Արմեն Սարգսյանը եղած լծակներից էլ չցանկացավ օգտվել․ ՍԴ նախկին դատավոր

Արմեն Սարգսյանը եղած լծակներից էլ չցանկացավ օգտվել․ ՍԴ նախկին դատավոր

Արմեն Սարգսյանն իր լիազորությունների մասին գիտեր, երբ որ համաձայնվում և նախագահ էր առաջադրվում։ Այս մասին 24News-ին ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ 

«4 տարիների ընթացքում իմացել է իր լիազորությունների մասին։ Երկրորդ, հնարավորությունը, որ ինքն ուներ Սահմանադրական դատարան դիմելու, համենայնդեպս մի քանի անգամ չօգտագործեց։ Այսինքն՝ եղած հնարավորությունից էլ հրաժարվեց», - ընդգծեց Ալվինա Գյուլումյանը։

Լիազորություններից հրաժարվելու օրինակ Գյուլումյանը նշեց 2020 թվականի Սահմանադրական փոփոխությունները, որով նախկին գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների գրած օրենքով դադարեցրեցվեցին 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը դադարեց պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, իսկ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվեցին։ Դատավորները այս հարցով դիմել են ՄԻԵԴ։ «Արմեն Սարգսյանը կարող էր դիմել Սահմանադրական դատարան, չդիմեց։ ՀԵտո էլի դեպքեր եղան, որ չդիմեց, թողեց օրենքները ստորագրվեն ԱԺ նախագահի կողմից։ Այսինքն՝ հստակ դիրքորոշում չարտահայտեց՝ «կա՛մ ստորագրում եմ, կա՛մ չեմ ստորագրում, դիմում եմ»։ Եղած լծակներից էլ չցանկացավ օգտվել։ Այս պարագայում ինչի՞ մասին է խոսքը», - շարունակեց իրավաբանը։ 

«Խորհրդարանական հանրապետության պայմաններում թերևս ուներ որոշակի լծակներ, նվազագույնը կարող էր արվել», - եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին և այդպիսի որոշում ընդունելու պատճառներից մեկը նշեց քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համապատասխան գործիքների պակասը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում