ՀՀ շուրջ 3 հազար 500 հուշարձան, այդ թվում՝ ԵՊՀ սեւ շենքը, ներկայացվել է որպես ադրբեջանական մշակութային արժեք

ՀՀ շուրջ 3 հազար 500 հուշարձան, այդ թվում՝ ԵՊՀ սեւ շենքը, ներկայացվել է որպես ադրբեջանական մշակութային արժեք

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Տվարդովսկի հրապարակում, կազմակերպվել է ցուցահանդես՝ «Արեւմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով, որն ուղղված է հայկական մշակութային ժառանգության յուրացմանը եւ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններին։ Ցուցահանդեսի բացման մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան:

Վարշավայում կազմակերպված ցուցահանդեսում Ադրբեջանի կողմից ներկայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շուրջ 3 հազար 500 պատմամշակութային հուշարձան, 500 գերեզմանոց եւ 391 մզկիթ՝ որպես, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» պատմական ժառանգության անբաժան մաս։ Մասնավորապես, ցուցահանդեսում ներկայացված են պաստառներ, որոնք Երեւանը ցուցադրում են որպես ադրբեջանական մշակութային ժառանգության քաղաք։ Այս ցուցադրություններում Երեւանը հիշատակվում է տարբեր ձեւերով՝ «Ռավան», «Իրավան», «Իրիվան», եւ ներկայացվում որպես ադրբեջանական ժողովրդի «հարուստ մշակութային պատմության անքակտելի մաս»։
«Արեւմտյան Ադրբեջան» տեր­մինի ներքո Ադրբեջանը փորձում է վերաշարադրել Երեւանի պատմությունը՝ օգտագործելով դեկորատիվ արվեստի նմուշների, պատ­մական փաստաթղթերի խեղաթյուրման եւ նորակազմ ադրբեջանական ինքնության ձեւա­վորման մեխանիզմները։ Ցուցադրության առանցքում են Երեւանի պարսից խաների պալատից, Երեւանի բեր­դից եւ մի շարք պատմական հուշարձաններից լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես «Արեւմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգություն։ Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված է հայկական ավանդական ուտեստներից ղավուրման՝ որպես ադրբեջանական խոհանոցի բաղկացուցիչ։ Իսկ մեկ այլ լուսանկարում պատկերված է Երեւանի պետական համալսարանի սեւ շենքը, որը ներկայացվում է որպես ադրբեջանական մշակութային արժեք։ Նշենք, որ վերոհիշյալ շենքն ունի ավելի քան մեկդարյա պատմություն եւ ներառված է Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։