Դարձ՝ ի շրջանս յուր, կամ քաղաքական աշնան սպասումով

Դարձ՝ ի շրջանս յուր, կամ քաղաքական աշնան սպասումով

Լրացավ ութերորդ գումարման խորհրդարանի առաջին տարելիցը (այս բառը լավագույնս է բնորոշում մեռելածին կառույցի էությունը)։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ Ֆրանսիայի հրապարակի հարթակներում փորձում են իշխանափոխության գործընթաց հարուցել, դեռեւս՝ ապարդյուն։ Սոցիոկրիտիկ զանգված չի հավաքվում անգամ Փաշինյանի զրոյական վարկանիշի եւ նրա իշխանավարման կատարյալ ֆիասկոյի պայմաններում։ Եվ ցավոք, որքան էլ Դիմադրության շարժումը խոստանա, թե աշնանը խորհրդարան է վերադառնալու բացառապես իր օրակարգով, այն է՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, փաստն այն է, որ դեռեւս Փաշինյանի գրպանային խմբակցությունն է սահմանում խաղի կանոնները, եւ ընդդիմադիր ցանկացած նախաձեռնություն խեղդվում է բնի մեջ։

Ընդդիմության օրակարգը կարող է հաջողել բացառապես մեկ դեպքում՝ համընդհանուր հուսաբեկության փոխարեն արթնացման շարժում սկսելու, ապա եւ ամենավճռորոշ պահին այն ոչ թե մարման տանելու, այլ բավարար պատասխանատվություն եւ վճռականություն ցուցաբերելով՝ օրերի ընթացքում իշխանափոխություն իրականացնելու։ Մնացած բոլոր սցենարները, «պլան բ»-երն ու ճանապարհային քարտեզները հեքիաթի կամ ինքնարդարացման ժանրից են։ Բայց ցավոք՝ ընդդիմությունն է ինքն է քանիցս նահանջել իր իսկ սահմանած օրակարգային կետերից։ Օրինակ, հետպատերազմյան փուլում այն միարժեք պնդումը, թե Փաշինյանի կազմակերպած ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ չեն կարող լինել ի բնե, եւ կամ՝ նա ընդհուպ պետք է հրաժարվի դրանց մասնակցելուց, արագորեն մոռացվեցին, ճիշտ հակառակը՝ սկսեց քարոզվել ամեն գնով տեղամասեր գնալու քայլը։

Արդյունքում՝ ընտրությունները բոյկոտած ընտրազանգվածն ամենամեծաքանակն էր՝ մոտ 800 հազար մարդ, եւ առայսօր գտնված չէ նրանց քաղաքականապես մոտիվացնելու բանաձեւը։ Բոլոր այն հանրահավաքային ձեւակերպումները, թե Փաշինյանի իշխանավարումը մեր պետականության կորուստ է նշանակում, պետությունը կազմաքանդվում է, Արցախը՝ վերջնականապես կորսվում, վաղուց ազդեցիկ ուղերձներ չեն։ Որքան էլ տարօրինակ է՝ լայն հանրությունը շատ ավելի անհաղորդ է բուն պատերազմի, այս իշխանության կողմից այն հրահրելու, էլ չասած՝ նախապատերազմյան փուլում պարտությունը «նախապատրաստելու» թեմաների շուրջ։ Լավրովյան պլանի, ապրիլյան պատերազմի, Քոչարյանի եւ Մեղրիի տարբերակի, Մինսկի խմբի երբեւէ ներկայացրած առաջարկների մասին պատմելը, անգամ Տեր-Պետրոսյանի պատկերացրած լուծումները որպես բանակցային հնարավոր լավագույն, բայց կորսված այլընտրանք ներկայացնելը, ցավալիորեն, քչերին է մոտիվացնում, լավագույն դեպքում՝ այդ մասին արդեն վաղուց տեղյակ եւ Ֆրանսիայի հրապարակում պարբերաբար հավաքվող մեր մի քանի հազար հայրենակիցների։

Այն ողջամիտ հիմնավորումները, որ այս իշխանության պաշտոնավարման գինն Արցախն է, ապա եւ ամբողջ Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ դա կարող էր իրեն թույլ տալ միայն «հեղափոխությամբ» բերված իշխանությունը, եւ կամ՝ որ Թուրքիայի ազդեցությունը մեր երկրում աննախադեպ աճել է, հնչում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։ Կորստաբեր իշխանության բերած փորձանքների պատասխանատվությունը, որքան էլ դա ոչ օրինաչափ է, առնվազն սառեցվել է, եթե ոչ՝ ներվել նրանց։

Ամեն ինչ կորսված է՝ թե՛ մի ամբողջ սերունդ, թե՛ հող ու հայրենիք, թե՛ տարածաշրջանային գործոնի հեռանկարը, թե՛ պատվախնդրություն ու բարոյականություն, ամեն ինչ, բայց դրա գինը թվացյալ անհոգությունն է՝ անորոշ վաղվա սպասումով։ Միակ «հաստատուն արժեքն» այս հարափոփոխ ժամանակներում Փաշինյանին ներքին եւ արտաքին լեգիտիմություն հաղորդելն է, հետեւաբար՝ ֆիզիկական անվտանգության երկաթյա ապահովումը, երբ հաճախ թվում է, որ նրա իշխանությունը ֆիասկո է ապրելու ոչ թե ընդդիմության գործողությունների կամ մի հերթական ընտրության, այլ հենց սեփական ապիկարության կամ գավառական ճարպկության հետեւանքով։

Դավիթ Սարգսյան