Այս օրենքի նախագիծը հակասում է մեր պետական և տնտեսական շահերին․ Էդմոն Մարուքյան

Այս օրենքի նախագիծը հակասում է մեր պետական և տնտեսական շահերին․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը տարածել է հայտարարություն՝ կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքի նախագծի վերաբերյալ։ Կից ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը։ 

«Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, որն իր բոլոր դրույթներով հակասում է մեր պետական և տնտեսական շահերին։

Միջազգային առաջադեմ փորձից օգտվելու փոխարեն, որում կան հավասարակշռված մոդելներ, ընտրվել է կարգավորումների ամենատոտալիտար տարբերակը, որը հաջողության նախադեպ չի ունեցել։
Օրինագծի ընդունման դեպքում կկասեցվեն խոշոր ներդրումները, խորապես կտուժի ՏՏ ոլորտը, կդադարեն արտաքին ֆինանսական հոսքերը դեպի Հայաստան, հատկապես այն երկրներից, որոնք բանկային համակարգի հետ խնդիրներ ունեն (Ռուսաստան, Իրան և այլն)։ Քաղաքացիների փոխանցումների վրա խնայած միջոցները կգրպանեն հայկական և միջազգային բանկերը։ Միաժամանակ այս օրենքով Հայաստանը կզիջի իր թվային ինքնիշխանությունը ԱՄՀ-ին (IMF) և միջազգային ֆինանսական կառույցներին։

Կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, դեմ քվեարկել այս խայտառակ, տնտեսության նոր ոլորտի զարգացումը խոչընդոտող օրենքի նախագծին։ Հորդորում եմ աջակցել WEB3 համայնքի փորձագետների առաջարկած տարբերակին, որը ներառում է բնագավառի համար լավագույն կարգավորումներն ու կառուցողական մոտեցումները և մշակվել է այս պահին ԱՄՆ-ում գործող, հաջողված փորձի հիման վրա»։
Ավելի վաղ, Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես էչ եկել կոչով՝ կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծի վերաբերյալ։ 

«Կոչ ՀՀ ԱԺ խմբակցություններին դեմ քվեարկել կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծին։  ՀՀ Կառավարությունն ականջալուր չեղավ Հայաստանում կրիպտո համայնքի զգուշացնումներին և ընդունեց Կենտրոնական բանկի առաջարկած ոլորտային կարգավորումների օրենքը։ Մեր խորը հիասթափությունն ենք հայտնում այս առիթով` հաշվի առնելով, թե ինչ հետևողականությամբ ենք փորձել մեր ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողներին։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Կենտրոնական բանկը սպասարկում է այլ կառույցների շահեր և ոչ բնավ Հայաստանի Հանրապետության։ 
Եթե օրենքն այս տեսքով ընդունվի, ապա՝
    • Կտուժի Հայաստանի թվային ինքնիշխանությունը։
    • Հայաստանը կկորցնի իր խոստումնալից դիրքերը դարի տեխնոլոգիա համարվող բլոկչեյնի շուկայում։
    • Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարության հնարավորությունները կչքանան։
    • Քաղաքացիներն ունենալու են կորուստներ՝ ի օգուտ բանկերի։
    • Ներդրողները կլքեն Հայաստանը, իսկ նոր միջազգային ներդրումներ չեն գրանցվի։

Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին և նկատի ունենալ առաջին հերթին մեր պետության և քաղաքացիների շահը։ Գնդակը ձեր դաշտում է, կայացրեք պետականանպաստ որոշում։ 
Պատրաստ ենք ցանկացած խմբակցության և պատգամավորի անվճար մասնագիտական խորհրդատվություն տրամադրել այս թեմայով»։