Ոստիկանությունն այդ խայտառակությունը դեռ երկար պիտի մաքրի իր վրայից․գեներալ Համբարձումյանը՝ պաշտոնաթողությունների և նշանակումների մասին

Ոստիկանությունն այդ խայտառակությունը դեռ երկար պիտի մաքրի իր վրայից․գեներալ Համբարձումյանը՝ պաշտոնաթողությունների և նշանակումների մասին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ոստիկանության պետ է նշանակվել գնդապետ Վահե Ղազարյանը։ Հետագայում հայտնի դարձավ, որ Ղազարյանը Փաշինյանի համերկրացին է ու համադասարանցին։ Ոստիկանության փորձառու սպաներից մեկից՝ ոստիկանության գեներալ-մայոր, նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանից փորձեցինք ճշտել, թե ինչպիսի սպա է եղել Ղազարյանը և ինչ կարծիք ունի նրա նշանակման մասին․

«Ես Ղազարյանին չեմ ճանաչում, կողքից լսելով՝ վատ չեն արտահայտվում, բայց մի բանն արդեն դրական է, որ Արման Սարգսյանին հանեցին այնտեղից, նրա նշանակումը պարզապես թյուրիմացություն էր բոլոր առումներով՝ և՛ մասնագիտական, և՛ տղամարդկային, և՛ սպայական։ Թե այս նոր անձնավորությունը ինչպիսի՞ն կլինի, դա իր գործունեությամբ և աշխատանքով կերևա, բան չունեմ ասելու։ Իմ աշխատած ժամանակ նա շատ ցածր պաշտոններ է զբաղեցրել, և ծառայության մեջ իր հետ շփումներ ես օբյեկտիվորեն չէի կարող ունենալ։ Մնում է, որ նա այդ համակարգում լավ աշխատի, ոչ թե տոն տա այդ դասարանցիական համ համերկրացիական նկրտումներին։ Ինչ վերաբերում է Արման Սարգսյանին, ապա իր անձնակազմի ներկայությամբ ծեծ կերած անձնավորությունը, որն անկարող էր որևէ բան ձեռնարկել, որևէ իրավունք չուներ դրանից 2 վայրկյան անց անգամ մնալ ոստիկանապետի պաշտոնում։ Նա իր անձնակազմի ներկայությամբ ծեծ կերած և հիվանդանոցում գտնվող մարդկանց անկարող լինելով պաշտպանել․․․ նման խայտառակությունը ոստիկանությունը դեռ երկար պետք է իր վրայից ջնջի։ Խոսքը Գավառի դեպքերի մասին է»։

Համբարձումյանին հարցրինք՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ վարչապետը որոշեց փոխել ԱԱԾ պետին ու ոստիկանապետին, չէ՞ որ նրանք ամիսներ առաջ էին նշանակվել․

«Այդ փոփոխությունները, բնականաբար, այլ նպատակներ են հետապնդում»,- պատասխանեց գեներալը։

Նկատի ունեք իշխանության հրահանգները առանց քննարկելու կատարե՞լը՝ հարցրինք։ «Իհարկե»,- պատասխանեց Համբարձումյանը։

Համբարձումյանին հարցրինք նաև, թե ի՞նչ կարծիք ունի Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ, կարո՞ղ է 29-ամյա երիտասարդը ղեկավարել այդ կառույցը․ «Թե ինչպես նա կարող է ղեկավարել ԱԱԾ-ն, չգիտեմ, բայց մյուս կողմից իմ մոտեցումը սուբյեկտիվ է՝ այնքանով, որ նա եղել է իմ քննիչը, ես եմ իրեն ընդունել համակարգ՝ քննչական ապարատ, իսկ քննիչ լինելը նշանակում է աշխատանքի ընթացքում բավարար իրավական գիտելիքներ ունենալ, բայց թե նրա առաջ ինչ նպատակներ են դրված, և թե ինքը իրեն ինչպես է այդ նպատակների մեջ տեսնում, կարծում եմ՝ այս արագ տեմպով ընթացող հասարակական զարգացումների դեպքում շատ արագ կերևա»,- պատասխանեց Համբարձումյանը։