինք, թե ինչո՞ւ այն ժամանակ իրավապահները քայլեր չձեռնարկեցին․

«Այո, հիշում եմ, ասում էր, որ ընտրություններից հետո 15 հազար դրամ կտամ, բացահայտ կաշառք էր առաջարկում։ Ինձ համար այն ժամանակ էլ էր շատ կասկածելի իրավապահ մարմինների կողմից որևէ գործողություն չձեռնարկելը, ինչպես նաև կասկածելի էր ինձ համար իրավապահ մարմինների կողմից ոչինչ չձեռնարկելը, երբ այսօրվա իշխանությունն իր համախոհների հետ ջարդեցին ռադիոտան դռները»,- պատասխանեց Իշխանյանը, իսկ հարցին ի պատասխան, թե ի՞նչ սպասել իրավապահներից հիմա, Իշխանյանն ասաց․

«Մենք իրավապահ համակարգ, որպես այդպիսին, չունենք, ոստիկանությունը, ԱԱԾ-ն քննչական մարմիններն ու դատախազությունը գործում են միայն իշխանության ցուցումով, այսինքն՝ նրանք անկախ չեն, որովհետև դրան պիտի հետևեր որևէ գործընթաց։ Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ապա չեմ կարծում, որ ԿԸՀ-ն այդքան համարձակություն կունենա՝ որևէ քայլ անելու, ես համոզված եմ, որ նման համարձակություն չի ունենա, որովհետև եթե ԿԸՀ-ն համարձակություն ունենար, ապա այս հայհոյախառն քարոզարշավից, բռնություններով ու ահաբեկումներով քարոզարշավից հետևություններ արած կլիներ և արդեն զրկած կլիներ ՔՊ-ին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»։