Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ՝ Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով արված հայտարարությունը։

«Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ:

Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:

Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:

Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից  թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:

Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:

Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել էր Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի իշխանությունների  հայտարարություններին։ «1920թ-ի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը, որը Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ուղղված էր ոչնչացնելու մեր հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը, հանդիսանում է մի փաստաթուղթ, որում բացահայտվեցին ներխուժման պլանները։  1923թ-ի հուլիսի 24-ի Լոզանի խաղաղության պայմանագրի կնքումից հետո, թուրք ժողովուրդը պատռել է Սևրը և նետել  պատմության աղբամանը։ Զարմանալի չէ, որ նրանք, որ դասերի փոխարեն թշնամանք են քաղում պատմությունից, դիմում են այս փաստաթղթին, չնայած անցել է մեկ դար»,- ասված էր Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։