Եթե գաղափարը վատ աշխատի, առաջին քլնգողը ես կլինեմ

Եթե գաղափարը վատ աշխատի, առաջին քլնգողը ես կլինեմ

Առողջապահության նախկին նախարար, «Վարդանանց» բժշկական կենտրոնի, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ղեկավար Լեւոն Ալթունյանը դրական է գնահատում առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի մշակած՝ «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության» գաղափարը, որով քաղաքացիները պետք է 6 տոկոս հարկ վճարեն իրենց եւ այլոց առողջության ապահովման համար։ Ալթունյանը հիշեցրեց, որ ժամանակին, երբ ինքը նախարար էր ու փորձում էր առողջապահության ապահովագրություն ներդնել, ինչի համար իրեն դարձյալ քննադատում էին, խոսում էր ամսական 6 հազար դրամի մասին, որը կազմում էր տարեկան 72 հազար դրամ, մոտավորապես 240 մլրդ դրամ էին կազմում բնակչության առողջապահական ծախսերը։

«Ինչքան լսել եմ, նախարարը բարձրաձայնում է նույն թիվը՝ 240 մլրդ դրամի շուրջ է խոսակցությունը, էդ պարագայում դրական եմ վերաբերվում։ Էդ 6 տոկոսը մի քիչ ավելի սոցիալական արդարությունն է պաշտպանում, որ եթե մարդ ստանում է 100 հազար դրամ, 6 տոկոսը կազմում է 6 հազար դրամ։ Մյուս կողմից՝ եթե մարդը ստանում է 2 մլն դրամ, իր համար դա 120 հազար է կազմում։ Այսինքն՝ ապահովագրության սկզբունքը պահպանվում է, երբ հարուստը վճարում է աղքատի համար, առողջը՝ հիվանդի համար։ Բայց էստեղ մի տարբերություն կա՝ իրենց առաջարկածի եւ մեր մոտեցման միջեւ․ մենք կարծում էինք, որ սոցիալապես անապահով, գործազուրկ, թոշակառու խավի եւ երեխաների համար պետք է վճարեր բյուջեն»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Ալթունյանը։ Իրենք առողջապահական ծախսերից փորձում էին տնտեսել այն գումարը, որը կտային սոցիալապես անապահովների ապահովագրությանը։ «Այդ դեպքում մենք կարող էինք բոլորին ասել, որ ձեզանից հավաքում ենք 6 հազար դրամ։ Իսկ հիմա պետք է ապահովեն ամբողջ 3 մլն բնակչության առողջության ապահովագրումը մոտ 480 հազար աշխատողի 6 տոկոսի հաշվին»,-ասաց Ալթունյանը։

- Սոցիալական արդարության գաղափարը որտե՞ղ է ավելի շատ պահպանվում՝ հավասարապես բոլորից 6 հազար դրա՞մ, թե՞ ամեն մեկից 6 տոկոս գանձելու դեպքում։

- Դուք գիտեք՝ պարտադիր ապահովագրության դեպքում, եթե վերցնում ես 6 հազար դրամ, համապատասխանաբար 6 հազար դրամի ծառայություններ ես մատուցում մարդուն, եթե ինքն ուզում է ավելին, լրացուցիչ կամավոր ապահովագրություն է ձեռք բերում՝ անսահմանափակ ծածկույթով։ Հիմա, եթե մարդ ստանում է 2 մլն դրամ եւ ամսական վճարում է 120 հազար, ստացվում է, որ ինքը տարեկան վճարում է 1.5 մլն դրամ։ Եվ դրա դիմաց տալ միայն սահմանափակ պարտադիր պրոդուկտ՝ առանց որեւէ սերվիսի, առանց լրացուցիչ ծածկույթների, մի քիչ շատ համարձակ է։

- Ինչո՞ւ չեք քննադատում, այդ դեպքում, նախարարության այս նախաձեռնությունը։

- Չեմ քննադատում մի պարզ պատճառով՝ դա լիներ 6 հազար դրամ, թե դա լինի 6 տոկոս, հասարակության «դեմ» զանգվածը, միեւնույն է, դեմ է լինելու։

- Բայց Դուք կարող եք ավելի ողջամիտ առաջարկ ներկայացնել՝ հիմնավորելով, եւ հասարակությունը կունենա ավելի լավ ապահովագրական համակարգ։

- Գլխավորը՝ սկսել եւ սովորեցնել հասարակությանը, որ միայն պետության վրա հույս դնել չի կարելի, պետք է վճարել։ Մեծ տարբերություն չկա, եկեք սկսենք, ընթացքում շտկումները շատ ավելի հեշտ է մտցնել։

- Բայց հարուստը, որն ստանում է 2 մլն դրամ եւ վճարում է 120 հազար դրամ, մեղավո՞ր է, որ ինքը հարուստ է եւ պետք է 120 հազար տա աղքատի համար։

- Նախ տեսեք՝ ամիսը 2 մլն ստացողին չի կարելի համարել հարուստ, դա կարելի է համարել միջին հաջողակության մասնավոր սեկտորում մենեջեր, աշխատակից կամ ծրագրավորող, կամ մարկետոլոգ։

- Լավ, բայց մարդը մեղավո՞ր է, որ իր չարչարանքով հասել է «բարձր վարձատրվող» կարգավիճակի ու պետք է վճարի մեկի համար ու ստանա նույն ծառայությունը, ինչ նա։

- Էդ հարցը հնչում է բոլոր զարգացած երկրներում։ Ես հիմա կվախենամ հստակ թվեր ասել, բայց կարելի է հետաքրքրվել․ Ֆրանսիայի բնակիչները կարող են նույն հարցը տալ՝ ես մեղավո՞ր եմ, որ պարտավոր եմ իմ եկամտի 50-55 տոկոսը հետ տալ պետությանը՝ հարկերի տեսքով։ Դա տվյալ երկրի քաղաքացի կոչվելու եւ տվյալ երկիրը շենացնելու գինն է։

- Բայց քաղաքացին արդեն իսկ տարբեր հարկեր վճարում է, որ դրանցով պետությունը կարողանա թոշակ տալ, նպաստ եւ այլն, հիմա էլ՝ այս հարկատեսակը։ Վաղը կարող է ասեն՝ մի հատ էլ ձեր էկզիստենցիալ գոյության համար հարկ վճարեք, որ ՀՀ հպարտ քաղաքացի եք։

- Հիմա ես մի բան կասեմ, Դուք կասեք՝ մեզ մոտ էդպես չի, եթե էդպես լիներ, մենք էլ համաձայն կլինեինք։ Նույն Ֆինլանդիայի կամ սկանդինավյան երկրների քաղաքացիները նախընտրում են հարկերը վճարել եւ ծառայություններն ստանալ պետությունից, քան թե իրենք ծախսերը քաշեն։ Ակնհայտ է, որ «բիրիքով» շատ ավելի էժան է։ Իսկ մեզ մոտ մի կողմից մի քիչ կանխատեսելի չէ ծառայությունների որակը, մյուս կողմից՝ մենք պետք է տարանջատենք սոցիալական ապահովվածությունը եւ ապահովագրությունը։ Դրանք տարբեր բաներ են։ Ես ինչքան հասկացա, 6 տոկոսը սոցիալական ապահովվածության հարկ է, եւ ապահովագրության մասին այսօր խոսք չկա։

- Երբ Դուք նախարար էիք ու փորձում էիք ապահովագրականների միջոցով լուծել այս խնդիրը, Ձեզ քննադատում էին, որ անձնական բիզնես-շահեր եք առաջ տանում։ Հիմա ճիշտ է, որ մասնավո՞ր ապահովագրական ընկերությունները հոգան մարդկանց առողջության ծախսերը, թե՞ պետությունը, ինչին գնում է այս կառավարությունը։

- Ճիշտն այն է, որը աշխատի։ Հիմա, եթե էսօրվա իշխանությունը որոշել է, որ պետք է գնա պետական ապահովագրության բանաձեւով, ես ողջունում եմ դա։ Բայց եթե դա վատ աշխատի, առաջին քլնգողը ես կլինեմ, իսկ եթե լավ աշխատի, առաջին ողջունողը ես կլինեմ։ Ամեն դեպքում, ծառայությունը պետք է ներդնել այնպես, որ ճիշտ աշխատի, ոչ թե միտված լինի այս կամ այն մասնագիտական կամ սոցիալական խմբին հարստացնելուն։ Ընդ որում, եթե ապահովագրականներին թույլ չէր տա հարստանալ Կենտրոնական բանկը, ապա այս բանաձեւի դեպքում ես զսպող մեխանիզմներ չեմ տեսնում, եւ այն արդեն կիրառվել ու ձախողվել է Վրաստանում։

- Քլնգել ասացիք՝ հիշեցի․ ի տարբերություն շատ նախկինների, Դուք դրական եք գնահատում նախարարի արածը։ Իրոք լա՞վ է աշխատում, թե՞ Դուք լավ հարաբերություններ ունեք կամ կախման մեջ եք՝ որպես ԲԿ ղեկավար։

- Կախում ընդհանրապես չունեմ, եւ գործող նախարարը, ի պատիվ իրեն, պահպանել է այն բանաձեւը, որով նախարարը կամ որեւէ չինովնիկ չի ազդում պետպատվերի բաշխման վրա։ Էդ կողմից ընդհանրապես կաշկանդված չեմ։ Ինչ վերաբերում է քլնգելուն, դժվար է քլնգել ինչ-որ գաղափարներ, որոնք էսօր հռչակվում են, եթե բարձրացվել է հակակոռուպցիոն դրոշը, ես էդ դրոշի հետեւից գնում եմ։