ՀՀԿ-ն այսօր կայցելի Չարենցավան՝ հանդիպելու կուսակտիվի հետ

ՀՀԿ-ն այսօր կայցելի Չարենցավան՝ հանդիպելու կուսակտիվի հետ

Տասը տարի Հայաստանում իշխած Հանրապետական կուսակցությունը վերսկսել է իր մարզային գրասենյակներ այցելությունները։ ՀՀԿ վերնախավից մի քանի ներկայացուցիչներ այս օրերին հերթով այցելում են տարբեր մարզեր՝ հանդիպելու ՀՀԿ տարածքային գրասենյակների ղեկավարների, տեղի կուսակտիվի հետ։ Այսօր երեկոյան, օրինակ, ՀՀԿ-ականները Չարենցավան են այցելելու, որտեղ հանդիպում-խորհրդակցություն կանցկացնեն ՀՀԿ Չարենցավան տարածքային կառույցի ներկայացուցիչների հետ։ 

Թե որն է նպատակը, ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասաց․ «Մենք միշտ էլ այցելել ենք, միշտ էլ կապը եղել է, միշտ էլ կուսակցական աշխատանքներն ընթացել են։ Ի՞նչ է եղել»։

-Ոչ մի վատ բան չի եղել, պարզապես ՀՀԿ մարզային կառույցները վերջին շրջանում այդքան էլ ակտիվ չէին, դրա համար ուզում էի իմանալ՝ որոշել եք ակտիվացնե՞լ։

-Իսկ հիմա ակտի՞վ են, հա՞, Ձեր կարծիքով։

-Առավելևս, եթե հիմա ակտիվ չեն, կարո՞ղ է ակտիվացնում եք։

-Չգիտեմ, միշտ էլ ակտիվ եղել են, միշտ էլ իրենց հանձնարարությունները կատարել են։

-Իսկ ի՞նչ հանձնարարություններ են կատարում, ի՞նչ գործառույթ են իրականացնում ձեր մարզային գրասենյակները։

-Կուսակցական աշխատանքներ են կատարել, վերահաշվառում ենք արել, տարբեր կուսակցական աշխատանքներ։

-Վերջին շրջանում ձեր կուսակցության անդամների թիվն ավելացե՞լ է, թե՞ պակասել։

-Ե՛վ նոր անդամագրվածներ ունենք, և՛ հեռացրել ենք շարքերից։

-Դո՞ւք եք հեռացրել, թե՞ հեռացել են։

-Մենք ենք հեռացրել։

-Իսկ ինչո՞ւ եք հեռացրել։

-Կուսակցական կարգապահության և այլ հարցերով՝ կանոնադրության համաձայն։

-Ավելացողնե՞րն են շատ, թե՞ հեռացողները։

-Դե, նայած՝ երբ, որ ամսին։

-Այսօր էլ Չարենցավա՞ն եք այցելելու։

-Իհարկե, ի՞նչ է եղել, որ չգնանք։ Արգելո՞ւմ եք։ Սովորական, մշտական աշխատանք է, երբեք մեր գրասենյակները չեն փակվել, աշխատանքները միշտ էլ ընթացել են։