Ադրբեջանցու հետ համաձայնության է եկել և քվեարկել ՌԴ-ի թեկնածուի օգտին

Ադրբեջանցու հետ համաձայնության է եկել և քվեարկել ՌԴ-ի թեկնածուի օգտին

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը 1,5 տարի է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար է։

Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդքան ժամանակ Համբարյանի մնալն այդ պաշտոնում արդեն օրենքի խախտում է` երեք ամիս հետո պետք է ղեկավար նշանակվեր։ Բացի սրանից, Ամարյանը պատմում է․ «Քրիստինե Համբարյանը Մոսկվայում մասնակցել է Евразийская патентная организация գրասենյակի շեֆի ընտրությանը, եւ նա ադրբեջանցիների հետ ընտրում է ռուսական ներկայացուցչին, մեր հայ Արմեն Ազիզյանն այնտեղ փոխնախագահ է։ Այնտեղ գալով համաձայնության ադրբեջանական կողմի հետ՝ ձայնը տալիս են ռուսներին՝ բացատրելով, թե ինչն ինչոց է։ Ղազախներին ադրբեջանցիներն ասում են՝ քանի որ դուք պատերազմի ժամանակ աջակցել եք Հայաստանին, մենք ձեզ ձայն չենք տա, եւ Քրիստինեն էլ ձայնը տալիս է ռուսին։ Հիմա Համբարյանը Մոսկվայում է, եւ ուզում են այդ պաշտոնը սարքեն հավերժ, որ մնա ռուսը»։ Մեր զրուցակիցը նշեց, որ դրա մասին գրել են ռուսական թերթերը․ «Դիմում են ինձ, որ ճշտեմ, ճշտում եմ, իրենք ուղարկում են դատախազություն, որպեսզի քննություն սկսվի։ Հիմնական խնդիրը դա»։

Նա նշեց, որ ինքը դիմել է նաեւ դատարան՝ Համբարյանի ոչ օրինական պաշտոնավարման հետ կապված, սակայն դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել․ «Ես դիմել եմ դատարան, որպեսզի կասեցնեն Համբարյանի պաշտոնավարումը, սակայն վարույթ չընդունվեց։ Մենք բողոքարկելու ենք»։

Քրիստինե Համբարյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ մասնակցել է Евразийская патентная организация գրասենյակի ղեկավարի ընտրությանը եւ քվեարկել է ռուսական կողմի ներկայացուցչի օգտին։ Ապա նշեց՝ դա եղել է պետության դիրքորոշումը․ «Գերատեսչությունը, որին ադամակցում են 8 երկրներ, տեղի է ունեցել նախագահական ընտրություններ, 6 տարին մեկ ընտրվում է կառույցի ղեկավար։ Թեկնածություններ ներկայացրել էին Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը։ Ընտրության արդյունքներով՝ 5 կողմ ձայնով նախագահ դարձավ ՌԴ-ի թեկնածուն, 2 ձայն ստացավ Ղազախստանի եւ 1 ձայն՝ Ղրղզստանի թեկնածուն։ Համաձայնության որեւէ մեկը որեւէ մեկի հետ չի գալիս, սա երկրի դիրքորոշում է, այլ ոչ թե անձամբ իմ»։

Անդրադառնալով իր` ժամանակավոր պաշտոնակատար լինելուն՝ Քրիստինե Համբարյանն ասաց՝ անօրինական ոչինչ չկա, որ 1,5 տարի ժամանակավոր պաշտոնակատար է․ «Որեւէ խախտում չկա, քանի որ ընթացքում փոփոխվել է նաեւ գործակալության կարգավիճակը, այս տարի հուլիսին կառավարության կողմից  գրասենյակի կարգավիճակն է հաստատվել, հաստատվում են բոլոր աշխատողների պաշտոնի անձնագրերը, այնուհետեւ, հաստատվելուց հետո, հայտարարվում է մրցույթ։ Ամբողջը կարգավորվում է օրենքով»։