Հրապարակեք «Երեւանի ավտոբուս» ընկերության ծախսերը, որ հասկանանք` մեզ որտեղ եք «գցում»
Արդեն կատարված փաստ է, որոշումը կա․ հունվարի 1-ից Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումները կթանկանան։ Կախված քանի անգամ կօգտվես տրանսպորտից՝ մեկ փոխադրման գինը տարբեր կլինի։ Օրեր առաջ՝ նոյեմբերի 4-ին այս թանկացումների մասին խոսելիս, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է․ «Ուզում եմ հիշեցնել, որ արդեն 40 տարի է՝ սկսած ռաֆերից ու գազելներից, ուղեւարձը 100 դրամ է։ Այսօր արդեն ունենք ամբողջական փոփոխված շարժակազմ եւ պետք է փոփոխություններ լինեն նաեւ գնային համակարգում։ Ես ներողություն եմ խնդրում երեւանցիներից այս անհարմարությունների համար, բայց ես վստահեցնում եմ, որ այս ճանապարհը, որով միասին անցնելու ենք, միմիայն բերելու է որակյալ տրանսպորտային համակարգի։ Միայն այս տարի Երեւանի քաղաքապետարանը ստիպված է եղել 8,5 միլիարդ դրամ դոտացիա տալ «Երեւանի ավտոբուս» ընկերությանը, որովհետեւ այս նոր շարժակազմերը պահելը եւ նրանց տեխնիկական սպասարկումը եւ մնացած բոլոր ծախսերը կտրականապես աճել են»։
Իսկ Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը թվեր է հրապարակել։
• Հոկտեմբերի 31-ին Երեւանում 100 դրամանոց տրանսպորտի պարագայում վճարվել է 30, 694 միլիոն դրամ ուղեւարձ։
• Նոյեմբերի 1-ին՝ 31,678 միլիոն
• Նոյեմբերի 2-ին՝ 23,192 միլիոն
• Հոկտեմբերի 24-31-ը՝ 188,474 միլիոն
• Նոյեմբերի 1-7-ը՝ 213 173 միլիոն դրամ։
Շաբաթական միջինը՝ 200 միլիոն դրամ։ Ստացվում է, որ Երեւանում տարեկան վճարվում է 52 (շաբաթ) x 200 (շաբաթական վճարումներ) = 10,4 միլիարդ դրամ ուղեւարձ։ Ավելին քան Երեւանի քաղաքապետարանի 8,5 միլիարդ դրամ դոտացիան է «Երեւանի ավտոբուս» ընկերությանը։ Արդեն կարելի է խոսել վատ կառավարման մասին։ Մի բան, որ չեն անում թավշյաները։ Եվ շատ իզուր։
Ոչ Տիգրան Ավինյանը, ոչ Հայկ Կոստանյանը չեն ասում, թե 10,4 միլիարդ դրամ մուտքերին զուգահեռ որքան ելք է եղել՝ վարորդների աշխատավարձ, վառելիք, տարբեր յուղեր, անսարքությունների վերացնում, նոր դետալների առք եւ այլն։
Երբ նախկիններին էին ուզում թանկացնել ուղեւարձը, 13 տեղանոց մեկ գազելի համար 13 ուղեւոր էին հաշվում, այն դեպքում, երբ այդ Գազելներով, իրար գիրկ ու մեջքի նստած եռակի շատ մարդ էր երթեւեկում։ Բայց նախկինները գոնե հրապարակեցին իրենց հաշվարկները ու մարդիկ արձանագրեցին սխալը։ Թավշյաները չեն հրապարակում։ Ինչու:
2014 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընդվզում էր, որ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի հաշվարկի մեջ էր ներառել սեփական գրասենյակների պատերից կախված գեղանկարների եւ միջանցքներում դրված բույսերի գները։ Բայց «Գազպրոմ Արմենիան» գոնե հրապարակեց իր հաշվարկը ու մարդիկ տեսան սխալը։ Թավշյաները չեն հրապարակում։ Ինչու։
Բացասական հարցերում նախկիններին անգամներով գերազանցած, սեփական ծրագրերն աջուձախ տապալող (մեքենաների արտադրություն, հեռուստացույցների արտադրություն, 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնություն, ազգային ավիափոխադրողի ստեղծում, Երեւանում մինչեւ գիշերվա ժամը 3-4-ն աշխատող գիշերային երթուղիներ, տիեզերքում հայկական արբանյակ եւ այլն) թավշյաները քաղաքապետարանի պատերի գեղանկարների եւ բույսերի գները ներառե՞լ են ուղեւարձի հաշվարկներում։ Չենք կարող ասել, մինչեւ չհրապարակվեն հաշվարկներն՝ ըստ տողերի։ Մինչեւ չտեսնենք, ինչպես է կառավարվում «Երեւանի ավտոբուս» ընկերությունը՝ կա՞ն արդյոք աննպատակ ծախսեր։ Գիտենք միայն, որ, օրինակ, 2021 թվականին Հայաստանը 25 միլիոն դոլար վարկ է վերցրել եւ 5 միլիոն դոլար դրամաշնորհ ստացել՝ նոր ավտոբուսներ գնելու համար, իսկ 2018-2021 թթ հատվածում համայնքային բյուջեից նույն նպատակի համար ծախսել են 11,3 միլիարդ դրամ։ Թավշյաներն ամեն ինչ տապալում են, գուցե «Երեւանի ավտոբուս» ընկերության կառավարումն է՞լ են տապալել եւ դրա համար են հիմա վճարելու երեւանցիներն ու քաղաքի հյուրերը։
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարծիքներ