«Ծռերի» հետ հանդիպումը երկու պատճառ ունի

«Ծռերի» հետ հանդիպումը երկու պատճառ ունի

Անցյալ շաբաթվա քաղաքական ամենաուշագրավ իրադարձություններից մեկը Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա ծռեր» կուսակցության երկու դեմքերի՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հանդիպումն էր: Իսկ ուշագրավությունն այն է, որ կառավարությունը «ծռերի» հետ հանդիպման, եթե չասենք՝ համագործակցության, կգնար ամենավերջում: Այսինքն՝ արտախորհրդարանական ուժերից նրանք, մեղմ ասած, այնքան էլ իմքայլականների սրտով չեն: Համոզված եմ՝ եթե չլինեին ծանրակշիռ հանգամանքներ, ապա նրանց հանդիպման առաջարկը կմերժվեր: Իշխանությունն ավելի շուտ լեզու կգտներ ՀՅԴ-ի հետ՝ հաշվի առնելով նրա սփյուռքյան ներուժը, «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ, հնչակյանների, ռամկավարների, մի խոսքով, բացի ՕԵԿ-ից ու ՀՀԿ-ից, ցանկացածի հետ, բայց ո՛չ «ծռերի»:

Պատճառները մի քանիսն են: Առաջին․ «ծռերն» անզիջում հակառուսական ուղղվածություն ունեն։ Երկրորդ․ նրանք կարծում են, որ հեղափոխությունը սկսվել է, բայց շեղվել է իր բուն նպատակից։ Երրորդ․ ունեն տարաձայնություններ նախորդ ռեժիմին քաղաքական-իրավական գնահատականներ տալու առումով, եւ, վերջապես, ամենակարեւորը՝ անկանխատեսելի են ու անկառավարելի: Իսկ նման ուժի հետ, համաձայնեք, ուժեղի դիրքերից խոսելը, առավել եւս՝ կամք թելադրելը, բարդ գործ է: Հավելենք նաեւ այն, որ նրանց նկատմամբ ուժայինների՝ ԱԱԾ- ի եւ ոստիկանության բացասական վերաբերմունքը չի նպաստում իշխանության մերձեցմանը նրանց հետ: Ուրեմն կա շատ լուրջ պատճառ նրանց ներկայության հետ հաշտվելու, այո, այո՝ հաշտվելու, քանի որ սա այն դեպքը չէ, որ պաշտոն տաս եւ ուզածդ պահանջես: 

Բայց, իմ կարծիքով, այնքան էլ լուրջ չեն այն պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է նրանց ներուժն օգտագործել ռեւանշիստական ուժերին ճնշելու համար, հազիվ թե «ծռերը» համաձայնեն այդ դերը ստանձնել ռեւանշի կրակով բռնկված «հրդեհի» դեմ պայքարում, որի ելքում հաղթողներ չեն լինում, այլ լինում են ոչնչացվածներ։ Իսկ շահողները, որպես կանոն, կողքից ապահով հեռավորության վրա դիտողներն են լինում: Պարոն Էդիկ Անդրեասյանի դիտարկման հետ էլ համաձայն չեմ՝ առ այն, որ քաղաքական հարսանիք է կայացել, քավորն էլ առաջին նախագահն է: Ժիրայր Սեֆիլյանը 2008-ից հետո Տեր-Պետրոսյանին քաղաքական գաղափարակից չի եղել եւ հազիվ թե հիմա համաձայներ նրա դրոշի տակ մտնել, այն էլ այն պարագայում, երբ իրենց քաղաքական քաշը ՀԱԿ-ի հետ նույնն է (չեմ ուզում ասել՝ ավելին):

Ըստ իս, հարցն այստեղ այլ է․ «Սասնա ծռերն» ուղղակի հոգնեցին սպասելուց: Սպասելուց, որ իրենց հաշվի կառնեն՝ որպես հեղափոխության համար ճանապարհ հարթողների կամ հեղափոխության գաղափարի գեներացնողների: Բացի այդ, նրանց դուր չի գալիս ներկայիս կառավարության արտաքին քաղաքականության ուղղվածությունը կամ հարաբերությունների կառուցման գործիքակազմը եւ, վերջապես՝ լյուստրացիայի բացակայությունը, որը նրանց ծրագրային մեխերից մեկն էր: Եթե դրան էլ գումարենք բնապահպանական խնդիրների առումով հետքայլի հեռանկարները, ստացվում է, որ այդ ուժի համբերությունը սկսում է սպառվել, եւ նրանք երկխոսության նախաձեռնություն են դրսեւորում, կամ նաեւ հնարավոր է՝ ինչ-որ հարցերի պարզաբանում են պահանջում: Նրանք հասկանալով, որ ձեռքերը ծալած նստելով կարող են կորցնել հանրային հետաքրքրությունը եւ իրենց էլեկտորատի վստահությունը (իսկ մեր օրերում յուրաքանչյուր ձայն արժեքավոր է), որոշել են ժամանակ չկորցնել եւ նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը: Իսկ թե ինչ շահ կարող է դրանից ունենալ վարչապետը, իմ կարծիքով՝ նվազագույնը երկու։ Առաջինը՝ համագործակցության հեռանկարի ուրվագծում՝ «ձեր առաջարկները կքննարկվեն, որոշները նույնիսկ կընդունվեն»։ Երկրորդ․ լոյալության երաշխիքների ստացում, գոնե որոշ ժամանակով, որը նշանակում է՝ «միասին ոչնչացնենք ի հայտ եկած կամ եկող հակառակորդներին», կամ՝ «մեզ մի խանգարեք, անգամ եթե չեք ուզում օգնել»:

Այսքան բան, ու հազիվ թե «ծռերն» իրենք իրենցով հանձն առնեին ռեւանշիստներին դիմակայելու ծանր գործը, երբ դրա դիմաց հնարավոր պահանջվող զիջումներից կարող էր լինել որեւիցե պորտֆելի զիջումը, ինչին Փաշինյանը չի գնա, կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին ատամներով կդիմադրի խորհրդարանական մեծամասնությունը: Չնայած այս ամենն իմ սուբյեկտիվ կարծիքն է, որն արտահայտում եմ, քանի դեռ հանդիպման իրական պատճառների մասին լռում են թե՛ կառավարությունը, թե՛ «ծռերը»:

Կարեն ՄԵԼՅԱՆ