2021 թվականի «Տարվա դեմքերը», որոնք «երկիրը դարձնում են ավելի լավը»

2021 թվականի «Տարվա դեմքերը», որոնք «երկիրը դարձնում են ավելի լավը»

Հոկտեմբերի 16-ին «Բիզնես դիալոգ» կազմակերպությունն` իր միջազգային գործընկերների հետ մրցանակաբաշխություն էր իրականացնում: Մի մեծ ու լուսավոր դահլիճում էին հավաքվել տարբեր ոլորտների մեծ խումբ հայտնի մարդիկ, որոնց կազմակերպությունը ճանաչել էր «Երկրի դեմք» եւ մրցանակներ էր շնորհում: Միջոցառման նշանաբանն էր «Մեր երկիրը դարձնենք ավելի լավը»: 

Նախ մեծ էկրանի վրա երեւացին կազմակերպության միջազգային գործընկերները, որոնք քովիդի պատճառով հնարավորություն ունեին միայն օնլայն հղել իրենց ողջույնի խոսքը: 5 ողջույնի տեսաելույթ հնչեց` կանադական «Top ten Award» կազմակերպության գլխավոր տնօրենի, Բոսնիա-Հերցեգովինայի ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի, Ռուսաստանի որակի կազմակերպության նախագահի, Սլովենիայի ստանդարտացման ազգային մարմնի նախագահի եւ «Ռուսական ռեգիստր» ասոցիացիայի ներկայացուցչի կողմից: Ապա ողջույնի ու բացման խոսք ասաց «Բիզնես դիալոգի» հիմնադիր, իրավաբանության դոկտոր Ենոք Ազարյանը: Որից հետո սկսվեց մրցանակաբաշխության արարողությունը:

Անմիջապես նկատվեց, որ մրցանակակիրներին ընտրել են ամենայն մանրակրկիտությամբ` ուսումնասիրելով թեկնածուների գործն ու կենսագրությունը: Փոքրիկ ֆիլմեր էին պատրաստվել նրանցից յուրաքանչյուրի մասին: Ոմանք ֆիլմում իրենք էին ներկայացնում իրենց գործը, սակայն մրցանակակիրներից մի մասի համար դրանք անակնկալ էին, ինչպես անակնկալ էր, որ մրցանակ են ստանալու: Օրինակ, «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը խիստ զարմացավ, երբ էկրանի վրա հայտնվեց ինքը եւ իր հարցազրույցներից հատված հնչեց: 

Հաղորդավար Սարգիս Նաջարյանը հերթով հնչեցնում էր մրցանակակիրների անունները եւ բեմ էր հրավիրում այն անձին, որը շնորհելու է մրցանակը: Ներկաների ծափերի, հումորի ու ժպիտների ներքո յուրաքանչյուր մրցանակակիր ստանում էր պատվոգիրը, ոմանք նաեւ որակի սերտիֆիկատ, եւ փոքրիկ խոսք ասում` ուղղված ներկաներին: Երախտագիտության, հայրենիքին ու ժողովրդին այուսհետ եւս նվիրումով ծառայելու մասին էին այդ խոսքերը: Շատ գեղեցիկ ու դրական միջոցառում էր կազմակերպվել եւ զարմանալի էր, որ կազմակերպիչները հոգ չէին տարել այն լուսաբանելու մասին, ինչը մեր օրերում արտառոց երեւույթ է: 

Դահլիճը մի քանի ժամվա ընթացքում ծանոթացավ մեծ թվով մարդկանց, որոնք լուրջ հաջողություններ են գրանցել իրենց գործունեության ընթացքում, սակայն շատերը ստվերում են մնացել, որովհետեւ տեսակով համեստ են, փիառվել չեն սիրում, ուղղակի իրենց գործն են անում եւ անում են նվիրումով, գերազանց: 27 անձ` ամենատարբեր ոլորտներից: 
Ներկայացնենք մրցանակակիրների ցանկը.

Տարվա մարդ անվանակարգում բեմ հրավիրվեց ազգային հերոս Արթուր Ալեքսանյանը` Ամարասի Արթուրը, որը նոր է ապաքինվել ծանր հիվանդությունից: Տարվա նկարիչ անվանակարգում «Երկրի դեմքը» ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանն էր, «Տասնամյակի արտիստ» անվանակարգում` ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, «Առողջապահության բնագավառում անուրանալի ներդրած ավանդի համար» պարգեւատրվեց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենի թերպիայի գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Սաիյանը: «Տարվա դերասան» անվանակարգում հաղթողը վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյանն էր, «Պարարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգը շնորհվեց մանկավարժական գիտությունների թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանին, «Աշուղական երգարվեստում ներդրած ավանդի համար» պարգեւատրվեց ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, «Երաժշտության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար»` վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը, «Տասնամյակի կոմպոզիտոր» ճանաչվեց մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը, «Սպորտի բնագավառում ներդրած անուրանալի ավանդի համար» անվանակարգում հաղթողները երկուսն էին` վաստակավոր մարզական լրագրող Ռուդիկ Բարսեղյանն ու հայտնի մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը: «Տարվա ուսուցքաբան» անվակարգում հաղթողը բժշկական գիտությունների դոկտոր Խաչատուր Բադալյանն էր: «Տասնամյակի բարերար» ճանաչվեց Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, «Փառքի ոսկե աստղ» ստացավ Նարինե Չարչյանը: 

Գնահատվեցին նաեւ մի շարք հաստատությունների վաստակն ու ծառայությունների որակը. «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնը, «Պրոմ Տեստ» լաբորատորիաների ցանցը, Ալավերդու Բժշկական կենտրոնը, «Լեգալ էքսպերտ» փաստաբանական գրասենյակը, «Ինա դենտ» ստոմատոլոգիական կենտրոնը»: Երկրի դեմք ճանաչվեցին նաեւ բժիշկ Վասակ Մելիքսեթյանը, նախկին դատախազ Աշոտ Վիրաբյանը, ով աշխատել է Լոռվա մարզում եւ ստացել «Ժողովրդական դատախազ» մականունը: 

Իսկ «Հրապարակի» գլխավոր խմբագրին «Երկրի դեմքը» մրցանակաբաշխության հանձնաժողովը շնորհեց «Տարվա լավագույն օրաթերթի լավագույն գլխավոր խմբագիր» մրցանակը: