Աղվան Հովսեփյանի պաշտպանը՝ իշխանության հետ գործարքի գնալու, առողջական ծանր վիճակի մասին

Աղվան Հովսեփյանի պաշտպանը՝ իշխանության հետ գործարքի գնալու, առողջական ծանր վիճակի մասին

Նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մոտ տասն օր է, ինչ կալանքի տակ է։ Նրա պաշտպան Սասուն Ռաֆայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախօրեին վերաքննիչ քրեական դատարան են բողոքարկել առաջին ատյանի որոշումը՝ կալանավորման վեաբերյալ։ Դեռեւս հայտնի չէ, թե ում է մակագրվել բողոքի քննությունը։

Նա նաեւ նշեց, որ Հովսեփյանը շարունակում է ցուցմունք չտալ, առերեսումներ չեն եղել, ըստ մեղադրանքի կողմի՝ եթե Հովսեփյանը լինի ազատության մեջ, ապա կխոչընդոտի գործի քննությանը, դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական գործողություններ կկատարի։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իշխանությունները պատրաստ են գործարքի գնալ եւ ազատ արձակել Հովսեփյանին, եթե վերջինս քրեական գործով նախնական հաշվարկած գումարը վճարի եւ վերադարձնի պետական բյուջե, մեր զրուցակիցն ասաց․ «Ո՞վ է ընդունել, որ պարոն Հովսեփյանի գործողությունների արդյունքում որեւէ մեկին վնաս է հասցվել, որ վերականգնվի։ Պաշտպանության կողմը նման հայտարարությամբ հանդես չի եկել եւ չի կարող լինել»։

Պաշտպանը վերջում խոսեց իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ ինսուլին ստացող մարդը չի կարող լավ լինել․ «Աղվան Հովսեփյանը քրեական հիմնարկի բժիշկների հսկողության տակ է»։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով:

Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: