Դպրոցի տնօրենի թեկնածուն Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներից է. ակցիա՝ ԿԳՄՍ շենքի մոտ

Դպրոցի տնօրենի թեկնածուն Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներից է. ակցիա՝ ԿԳՄՍ շենքի մոտ

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի  կոլեկտիվը, աշակերտներն ու ծնողներն այս պահին գտնվում են ԿԳՄՍ շենքի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում, նրանք եկել են ավտոբուսներով։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու մյուս թեկնածուն, որը Աբովյանի 10-րդ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհի է եղել, հավասար ձայեր են հավաքել՝ 4/4։ Ակցիայի մասնակիցները պնդում են՝ իրենք ցանկանում են , որ գործող տնօրեն Բաբայանը շարունակի պաշտոնավարել, քանի որ, իրենց խոսքով, հոյակապ տնօրեն է։

«Ընդհանուր ընտրողների թիվը 8-ն է եղել, 4 հոգին մեր դպրոցից՝ երկու ծնող , երկու ուսուցիչ, իսկ մյուս չորսը դրսից են եղել։ Ի դեպ, այդ չորս հոգին էլ անմիջական կապ ունեն Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Այո, մենք լսել ենք, որ տնօրենի այդ թեկնածուն էլ, ում հետ չենք ցանկանում աշխատել, շատ խիստ կապված է այդ ընտանիքի հետ։ Այո, կարծում ենք՝ ուղղորդված են ընտրություն կատարել, որովհետև մենք ինչպես մտածում էինք ,այդպես էլ եղավ։ Հիմա մենք խնդրում ենք նախարարից ճիշտ որոշում կայացնել, քանի որ 4/4-ի դեպքում, վերջնական որոշումը նրանն է, թե ով պետք է ընտրվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ուսուցչուհիներից մեկը, որը նաեւ հավելեց, որ ծնողներ կան, ովքեր ասել են՝ եթե Բաբայանը չմնա, երեխաներին այլ դպրոցներ ենք տեղափոխվելու։

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը այժմ զբաղեցնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։