Ստի կատարողական՝ առաջին պլանում ծաղրածուներն են

Ստի կատարողական՝ առաջին պլանում ծաղրածուներն են

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ես կուզենայի մի փոքր ավելի լուրջ խոսել այն տնտեսական հաջողությունների մասին, որոնք ձեռք են բերվել այս իշխանությունների օրոք: Ահավասիկ, Փաշինյանն ասում է. «Միայն հեղափոխության բերած տեմպերի շնորհիվ ՀՀ պետբյուջե լրացուցիչ մուտք է եղել 4,2 միլիարդ դոլար»: Շշմելու թիվ է, շշմելու հաջողություն, այնպես չէ՞: Իսկ ինչո՞ւ է վարչապետն այդ թիվը կրակելուց հետո ընկնում նոպայի մեջ, հարձակվում ընդդիմության վրա, թե ընդդիմությունն իրենց մեղադրում է բյուջե լցնելու մեջ՝ հասեք, բյուջե են լցնուուուում… Եվ ակամա հիշում ես Նիկոլի սուրբ փեշակը՝ ստախոսությունը: Սա հաստատ էլի սուտ է ասում: Առաջին հարցը, որ այդքան բան տեսնելուց հետո ծնվում է քո մեջ, հետեւյալն է՝ բա էդ 4.2 միլիարդ դոլարն ի՞նչ եք արել, արա: Մի քոսոտ միջազգային կազմակերպություն 10 միլիոնի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, 10 օր Հ1-ով տարփողում եք: Բա մեր վարչապետի շնորհիվ մեր ժողովրդից այդքան փող եք քերել բյուջեի համար ու լռո՞ւմ եք: Ո՞ւր է այդ փողը, հարցնում եմ: Ծախսել եք չկառուցված մանկապարտեզների, դպրոցների վրա՞, քաղա՞ք եք կառուցել, զե՞նք եք առել…

Ի՞նչ եք արել:
Ես, բարեբախտաբար, տնտեսագետ չեմ եւ նման հարցերից շատ էլ գլուխ չեմ հանում, բայց տնտեսագետներն ասում են՝ 7 տարում սրանք 7 միլիարդով ավելացրել են պետության պարտքը: Շնորհքի հարց է՝ տվել են, սրանք էլ վերցրել են: Հիմա այդ 7 միլիարդին գումարենք Նիկոլի ասած 4,2 միլիարդը… Դա քեզ կանի 11,2 միլիարդ փող: Ես՝ շարքային թոշակառուս, մտածում եմ, որ դրա մի չնչին մասը պետք է հասներ նաեւ ինձ: Չգիտեմ՝ ինչքան, չգիտեմ՝ ինչ ձեւով, բայց ես իմ մաշկի վրա պետք է զգայի այդ հսկայական գումարի բարերար ազդեցությունը: Մինչդեռ ես ոչինչ չեմ զգում: Ես պետական ծառայող չեմ, պետությունից աշխատավարձ չեմ ստանում, պարգեւավճարներ՝ առավել եւս: Ինձ համար էլ գոնե տրանսպորտն էժանացրեք, գույքահարկը նվազեցրեք, մեր շքամուտքի դուռը փոխեք, կոմունալը… Լավ, անձնականն էլ մի կողմ դնեմ… Իմ խեղճուկրակ հայրենակիցներին խմելու ջուր հասցրեք, ոռոգման ջուր: Լիքը երեխա դպրոց ու մանկապարտեզ չի գնում… Իբր մի օգնություն եք տալիս նրանց ծնողներին, էն էլ քթներից եք բերում, թե` լոդր են, չեն ուզում աշխատել: Բանա՞կն եք զինել այդ գումարով… Եվ, ուրեմն, ի՞նչ եք արել 11,2 միլիարդ դոլարը… Լափել եք: Այդ գումարը մի դռնից մտցրել եք բյուջե, մյուսից՝ տարել: Լվացել եք, փոշիացրել, լցրել ձեր գրպանները, լափել․ որդ՝ աշխատավարձի, որդ՝ պարգեւավճարի, որդ՝ արտասահմանյան ուղեւորությունների, որդ՝ դրամաշնորհների, որդ՝ գնումների, որդ՝ կեղծ մրցույթների շնորհիվ:

Ինչի՞ մասին լռեց Նիկոլը կառավարության 2024թ. կատարողականի մասին իր ելույթում: Այստեղ արդեն կխնդրեի, որ ինձ օգնեն տնտեսագետները, որոնց աչքից ոչինչ չի վրիպում: Ստորեւ բերեմ տնտեսագետ Հրայր Կամենդատյանի գրառումը, որից պարզ կդառնա, թե ինչու էր Նիկոլը պարում ԱԺ ամբիոնի մոտ. 

«- Քանի որ Ներոնը տապալեց բյուջեի կատարողականի քննարկումը, որը դասը չիմանալու արդյունք էր նաեւ, եկեք օգնենք այդ անձին։ Օրեր առաջ իրեն տգետ անվանող անձը մոռացավ անդրադառնալ հետեւյալ հարցերին, որոնք տնտեսական վտանգների կծիկ են դարձել։
1. Կրկնակի անգամ բարձրացվել է շրջանառության հարկը, որի դեմ բողոքավոր 2 հազար 300 տնտեսվարող երեկ նամակ է հղել իր նմանին։
2. ՀՀ խաղային ինդուստրիայում կատարվող խաղադրույքները հասել են 7.2 տրիլիոն դրամի:
3. Մոտ 65-70 մլն դոլարի համարժեք գումար անհետացել է Անիֆ հիմնադրամում։ Այդ թեմային առնչվում են ՔՊ բարձրաստիճան ղեկավարներ։
4. Մոտ 6.5 մլն դոլար տրվել է հանրահայտ թմրամոլին, որն էլ չի ալարել եւ գրպանել է այն։
5. Հարյուրավոր տեսակի ապրանքների դրոշմավորումը նվիրվել է մի կազմակերպության, որի հետ կոնսորցիումով տենդերը շահող ռուսական ընկերությունը, որը միակ մասնագիտական կառույցն էր, վաղուց լքել է կոնսորցիումը։
6. ՏՏ ոլորտի ձեռնարկություններին նվիրվել է 25 մլն դոլար, որը նրանց կողմից մսխվել է։ Նվեր` 840 հազար դոլարի չափով, ստացել է մի քանի մլրդ դոլարի կապիտալ ունեցող ամերիկյան հսկայի դուստր ձեռնարկությունը։
7. Իրականացվել է ոսկու վերաարտահանման խոշոր կասկածելի գործարք, որի համար ՀՀ-ն կարող էր հայտնվել սանկցիաների տակ։
8. Հայկական բանկերը վաստակել են 900 մլն դոլարի շահույթ, որը չկարգավորվող շուկայում հաճախորդներից քերված սակագներն են։
9. 2025 թ. հունվար, փետրվարի հանրագումարային արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է 52 տոկոսով:
10. 2025 թ. հունվար-փետրվարի հանրագումարային ներմուծումը նախորդ տարվա համեմատ նվազել է 48 տոկոսով։
11. 2025 թ. հունվար-փետրվար ամիսների հանրագումարային արդյունաբերական արտադրանքը նախորդ տարվա համեմատ նվազել է 19.8 տոկոսով։
12. Տասնյակ կառուցապատողներ սնանկացել են, եւ հարյուրավոր քաղաքացիներ կարող են զրկվել իրենց վճարած գումարներից։

Սա մի փոքր ցանկ է՝ կան­խա­մտածված բացթողումների, որի համար ոչ ոք պատասխանատու չէ եւ չի լինի»։
Վերջում Հրայր Կամենդատյանը հավելում է. «Սակայն կա մի հուսադրող փաստ։ Ելույթի ընթացքում թիմակիցներն ընդհանրապես չէին լսում նրան, նա արդեն ավարտված եւ սպառված սուբյեկտ է։ Այո, ցանկացած տոտալիտար աղանդ փլուզվում է ներսից, երբ մասնակիցներն ըմբռնում են, որ իրենց ետեւից հարեւան երկրից ինքնաթիռ չի գալու»։

ՀԳ. Նիկոլ, դու քիչ գնա ԱԺ, վարկանիշիդ պլանկան ընկնում ա…