Կառավարման ոչ տրամաբանական քայլերը հանգեցնելու են լուրջ քաոսի

Կառավարման ոչ տրամաբանական քայլերը հանգեցնելու են լուրջ քաոսի

Հարցազրույց կրթության փորձագետ, հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախկին տնօրեն Արմինե Դավթյանի հետ


- Այսօր փոխվում են կրթության չափանիշները, կարեւոր է ոչ թե գիտելիքը, այլ կոմպետենտությունը։ Որպես կրթության փորձագետ, ի՞նչ եք կարծում, դրա ժամանա՞կն է։

- Կոմպետենտային մոտեցման հայեցակարգը տարբեր երկրներում վերջին քսան տարիների ընթացքում բազմաբովանդակ հետազոտությունների է ենթարկվել եւ յուրաքանչյուրում հարմարեցված է իրենց սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին, սակայն ՀՀ-ում բացակայում են խորքային վերլուծություններն ու հայեցակարգային դիրքորոշումները՝ բացառությամբ որոշ ոլորտներում կետային կիրառությունների, եւ հիմնավորված չէ, թե դրա տակ ինչ են հասկանում կիրառողները: Եթե շարժվեինք այս տրամաբանությամբ, ապա կասեի որ, այո՛, ժամանակն է եւ անհրաժեշտ է, սակայն կառավարման ոչ տրամաբանական եւ չհիմնավորված քայլերը հանգեցնելու են լուրջ քաոսի:

- Ինչո՞ւ։

- Տրամաբանությունը ենթադրում է, որ բոլոր փոփոխությունների նկատմամբ պետք է ցուցաբերել լրջագույն գիտական եւ համակարգային մոտեցում, որը թե՛ նախկինում, թե՛ այսօր ՀՀ-ում բացակայում է: Սա նշանակում է, որ առաջին հերթին պետք էր վերանայել ՀՀ «Կրթության մասին» օրենքում կրթության նպատակի սահմանումը, որտեղ կոմպետենտային մոտեցումն արտահայտված չէ: Եթե մենք լրամշակում ենք չափորոշիչները, որոնք չեն համապատասխանում այն նպատակին, որին պետք է ձգտել, իսկ դա հին օրենքն է, ապա մենք խախտելու ենք այդ օրենքը: Երկրորդ․ անհրաժեշտ էր բազմամակարդակ մոնիթորինգային հետազոտության պատվեր իջեցնել գիտահետազոտական ինստիտուտներին, բուհերին, որոնք փաստերի վերլուծության հիման վրա պետք է առաջարկեին այդ փոփոխություններն օրենքում, ոչ թե նախարարության մակարդակով, այլ վիճակագրական-վերլուծական մակարդակով խնդիրը լուծելու համար:

- Իսկ նախարարությունն ի՞նչ էր անելու։

- Նախարարությունն այստեղ պետք է հանդես գար համակարգողի եւ կազմակերպողի դերում, այլ ոչ բովանդակային մշակումներ անողի: Սակայն այս էլ չի արվել, քանի որ, նախ՝ վերափոխման ու վերազինման փոխարեն փակվել է այն ինստիտուտը, որը պետք է զբաղվեր այդ խնդրի լուծմամբ՝ ներգրավելով առաջատար գիտական միտքը. խոսքը Կրթության ազգային ինստիտուտի մասին է։ Երկրորդ․ այսօր նույն գիտական միտքը գտնվում է լճացած եւ օտարված վիճակում, քանի որ պետությունը թե՛ նախկինում, թե՛ հիմա չի տալիս ոչ մի լուրջ պատվեր, որը կնպաստեր կրթության զարգացմանը, կամ եթե բուհերն էլ որեւէ նորամուծություն եւ գիտական կարեւոր հետազոտություն են իրականացնում, այն չի օգտագործվում պետական կրթական գործընթացների բարելավման մեջ: Ստացվում է՝ ունենք մարմին, բայց անգործ գլխուղեղ: Հետեւանքը՝ հիվանդ կրթական համակարգ, տնտեսություն եւ մշակույթ: Կոմպետենտային չափորոշիչների մշակումը բավականին լուրջ եւ բարդ գործընթաց է, իսկ թե ինչ են անում հիմա, ուղղակի անհասկանալի է:

- ԿԳՄՍ նախարարությունից պնդում են, որ կոմպետենտային հայեցակարգը քննարկվել է մասնագետների հետ։ Այդպես չէ՞։

- Հեղափոխությունից հետո ես գրավոր առաջարկ եմ արել՝ այդ հայեցակարգը ներդնելու։ Կարծում եմ, դա է թելադրում համաշխարհային կրթական միջավայրին ինտեգրվելու տրամաբանությունը։ Դա հոգեբանամանկավարժական եւ սոցիոլոգիական ոլորտի մասնագիտական հիմնախնդիր է: Սակայն ԿԳՄՍ-ի կողմից չեղավ ոչ մի քայլ՝ ներգրավելու հայեցակարգի մշակման գործին մեզ՝ մասնագետներիս, ովքեր պետք է դա անեին։  

- 10 մլն եվրոյից ավելի դրված է նոր չափորոշիչների ստեղծման եւ այլ բարեփոխումների վրա։ Ինչպե՞ս կգնահատեք այս հանգամանքը, արդյոք նպատակայի՞ն ծախս է կատարվում։

- Կյանքիս բերումով բախվել եմ ծախսերի բաշխման պետական քաղաքականությանը։ Ահռելի կորուստներ են տալիս, ահռելի գումարներ են փոշիանում ոչ արդյունավետ կառավարման պատճառով: Իմ ղեկավարած հիմնարկի օրինակով ասեմ։ Անարդյունավետ ծախսերի պատճառով հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն ուղղակի սարսափելի ոչ հիգիենիկ, անհրապույր մի հիմնարկ էր, որի շենքային պայմաններում, սկզբնական փուլում ես թույլ չէի տալիս ինձ անգամ տնօրեն անվանեին՝ ամաչում էի այդ վիճակից։ Ուր մնաց երեխա ընդունեի: Դա պետության վերաբերմունքի արտացոլումն էր երեխայի նկատմամբ, այն էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, որոնց գնահատումը տարիներ շարունակ իրականացվել էր այդ հաստատությունում: Ես տնտեսական կառավարման արդյունքում ընդամենը չորս ամսում կարողացա քիչ թե շատ պատշաճ տեսքի բերել հաստատությունը, եւ արդեն տրվել էր ութսունից ավելի երեխաների մանկավարժահոգեբանական անվճար ծառայությունների մեկնարկը՝ աճի միտումով։ Ընթացքի մեջ էին բազմաթիվ լուրջ ծրագրեր, որոնցով հետաքրքրված էին նաեւ հովանավորներ եւ արդեն համաձայնել էին լուրջ ներդրումներ անել, սակայն արդեն դրանք հինգ ամիս է՝ դադարեցված են, եւ մի ամբողջ հաստատություն այսօր փաստացի անորոշության մեջ է: Մեծ գումարներ են «փոշիացվել» եւ «փոշիացվում»՝  առանց վերահսկողության, տալով նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների, դրանով իսկ թուլացնելով պետական կառույցների դերն ու նշանակությունը, ստորադասելով մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը ինչ-որ անհասկանալի այլ չափանիշների: Սա նախկինում կար։ Հույս ունեի, որ նոր իշխանությունները փոփոխություններ կբերեն, սակայն փաստը ցույց տվեց, որ այսօր մեզ ղեկավարում են հասարակական կառույցները, որոնք «մատ թափ» տալով պետական կառույցներին՝ ստիպում են ենթարկվել իրենց պահանջներին: Չեմ կարող ասել, որ սա լավ բանի կհանգեցնի, սա կոռուպցիոն ոչ թե վտակ, այլ գետ է եղել նախկին իշխանությունների օրոք, եւ այսօր գրեթե ոչինչ չի փոխվել: Եթե այդ գումարները տրվեին, օրինակ, պետական կառույցներին, որպեսզի նրանք նպաստեին գիտական ներուժի զարգացմանն ու գիտական մտքի ներդրմանը, համոզված եմ՝ մենք ավելի լուրջ հաջողություններ կգրանցեինք: 

- Ամիսներ առաջ Ձեզ ազատեցին աշխատանքից՝ սոցցանցերում տարածված տեսանյութում արտահայտած մտքերի համար: Ի՞նչ եք անում հիմա:

- Շուտով դատարանում կներկայացնեմ այն հիմքերը, որոնք իմ մասնագիտական հեղինակության ու կոմպետենտության հավաստող կարեւոր մասն են, որը նախարարությունը հաշվի չառնելով, կայացրեց ազատման որոշումը: Իհարկե, հիմա նույնիսկ շատ շնորհակալ եմ դրա համար, քանի որ ստիպեցին այդ քայլով անձնուրացության աստիճանի իմ նվիրվածությունը մանկավարժությանն ու երեխաներին մի փոքր վերանայել եւ զբաղվել անձնական կյանքով ու ընտանիքով: Շատերը գիտեն, բայց ես չեմ սիրում այդ մասին բարձրաձայնել, որ տարիներ շարունակ, ընտանիքիս աջակցմամբ, մեծ գումարներ են ուղղվել բարեգործության եւ ոլորտի զարգացմանը, այդ թվում նաեւ չորս ամսվա իմ տնօրենի աշխատավարձն ամբողջությամբ՝ գումարած, որ մինչ օրս ՀՄԿ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությանը դեռ վճարում եմ այն հատվածը, որը չհասցրեցի վճարել, քանի որ որոշ աշխատանքներ իրականացրել էի աշխատավարձիս հույսով: Իսկ առկա գործադիրը հենվեց բամբասանքների վրա, որոնցով այսօր ողողված են սոցցանցերը, եւ հաշվի չառավ իմ ներդրումներն ու կենսագրությունը: Կոմպետենտային մոտեցումը լայն առումով հենց սա է։ 

- ՀՀԿ-ի իշխանության վերջին տարիներին քննադատություն էր հնչում, որ դպրոցների խորհուրդները քաղաքականացված են։ Ինչպիսի՞ն է դպրոցի կառավարման համակարգն այսօր։ Ձեր գնահատականը։ 

- Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեում մեր ստացած բավականին շատ արձագանքներից ելնելով՝ կարող եմ ասել, որ էական բան չի փոխվել. մարզպետարանները քաղաքականացված են, խորհուրդներում անպայման կան իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ, որոնք ուղղորդող ուժ են հանդիսանում, ընտրություններն իրականացվում են ոչ թե մասնագետների, փորձագետների մակարդակով, այլ վարչարարական ու ՀԿ-ների, որը ոչ միշտ է հնարավորություն տալիս պատկերացում կազմելու տարբեր թեկնածուների կառավարչական եւ անձնային կոմպետենտությունների մասին: Թեպետ կան նաեւ դրական արդյունքներ: Գիտեմ մարդիկ, ովքեր իրապես իրենց կյանքի ու փորձի հիման վրա արժանի են ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Բայց նաեւ՝ նրանց համար, իմ կարծիքով, դժվար է աշխատել, երբ վերադասը ոչ թե գնահատում է նրանց փորձն ու ներդրումը, հաշվի նստում նրանց հետ, այլ անհիմն խոչընդոտներ է ստեղծում: Շատ դժվար է բանակցել, համագործակցել այն վերադասի հետ, որը ոլորտի մասնագետ չէ եւ խորքային գիտելիք ու պատկերացում չունի մենեջմենթի նրբությունների, համակարգային երեւույթների ու խնդիրների մասին: Դա նույնն է, որ չինացու հետ փորձես հայերենով հաղորդակցվել: