5-րդ շարասյունը՝ գործողության մեջ

5-րդ շարասյունը՝ գործողության մեջ

5-րդ շարասյան թեման Նիկոլը բացեց, որպեսզի հերթական անգամ ուրիշի վզին փաթաթի խայտառակ պարտության մեղքը: 

Հասարակության կիսագրագետ հատվածի համար դա Նիկոլի անմեղության հերթական վկայությունն է: Գրագետ հատվածն էլ հերթական անգամ փորձում է այդ մարդկանց բացատրել, որ դա հերթական մանիպուլյացիան է՝ ուղղված իրենց: Բայց ես վստահ եմ, որ իրենք կրկին ականջի հետեւն են գցելու իմ կամ ինձ նման անձանց փաստարկները: Ինչը նշանակում է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Կամ էլ հույսներս պետք է դնենք այն երեւույթի վրա, ինչն արտահայտված է «անընդհատ կաթացող ջուրը ժայռ է ծակում» արտահայտության մեջ: Երկու դեպքում էլ գործընթացը մեզ չի կարող բավարարել: Որովհետեւ մենք այնքան ժամանակ չունենք, որպեսզի գտնենք սխալի արմատն ու ճիշտը ներկայացնենք կամ էլ սպասենք կաթիլի հարվածի ուժով ժայռի ճեղքվելուն: Բայց քանի որ ձեռքերը ծալած թախտին նստելն ու բախտին սպասելը եւս ճիշտ չէ, ձեր ուշադրությանն է ներկայացվում հերթական հոդվածը:

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի (1936-1939) օրերից մեզ ավանդված 5-րդ շարասյան գործոնը սովորաբար արտաքին վտանգի դեպքում է ակտիվանում: Երբ վերջինս բացակայում է, մարդիկ մոռանում են դրա գոյության մասին: Իսկ եթե ենթադրենք, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունն արտաքին՝ թուրքահպատակ գործակալների իշխանություն է, ապա այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ 5-րդ շարասյունը հանգիստ կարող է առկա լինել համեմատաբար խաղաղ ժամանակահատվածում: Իսկ որ Նիկոլի իշխանությունը հենց այդպիսին է, կարծում եմ, որ գրագետ խավի մոտ կասկած չի հարուցում: Խնդրեմ վկայությունը՝ Նիկոլի եւ նրա ուսապարկերի խոսույթը զուտ ադրբեջանամետ է. դա՝ մեկ: 

Եվ երկրորդ՝ եթե նույնիսկ մեկ-մեկ այդպես չի լինում, մենք նրանից լսում ենք ոչ թե երկրի ղեկավարի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարի, այլ թշնամի պետության այս կամ այն ինստիտուտի խոսնակին բնորոշ արտահայտություններ: Մեր ղեկավարը, ինչպես ենթադրվում է, պետք է նկարագրի իրավիճակը եւ դրա դեմ հակազդեցության քայլերը: Դա մենք, դժբախտաբար, չենք լսում:

Դրան հակառակ, քանի գնում, այնքան թանկանում են կենացներն Ադրբեջանի կողմից: Պարզվում է, որ Արցախի ներկայացուցիչներին Բաքու հրավիրելը խաղաղություն հաստատելու բարի կամքի դրսեւորում է: Նույնը եւ թշնամի երկրին ինտեգրվելու հրավերը: Իսկ ինտեգրվելը կամ, մյուս դեպքում, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հետ երկխոսության առաջարկը մերժելը «ցուցիչ է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ ու վարում է կեղծավոր քաղաքականություն»: Այն, որ թուրքերը կեղծավոր են, հայտնի է նրանց հետ շփված բոլոր ժողովուրդներին: Գիտեն նաեւ, որ հենց կեղծավորությունն է թուրքերի քաղաքականության՝ լինի այն ներքին թե արտաքին, հիմքը: Եվ զավեշտն այն է, որ եղծավոր թուրքը կեղծավորության մեջ է մեղադրում Հայաստանի ղեկավարությանը: Այն էլ Փաշինյան Նիկոլի պես ապաշնորհ ու միամիտ մեկին: Պետք էր վարչապետ կարգեինք Նիկոլի պես մեկին, որ մեր մաշկի վրա զգայինք թուրքական՝ «Այիբս (թերություն, արատ եւ այլն՝ Վ. Ս.) դնեմ քո վրա, դու մղկտաս» ասացվածքի զորությունը:  

Այսքանից հետո իրավունք ունենք, չէ՞, հայտարարելու, որ Հայաստանում, իրոք, գործում է թշնամական 5-րդ շարասյուն: Եվ այն ղեկավարվում է, որքան էլ դա դրսեցիներին անբնական թվա, պետության ղեկավարի պաշտոնին գտնվող անձի կողմից: Որ մենք խնդիր ունենք չեզոքացնելու այն, եթե ցանկանում ենք չկորցնել մեր պետությունը: Որովհետեւ, ի տարբերություն նախորդ դարի 30-ական թվականների Իսպանիայի, մեզանում գնում է ոչ թե քաղաքացիական պատերազմ, այլ խաղաղության անվան ներքո մեր ժողովրդին կամազրկելու եւ մանկուրտի (հիշողությունը կորցրած անձ՝ Վ. Ս.) վերածելու քաղաքական խաղ: Որի մասնակիցներն են, մի կողմից, արեւմտյան տերությունների ղեկավարության հովանավորությունը վայելող թուրքահպատակ գործակալները, իսկ մյուս կողմից՝ խաղի կանոններին անտեղյակ, կիսագրագետ կամ անտարբեր եւ անտերունչ ժողովուրդը: Եվ որքան առաջ է գնում խաղը, այնքան նվազում է մեր ժողովրդի՝ այդ խաղից անվնաս դուրս գալու հավանականությունը: Ինչպես վերեւում ասվեց, այդ ժողովրդի գրագետ հատվածին էլ մնում է բացել տալ մեծամասնության աչքերը, որպեսզի մի քանի տարի անց չկանգնենք կոտրած տաշտակի առջեւ: