«Հրապարակ». Եթե ներդրումներ չանենք համակարգի մեջ, կարող է ակադեմիական քաղաք տեղափոխվելու ժամանակ այլեՎս տեղափոխելու բան չլինի

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը թեպետ լրամշակվել է, բայց մասնագիտական, ակադեմիական համայնքը դեռ տեղյակ չէ, թե իրենց ներկայացրած որ առաջարկներն ու դիտարկումներն են տեղ գտել փոփոխված օրինագծում։
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ, օրենքի հետ կապված, շատ անորոշ վիճակում են գտնվում․ «Ինչքան էլ փորձում ենք ուշադրություն չդարձնել, սակայն դա խիստ ազդում է ինստիտուտների աշխատանքի վրա։ Անորոշությունը գալիս է նրանից, որ մենք այս պահին չգիտենք օրենքի բուն բովանդակությունը, ըստ այդմ՝ դրական կամ բացասական կողմերի հետ կապված փաստարկներով խոսել չի ստացվում, որովհետեւ փաստարկների մեծ մասը կանգնում է նրա վրա, որ մենք հիմա վերանայում ենք օրենքը, եւ շուտով կլինի վերանայված տարբերակը։ Այսինքն՝ նոր տարբերակը դեռ հասանելի չէ, որ մենք հասկանանք, թե այն բազմաթիվ նկատառումները, որ ներկայացվել են թե՛ Ակադեմիայի, թե՛ նրա առանձին ինստիտուտների, թե՛ գիտաշխատողների կողմից, ինչքանով են ընդգրկվել նոր տարբերակի մեջ։ Իսկ մինչեւ նոր խմբագրված տարբերակի հրապարակումը, երկխոսություն չի ստացվում եւ չի էլ կարող ստացվել, որովհետեւ բոլոր քննարկումներն ավարտվում են այնտեղ, որ՝ սպասեք, նոր տարբերակը կլինի, այդ ժամանակ նոր կքննարկենք»։
Այդուհանդերձ, փաստ է մի բան, որ նոր տարբերակում էլ չի ընդունվել ակադեմիական ինստիտուտները բուհեր չտանելու եւ ԳԱԱ կազմում թողնելու հանգամանքը։ «Այո, ինչքան մենք հասկանում ենք, այդ հարցը կանգնած է, եւ ես գտնում եմ, որ ինստիտուտները միավորելու, դրա հետ միասին արդյունավետության բարելավման այդ որոշումը վիճելի որոշում է։ Եվ 2-րդ․ արդյոք դա իսկապես կբարելավի Հայաստանի գիտական եւ կրթական մթնոլորտը, թե ոչ՝ կապված է այդ ամբողջի իրականացումից։ Ընդհանրապես, նպատակները միշտ լինում են լավը, խնդիրը դրանց իրականացումն է, եւ բոլոր թաքնված խնդիրներն ի հայտ են գալիս հենց իրականացման ընթացքում։ Այս նախագիծը ռիսկային է այն առումով, որ, այո, դրա լավ իրականացումը կարող է բերել շատ լավ արդյունքների, բայց դրա իրականացման խնդիրները կարող են ընդհանրապես տապալել Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտը։ Խնդիրն այն է, որ մենք չունենք հստակ սցենարներ, պատկերացումներ, թե ինչ կլինի, եթե մենք բարեփոխենք առկա համակարգը, ինչ կլինի, երբ անցում կատարվի տոտալ նոր համակարգի, եւ ինչ կլինի, եթե ոչ մի բան չանենք, այսինքն՝ ռեսուրսների գնահատումը, սպասվող արդյունքները եւ հնարավոր խնդիրներն իրականում ակնհայտ չեն ու լավ ներկայացված չեն հանրությանը, դրա համար էլ այս բոլոր խոսակցություններն առաջանում են»։
Կառավարությունն ասում է, որ 2018-ից ի վեր ավելի քան 74 մլրդ հավելյալ գումար է ուղղվել գիտության ոլորտին, իսկ գիտաշխատողների աշխատավարձը բարձրացրել է գրեթե կրկնակի, այդպե՞ս է։ «Աշխատավարձերի բարձրացումը փաստ է, եւ դրա հետ վիճել հնարավոր չէ։ Մեխանիզմները, որոնք թույլ են տալիս ձեռք բերել նոր ենթակառուցվածք, նույնպես ներդրված են, դրամաշնորհային մրցույթների բազմազանությունն ապահովված է։ Այդ առումով կարելի է փաստել, որ վերջին մի քանի տարվա ընթացքում գիտության ֆինանսավորումն իսկապես կտրուկ աճել է, բայց կան «բայց»-եր, որոնք եւս պետք է նշել։ Հիմնականում, ֆինանսավորման աճը վերաբերում է աշխատավարձերին եւ գիտական սարքավորումների ձեռքբերմանը, սակայն ենթակառուցվածքի պահպանում՝ շենքերի, շենքային պայմանների, այդ հոդվածներով պրակտիկորեն ոչինչ չի ավելացել, որոշ դրամաշնորհային ծրագրերի մեջ ընդգրկված են ինչ-որ մասեր, որոնք թույլ են տալիս կոնկրետ լաբորատորիայի հարց լուծել, բայց դա համակարգային լուծում չէ, օրինակ՝ կարող է ինչ-որ շենքում ողջ կոյուղու վերանորոգման կարիք կա, բայց դրան գումար չի հատկացվում, սակայն մի լաբորատորիայի վերանորոգման համար գումար է հատկացվում, որը համակարգային, խորքային խնդիրը չի լուծում»։
Թերեւս, այս հարցի պատասխանն ու բացատրությունն էլ կան, քանի որ բոլոր ինստիտուտները պատրաստվում են տեղափոխել ակադեմիական քաղաք, ուստի կառավարությունն այդ շենքերի վրա հավելյալ ծախսեր իրականացնելու անհրաժեշտություն էլ չի տեսնում։ «Այո, բայց այդտեղ է նաեւ իմ հիմնական հարցերից մեկը, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ակադեմիական քաղաքի կառուցման տեմպերը չեն կարող լինել շատ արագ, իսկ դա նշանակում է, որ գիտական ենթակառուցվածքը պետք է պահպանվի այնքան ժամանակ, մինչեւ այդ քաղաքը կառուցվի, ու տեղափոխման հարց առաջանա։ Մինչդեռ, եթե մենք այսօր ներդրումներ չանենք համակարգի պահպանման մեջ, ապա ակադեմիական քաղաք տեղափոխվելու ժամանակ կարող է այլես տեղափոխելու բան չլինի։ Հետո՝ մենք այդ ակադեմիական քաղաքի մեջ դրել ենք այնպիսի ուղենիշներ, որ, օրինակ, այդտեղ պետք է լինի 40 հազար մարդ, 15 հազար գիտաշխատող, բայց որպեսզի այդ 15 հազար գիտաշխատողը լինի այդտեղ, պետք է այսօրվանից արդեն այդ հարցերով զբաղվել եւ աշխատել այն ուղղություններով, որոնք թույլ կտան նոր գիտական կադրեր ներգրավելու։ Ստացվում է՝ մեխանիզմները կան, բայց դրանք բավարար չեն՝ այդ նպատակին հասնելու համար։ Մասնավորապես, եթե մենք խոսում ենք արտասահմանից նոր ու երիտասարդ գիտական կադրերի ներգրավման մասին, այդտեղ՝ ոչ ավել, ոչ պակաս, կարեւոր են այն մթնոլորտն ու պայմանները, որտեղ այդ երիտասարդները կամ արտասահմանցի գիտնականները պետք է գան աշխատեն։ Ու դա չի կարող լինել ֆրագմենտալ լուծում՝ 1 կամ 2 լաբորատորիայի վերանորոգման հաշվին։ Դա պետք է լինի շատ ավելի սիստեմատիկ, բազային ֆինանսավորման բուն փիլիսոփայությունը պետք է լինեն այն ռեսուրսները, որոնք թույլ կտան կտրուկ բարելավել այսօրվա աշխատանքային ու հենց շենքային պայմանները, կոմունալ ենթակառուցվածքները, որտեղ կտեղակայվեն այդ նոր սարքավորումները, եւ կներգրավվի նոր գիտական կապիտալ»։
Նոր ատեստավորման պահանջների համաձայն, գիտնականները պետք է ունենան «Սկոպյուս» եւ «Վեբ օֆ սայնս» միջազգային ամսագրերում տպագրված աշխատանքներ, իսկ սա, շատերի գնահատմամբ, հայոց լեզուն դուրս է մղում գիտական ասպարեզից։ Ա․ Առաքելյանն ասում է՝ ուզենք, թե չուզենք, գիտության միջազգային լեզուն անգլերենն է։ «Ու եթե մենք խոսում ենք եւ ուզում ենք միջազգային գիտության մաս կազմել, ապա գիտական արդյունքը, հրապարակումները պետք է ներկայացվեն անգլերեն, հատկապես, եթե խոսքը գնում է բնական գիտությունների ոլորտի մասին։ Ինչ վերաբերում է սոցիալական ու հայագիտության ոլորտին, ապա մենք նաեւ առաջարկել ենք Ակադեմիային․ որպեսզի մենք կարողանանք համախմբել բոլոր ռեսուրսները, որոնք ուղղված են այդ բոլոր ամսագրերի տպագրությանը, արժե իրենց միավորել 1-2 ամսագրի շուրջ, որոնք կլինեն մասնագիտացված հայագիտական ու հումանիտար ոլորտի բնագավառի ամսագրեր, որտեղ մենք կունենանք բավականաչափ ռեսուրս, եւ որը մեզ թույլ կտա տպագրել լավ, որակյալ աշխատանքներ հայերեն, դրանք լավ, որակով թարգմանել անգլերեն, միաժամանակ հանդիսանալ հարթակ հայագիտական եւ ազգագիտական հոդվածների, գիտական արդյունքների տպագրման համար ոչ միայն Հայաստանից, այլեւ ամբողջ աշխարհից, որովհետեւ այդ ոլորտներում խնդիրը կանգնած է ամբողջ աշխարհում․ նման ուղղվածություն ունեցող ամսագրերը շատ ավելի քիչ են, եթե համեմատենք, օրինակ, կենսաբանության հետ»,- ասում է զրուցակիցս ու կարեւորում՝ նման ամսագիր ունենալը, որը լույս կտեսնի ԳԱԱ-ի հովանու ներքո, կբարձրացնի նաեւ Ակադեմիայի գիտական հեղինակությունը։
«Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ եթե գիտական լեզուն անգլերենն է, ապա գիտահանրամատչելի գիտության լեզուն պետք է լինի հայերենը, եւ եթե մի կողմից խոսում ենք անգլերենով գիտական հոդվածների տպագրության մասին, ապա Գիտության կոմիտեի ու Ակադեմիայի միջեւ եւս մի կարեւոր նախաձեռնություն կարող է լինել, դա գիտության հանրամատչելիացումն է Հայաստանում, հանրամատչելի գիտական գրքերի տպագրությունը, որի լեզուն պետք է լինի հայերենը»,- ընդգծում է ինստիտուտի տնօրենը։
Կարծիքներ