Ոսկու տենդ է Հայաստանում. գյուղացիները տապալել են ոսկու հանքի շահագործման լսումները

Ոսկու տենդ է Հայաստանում. գյուղացիները տապալել են ոսկու հանքի շահագործման լսումները

Վայոց ձորի Վարդահովիտ բնակավայրում «Գեոմայնինգ» ընկերությունը նախօրեին փորձել է հանրային լսումներ կազմակերպել՝ մետաղական (ոսկու) հանքի շահագործման համար, բայց լսումները տեղի բնակիչների կողմից անմիջապես տապալվել են։ Եղեգիս համայնքի բնակիչ Մարատ Զաքարյանն ասում է, որ լսումները Վարդահովիտում կազմակերպելը գիտակցաբար է արվել, որպեսզի մի քանի հոգով հարցի ձեւական կողմը պահեն եւ արձանագրեն, որ լսումը տեղի է ունեցել։ «Մեր համայնքը 5 հազար 900 գրանցված բնակիչ ունի, իսկ Վարդահովիտը մեր համայնքի ամենափոքր գյուղերից մեկն է, որտեղ գրանցված է մոտ 200 մարդ, բայց իրականում ապրում է 20-25 մարդ, դրա համար էլ լսումներն այնտեղ կազմակերպեցին, որ հարցի ձեւական կողմը պահեն»,- ասում է Մարատ Զաքարյանն ու նկատում, թե ինքը նույնպես վերջին պահին է իմացել, որ նման քննարկում կա, եւ ուշացած՝ ընկերների հետ գնացել է Վարդահովիտ։

«Գյուղապետը նույնիսկ գիտակցաբար ընտրել էր այն մարդկանց, որոնք ժամանակին աշխատել են այդ ընկերությունում՝ ուսումնասիրությունների ժամանակ, որպեսզի իրենք ձեռք բարձրացնեին, ասեին՝ այո եւ վերջ։ Այսինքն՝ ձեւական լսումներ էին ծրագրել»,- ասում է նա ու ընդգծում, որ հանրության կարծիքի հետ պետք է հաշվի նստել։        

«Մոտ 100 հոգի էր հավաքվել հրավիրված լսումներին, որոնցից միայն 2 ընտանիք, մոտ 9 հոգի էր կողմ ստորագրել հանքի շահագործմանը, մնացածը կողմ չէին եւ ներս չմտան, բոյկոտեցին լսումները։ Այդ 9 հոգուն դուր չեկավ մեր դիմադրությունը եւ կռիվ հրահրեցին, հարձակվեցին մեր ընկերների վրա եւ քաշքշեցին։ Մեր համայնքը դեմ է հանքի շահագործմանը, քանի որ էլի ոսկի են ուզում կորզել, ոսկու տենդ է ամբողջ Հայաստանում։ Այդ ոսկու տենդով բռնված էր մեկ էլ Ամերիկան՝ 1800-ականների կեսերին, հիմա մեզ մոտ նոր է այդ տենդը սկսվել»,- ասում է Մ․ Զաքարյանն ու հավելում, որ 4 տարի առաջ մի 2 տարով ուսումնասիրել են այդ տարածքը, նույնիսկ արդեն որոշակի աշխատանքներ արվել են, դեպի «պոտենցիալ հանք» տանող ճանապարհ է բացվել։   

Հետաքրքրական է, որ սարի մի մասը գտնվում է Վայոց ձորի, մի մասն էլ՝  Գեղարքունիքի մարզում, որտեղ հանքի շահագործման վերաբերյալ լսումների փորձը նույնպես տապալվել է․ «Իրենք պատճառաբանում էին, թե ուսումնասիրությունների հետ են կապված այդ լսումները, բայց խաբում էին, ինչպես միշտ եւ ինչպես բոլոր հանքի տերերը, որովհետեւ ուսումնասիրություններ արդեն արել են եւ հիմա ավելի կոնկրետ քայլերի են ուզում դիմել»։

Վարդահովիտում կազմակերպված լսումներին ներկա է եղել նաեւ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը՝ փորձաքննության բաժնից, ով ակտիվ ուղղորդել է գյուղացիներին եւ հորդորել մասնակցել լսումներին․ «Նախարարությունը պետք է ավելի շատ չեզոք դիրք գրավի, կողմ լինի հանքը չբացվելուն եւ շրջակա միջավայրը պաշտպանելուն, բայց այդ կինը պաշտպանում էր իրենց, մենք գիտեինք, թե նա այդ ընկերության մենեջերն է, ով մեզ օրենքներ էր բացատրում, ներս էր հրավիրում՝ ասելով, թե դուք իրավունք չունեք այսպես կամ այնպես անելու, խախտում եք օրենքը։ Այսինքն, անկախ նրանից՝ մարդիկ կողմ, թե դեմ կարտահայտվեն, բայց կարեւորը մտնեն ներս, որպեսզի լսումները կայացած համարեն․ դա էր նրանց շահագրգռվածությունը, քանի որ պետք է արձանագրեն եւ նախարարություն տանեն՝ ցույց տալու համար, որ լսումները տեղի են ունեցել, բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլ նաեւ հաջորդ օրը մենք արձանագրություն կազմեցինք տեղի՝ Վարդահովիտի վարչական շրջանի ղեկավարի, ինչպես նաեւ շատ այլ մարդկանց ստորագրությամբ եւ այդ փաստաթուղթն ուղարկեցինք շրջակա միջավայրի նախարարություն»։

Երբ հանքը սկսել են ուսումնասիրել, գուցե ժամանակին ձեւական լսումներ արել են, որին ինքը՝ Մ․ Զաքարյանը, տեղյակ չէ եւ չի էլ հիշում․ «Հիմա եկել է կոնկրետ քայլերի դիմելու փուլը, եւ այդ լսումներից կախված են, թե կոնկրետ ինչ քայլեր կարվեն։ Պիտի տեխնիկա բերեն, ուզում են բնակիչներին համոզեն, որ դա ներդրում է, աշխատատեղ։ Շատ եք ուզում ներդրում անել՝ բերեք ուրիշ ոլորտում արեք, եւ թող զարգանան տուրիզմը, անասնապահությունը, գյուղատնտեսությունը, որ լայն հնարավորություններ ունեն»։

Վարդահովիտի հանքի շահագործման հարցը իշխանափոխությունից հետո Ամուլսարի հարցի հետ միասին սառեցվեց՝ իր խոսքում շեշտում է Զաքարյանը, բայց․ «Վերջերս, երբ նորից աշխուժացավ Ամուլսարի խնդիրը, եւ վարչապետն իր խոսքում կողմ արտահայտվեց հանքը բացելուն, այդ մարդիկ իրենց ավելի «ապահով զգացին» եւ սկսեցին ակտիվանալ։ Մեկուկես տարի լռել էին, բայց հիմա նորից իրենց ապահով զգացին եւ որոշեցին, որ իրենց համար եւս կանաչ լույս է վառված, եւ պետք է օգտվել առիթից»։

Մ․ Զաքարյանը կարծում է, որ հանքը շահագործելու ուղղությամբ դարձյալ կփորձեն ինչ-որ քայլերի դիմել, քանի որ «ոսկու ծարավը» մեծ է, ինչին, սակայն, պատրաստվում են ամեն գնով դիմակայել եւ համարժեք դիմադրություն ցույց տալ։ Բայց առայժմ չի նշում, թե կոնկրետ ինչ քայլերի են պատրաստվում դիմել։