Որքան էլ վիճակն օրհասական լինի, չընկճվե՛ք, գոտեպնդվե՛ք

Որքան էլ վիճակն օրհասական լինի, չընկճվե՛ք, գոտեպնդվե՛ք

33 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Արցախի Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը: 

Անցյալ ավելի քան 30 տարիների ընթացքում արցախահայությունը, մայր Հայաստանի զորակցությամբ և օժանդակությամբ, զարգացնելով Արցախի դարավոր պետականության հարուստ ավանդույթները, կառուցել է աշխարհի բազմաթիվ երկրների համար շատ առումներով օրինակելի պետություն՝ Արցախի Հանրապետությունը:
Ոչ ոք չէր մտածում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար Արցախի Հանրապետությունը կարող է ճանաչել Ադրբեջան անունով բռնապետական, արհեստական, կեղծ կազմավորման մաս:

Ի դժբախտություն և ի ամոթ բոլորիս՝ մենք նշվածի փաստի ականատեսներն ու ժամանակակիցներն ենք:
Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնավորել, կամ արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ չվերադառնալը:
Մենք անպայմանորեն պիտի վերադարձնենք Արցախը: Այլ տարբերակ չի կարող և չպետք է լինի:    
Մենք պետք է մաքրենք ամոթի խարանը մեր ճակատներից:

18 տարիներ առաջ այս օրը՝ 2006թ. դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է նաև մայր օրենք՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Հարկ է նշել, որ դեռևս ավելի քան 1500 տարիներ առաջ հայոց մեջ առաջինը, իսկ աշխարհում առաջիններից մեկը Սահմանադրություն ընդունվել է հենց Արցախում: 488թ. մայիսի 1-ին Արցախի թագավոր Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ հրավիրված բազմաբյուր ատյանը՝ կազմված Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներից, ընդունել է Արցախի մայր փաստաթուղթը, որը կոչվել է «Սահմանադրություն կանոնական»: 

Այս իմաստով, կարող ենք վստահաբար պնդել, որ Արցախում սահմանադրաիրավական մշակույթն ունի ավելի քան մեկուկես հազարամյակի պատմություն:

Սիրելի՛ արցախցիներ, որքան էլ վիճակն օրհասական լինի, չընկճվե՛ք, գոտեպնդվե՛ք, թող երբեք չլքի ձեզ սերն առ ՀԱՅՐԵՆԻՔ, քանզի փորձություններն անցողիկ են, իսկ ՀԱՅՐԵՆԻՔՆ՝ առհավետ:

Հավերժ փառք Արցախի Հանրապետության անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիներին: 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ                                                               

քաղաքագետ