Արևմուտքի զորքեր՝ Ուկրաինայու՞մ․ Կրեմլում արձագանքել են Մակրոնին
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելը կհանգեցնի Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ հակամարտության և իրավիճակի սրման, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս դեպքում մենք պետք է խոսենք ոչ թե հավանականության, այլ անխուսափելիության (հակամարտության-խմբ.) մասին: Այդպես ենք մենք գնահատում դա»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որո՞նք են էսկալացիայի և ուղիղ հակամարտության ռիսկերը ՆԱՏՕ-ի հետ՝ Ուկրաինայի տարածքում ռազմական դաշինքի հայտնվելու դեպքում։
«Այս երկրները նույնպես պետք է գնահատեն և գիտակցեն դա՝ իրենց հարցնելով, թե արդյոք դա համապատասխանում է իրենց, ինչպես նաև իրենց երկրների քաղաքացիների շահերին»,- ընդգծել է նա։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան քաջատեղյակ է Մակրոնի դիրքորոշմանը «Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու անհրաժեշտության վերաբերյալ»։
«Մենք նկատեցինք, որ իսկապես քննարկվել է Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու թեման, մենք նաև նշել ենք, որ այս հարցի շուրջ կարծիքների շատ հարուստ շրջանակ կա, կոնսենսուս իսկապես չկա»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին և ասել, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի կարելի բացառել արևմտյան ցամաքային ուժերի՝ Ուկրաինա ուղարկելը։
Կարծիքներ