Մշակույթի գործիչները չունեն Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ

Մշակույթի գործիչները չունեն Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ

Հարցազրույց «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանի հետ

- Դուք միացել եք «Ձայն հայրենյաց» մտավորականների շարժմանը, որին անդամակցել է 300-ից ավելի մշակույթի գործիչ, մինչդեռ սկզբնական շրջանում առանձին-առանձին էին փորձում ձայն բարձրացնել։ Հիմա, քանի որ մտավորականներն իրենց ջանքերը մեկտեղել են, ի՞նչ ուղիներ կան այս իրավիճակից դուրս գալու, մտավորականների ձայնն այսօր լսելի՞ է։

- Կարծում եմ՝ չափազանց կարեւոր է մշակույթի գործիչների դերն ու նշանակությունը ստեղծված իրավիճակում, ինչու, որովհետեւ մշակույթի գործիչների անհատական վարքի դրսեւորումները ցույց տվեցին, որ ոչնչի հասնել չեն կարող միատնտեսի նման ապրելով եւ անհատական կարծիքներ հայտնելով։ Եվ «Ձայն հայրենյացը» եկավ լրացնելու այդ բացը եւ իսկապես ապացուցեց, որ մշակույթի գործիչները հավաքվելով՝ առկա խնդիրները մեկտեղ լուծելու հնարավորություն են ստանում եւ երկխոսություն են սկսել հասարակության այն խավի հետ, որը չի կարողանում հասկանալ, թե ինչ ծանր կորուստներ ենք մենք ունեցել պատերազմի եւ հետպատերազմի ընթացքում։ Կարծում եմ՝ մենք մեր առաքելությունը բարձր մակարդակով ենք իրականացնում, որովհետեւ ժամառժամ շատանում է մեր համակիրների ու գաղափարակիցների թիվը։ Ես կարող եմ նաեւ վստահաբար ասել, որ դրանք արդեն մոտ 500 մշակույթի գործիչներ են, ովքեր համախմբվել են մեկ ընդհանուր տանիքի տակ։ Ու քանի որ մշակույթի գործիչը պայքարի իր ձեւն ընտրել է հասարակության հետ երկխոսելու ձեւաչափով, կարծում եմ՝ ինքն իր արդյունքն իսկապես տալու է, եւ մեր հասարակությունն էլ իսկապես մշակույթի մարդու, մտավորականի ձայնը լսելու անհրաժեշտություն ունի։

- Նոյեմբերի 9-ից հետո ե՛ւ մարդկանց ցասումն էր մեծ, ե՛ւ փողոցներն էին մարդաշատ, բայց աստիճանաբար մարեց։ Սա ինչի՞ մասին է խոսում՝ մարդիկ հուսահատվա՞ծ են, հույս չե՞ն կապում որեւէ ուժի հետ, այս իրավիճակում ո՞րն է մտավորականի անելիքը։

- Մենք այս հարցը բազմիցս քննարկել ենք «Ձայն հայրենյացի» շրջանակներում, նաեւ այս ընթացքում շրջաններում ենք եղել՝ Լոռվա մարզում, երեկ Շիրակի մարզում էինք, բոլորը նույն հարցն են տալիս՝ ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել։ Բազմաթիվ առաջարկներ կան այդ առումով։ Իմ կարծիքով, այստեղ շատ մեծ նշանակություն ունեն եղանակային պայմանները, դա շատ ազդող հանգամանք է, եթե, օրինակ, դրսում լիներ + 15 կամ +20 աստիճան, հավատացեք, ժողովուրդը ներսում չէր մնա իր դիրքորոշումը հայտնելու համար, որովհետեւ յուրաքանչյուր մշակույթի գործչի կամքը նաեւ դրսում՝ փողոցում կարող է արտահայտվել, բայց եղանակային պայմաններն իսկապես դա թույլ չեն տալիս՝ այդպիսի պայքար սկսելու, բայցեւայնպես կարծում եմ, որ դրա ժամանակը մոտ է, եւ այն մարդիկ, ովքեր ողջ պատասխանատվությունը կրում էին ի պաշտոնե, եւ կարծես թե հենց վարչապետն էր ասում, որ ինքն ընդունում է ցանկացած դատավճիռ, որը կկայացնի ժողովուրդը, այդ առումով կարծում եմ՝ գոնե մշակույթի գործիչներն այդ դատավճիռը կայացրել են, եւ նրանք Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չունեն, եւ եթե բարոյական տեսանկյունից նայենք այս ամենին, ես գնացել եմ իմ ինքնության հետեւից, որովհետեւ հայրենիքն ինձ համար իմ ազգային ինքնության փարոսն է, եւ այդ կորստի ցավը, որը ես կրում եմ իմ մեջ՝ նաեւ մտածողության ցավը, որովհետեւ Հայաստանն առաջին հերթին ինձ համար իմ ազգային ոգու, տեսակի ինքնության պահպանման խարիսխն է։ Այս 2․5 տարում ամեն ինչ արեցին, որպեսզի իմ մշակութային արժեքները նսեմացնեն եւ վերացնեն, ուստի կարծում եմ, որ այս պայքարը նաեւ իմ՝ մեր ինքնության պայքարն է։

- Բայց վարչապետը չի ընդունում ո՛չ ժողովրդի, ո՛չ մշակույթի գործիչների՝ հրաժարական ներկայացնելու հորդորները, ավելին՝ հանրությանը պատրաստում է նոր ընտրությունների։ Ո՞րն է ելքը։

- Ես քաղաքական մեկնաբանություններ չեմ կարող անել, կարող եմ միայն մշակույթի գործիչների բարոյական աջակցությունն առաջարկել։ Ավելին՝ պետությունը հենց այնտեղ վնասվեց, որ ամեն մարդ իր գործը չարեց։ Ես պարի, մշակույթի մարդ եմ եւ զբաղվում եմ իմ գործով, ես քաղաքական կուռքեր չեմ ունեցել եւ տանել չեմ կարողանում կռապաշտությունը, ատում եմ քաղաքական լյումպեններին։ Ես դավանել ու շարունակելու եմ դավանել ազգային մշակույթը՝ իմ տեղում իմ գործն անելով։

- Այս պարտությունն ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի հոգեւոր-մշակութային կյանքի վրա՝ թե՛ մարդկային կորստի եւ թե՛ բարոյահոգեբանական իմաստով։

- Դժվար հարց եք տալիս, որովհետեւ «Բերդ» պարային անսամբլը կորցրեց իր լավագույն մենապարողներից մեկին՝ Շահենին, իսկ երկու հրաշք պարողներս անհետ կորածների շարքում են։ Այս բարոյահոգեբանական վիճակն առողջացնելու ձեւերը շատ դժվար է գտնելը, որովհետեւ պարն ուրախության դրսեւորման ձեւերից մեկն է, սիրտդ պետք է ուրախ լինի, որ կարողանաս ինչ-որ բան ստեղծագործել եւ գնաս քո ստեղծագործության ճանապարհով։ Այս ժամանակահատվածում մեզ կտրեցին մեր ստեղծագործական ճանապարհից, ընթացքից, հնարավորությունից, բայց թե ինչպես պետք է առաջ գնանք բարոյահոգեբանական իմաստով՝ առաջիկա երեքշաբթի օրը կերեւա, որովհետեւ «Բերդ» պարային անսամբլը շուրջ մեկ տարի փորձեր չի արել, եւ այդ օրը պատրաստվում ենք մեր առաջին փորձին։ Թե ինձանից ինչ ուժեր են հարկավոր՝ ետ բերելու պարողների բարոյահոգեբանական գործոնը, դա նաեւ ժամանակ է պահանջելու։