Հաղթանակ՝ հանուն ճշմարտության

Հաղթանակ՝ հանուն ճշմարտության

Սրբազան պայքարի ուղերձներից մեկը՝ «Հաղթանակ՝ հանուն ճշմարտության», կարծես թե կյանքի է կոչվում նույնիսկ գործող իշխանության շրջանակում: Այն դրսեւորվել է դեռեւս ի դեմս մեկ անձի՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արշակյան Հակոբի, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով երկու ձեռքով սիրտ պատկերող նկարը՝ սերը բնութագրել է որպես ճշմարտություն: Եթե, իր ասելով, տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, ապա դա սերն է: Իմ կողմից ավելացնեմ, որ տիեզերքում կան բազմաթիվ ճշմարտություններ: Եվ դրանցից գլխավորը հենց սերն է, որ մարդկությանը մատուցվեց Աստծո Որդու կողմից: Ուրիշ հարց, որ մարդը դեռեւս շատ հեռու է այն ընկալելուց եւ որդեգրելուց, որպեսզի այն վերածվի մարդու էության հիմնական բաղկացուցիչ մասի: Այն, ինչ ավելի քան 100 տարի առաջ մարդ կոչեցյալի առումով արձանագրել է Մեծն Լոռեցին. «…Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան»:

Եթե սովորական մարդն է այդքան հեռու Մարդ (մեծատառով) լինելուց, ապա որքա՜ն հեռու կարող է լինել այդ նպատակից ընդհանրական ՔՊ-ականը: Որովհետեւ ինչպե՞ս է հնարավոր ՔՊ-ականի եւ սիրո «համագործակցությունը», եթե այդ խմբակն իշխանության է հասել կենդանի մարդկանց տները դագաղներ ուղարկելով: Եվ եթե սերը ճշմարտություն է, ապա ինչպե՞ս կարող էր արդեն իշխանություն ունեցող խմբակը մարդկանց բաժանել սեւերի ու սպիտակների: Երրորդ․ եթե սերը ճշմարտություն է, ապա ինչո՞ւ բողոքի ձայն չէր լսվում, երբ այդ խմբակի առաջնորդը խոստանում էր մարդկանց ծեփել ասֆալտին կամ պատին, լիզել տալ ասֆալտը եւ այլն: Թե՞ վերը նշված խմբակի, որ արդեն վեցուկես տարի է՝ իշխանություն է, անդամների տեսակետից սերը դրսեւորվում է հենց վերը նշված գործողությունների տեսքով: Էլ չասած նախարար Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու եւ նրա համակարգիչը կոտրելու մասին:

Ուրիշ հարց, որ Արշակյան Հակոբը կարող է սիրել իր ընտանիքը, ինչը նորմալ է եւ նույնիսկ հարիր է ՔՊ-ականին, ինչպիսին էլ վերջինս լինի: Բայց այդ տարբերակի դեպքում, ընդունեք, սիրո մասին չեն փիլիսոփայում: Որովհետեւ սեփական ընտանիքի անդամներին սիրելը նույնքան բնական է, որքան գիշերը քնելն ու առավոտյան արթնանալը՝ կախված արեւածագից ու մութն ընկնելուց: Բայց բացառված չէ, որ կարող էր հրաշք պատահել, ու հռոմեական հարկահավաք Մատթեոսի նման Արշակն էլ վերածվեր ճշմարիտ քրիստոնյայի: Հիշեցնեմ, որ Մատթեոսի հետ հրաշքը տեղի ունեցավ այն պահին, երբ Աստծո Որդին ընդամենը անցավ նրա կողքով: 

Եթե նման երեւույթը հնարավոր է, ապա փորձենք պատկերացնել, թե ինչպես կարող է վերափոխվել Արշակյան Հակոբը: Օրեր առաջ Բագրատ սրբազանը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հրավերով, այցելել էր ԱԺ: Ճիշտ է, ՔՊ-ական բազմությունից որեւէ մեկը չհամարձակվեց հանդիպել Սրբազանի հետ, սակայն վերջինս պատահաբար կարող էր անցնել Արշակյան Հակոբի կողքով՝ առանց նույնիսկ նրան նկատելու: Իսկ քանի որ Սրբազանն իմ պատկերացրած իրական հոգեւորականն է՝ Աստծո շունչը վրան, ապա Արշակյանի հետ եւս կարող էր նման հրաշք պատահել, եւ ողջ մարդկանց տները դագաղներ ուղարկող խմբակի անդամից նա կարող էր վերածվել իրական քրիստոնյայի: Որովհետեւ սերը, որի մասին գրառում է արել ԱԺ փոխնախագահը, հենց այն զգացումն է, որով, առաջին հերթին, հատկանշվում է իրական քրիստոնյան: Կամ էլ Արշակյանն ընդամենը ինչ-որ երազ է տեսել ու դրա ազդեցության տակ գրառում կատարել: