ՀՀ-ում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել

ՀՀ-ում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել

Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել. հեղաշրջումներն այլ կերպ են տեղի ունենում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով`հեղաշրջումներն այսպես չեն լինում, շրջապատում են որեւէ շենք, հետո հայտարարություն է արվում. «15 րոպե հետո տանկերը կամ զրահամեքենաները կանգնում են փողոցներում: Իսկ սա կոչ է, այլ ոչ թե հեղաշրջում: Զինվորականները հրաժարական ներկայացնելու կոչով են դիմել: Ինչ վերաբերում է բախումների հավանականությանը, ապա այդպիսի հավանականություն միշտ կա, երբ հանրությունը պառակտված է: Զայրույթի պահին ինչ-որ մեկը կարող է մյուսի մռութին խփել, եւ դրանից մեծ անախորժություն կստացվի: Բայց առայժմ այդպիսի բան չեմ տեսնում»։

Մեկնաբանելով իրավիճակը՝ Իսկանդարյանն արձանագրեց, որ հեղափոխության հենց սկզբից տեղի ունեցած գործընթացները, խմբերի միջեւ եղած հակասությունները ներխուժեցին հանրային ոլորտ: Բանակի վարվելակարգի առանձնահատկություններից ելնելով՝ գործընթացները երկար ժամանակ թաքնված էին, բայց վերջին հարցազրույցները՝ նախ Սերժ Սարգսյանի, ապա Նիկոլ Փաշինյանի պատասխան հարցազրույցը, որում նա ոչ այնքան ստուգված հայտարարություն արեց, դարձան յուրատեսակ ձգան: «Այս պատճառով միացավ տումբլերը: Սա զենքի հետ կապ չունի: Սա ներքաղաքական դիսկուրս է, բայց այն հուզեց բանակին»,- նշեց քաղաքագետը: