«Հրապարակ»․ ՄԻԵԴ դատավորի թեկնածուները հարցազրույցն արդեն անցել են

«Հրապարակ»․ ՄԻԵԴ դատավորի թեկնածուները հարցազրույցն արդեն անցել են

ՄԻԵԴ -ում ՀՀ դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին, եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում նոր դատավոր պետք է ընտրվի։ 2025-ի հունվարի 13-ին ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը հարցազրույցներ է ունեցել Հայաստանի թեկնածուների՝ Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի հետ։

Սա արդեն թեկնածուների երկրորդ ցանկն է։ Ավելի վաղ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանի փոխարեն առաջադրված էր ԲԴԽ նախկին անդամ, ներկայում վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանը, սակայն Եվրոպայի խորհրդի խորհրդատվական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Քոչարյանի վերաբերյալ, եւ այդ պատճառով էլ Հայաստանի ցանկը փոխվել է։ Ի դեպ, ՄԻԵԴ օրենքով՝ անդամ երկիրը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որից ընտրությունը կատարում է Եւրոպական դատարանը։

Վերջերս էլ կառավարությունը փոփոխություն է մտցրել դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջներում, բացառելով երկքաղաքացիների մասնակցությունը մրցույթին և փաստացի խստացնելով դատավորներին ներկայացվող պահանջները։

Այսինքն, ՄԻԵԴ դատավորի հայաստանյան թեկնածուն միայն ՀՀ քաղաքացի պետք է լինի։
ՔՊ-ում խոսակցություններ կային, որ այս փոփոխության պատճառով Եվրախորհուրդը առաջարկելու է ՀՀ կառավարությանը փոխել թեկնածուների ցուցակը և նոր ցուցակ ներկայացնել։ Հարցը քննարկվել է ԵԽ հանձնաժողովում, եւ մեր տեղեկություններով նման պահանջ չի դրվել։ ԵԽ-ն բնականոն է համարել Հայաստանի կառավարության նոր պահանջը թեկնածուների նկատմամբ, մանավանդ որ երեք թեկնածուներից եւ ոչ մեկը երկքաղաքացի չի։

ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց թեմայի շուրջ պարզաբանումներ տալ։ «Կարող եմ արձանագրել հետևյալը՝ որ կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունվարի 13-14-ին, այն դռնփակ ռեժիմով է իրականացվում, լիագումար նիստի ընթացքում դուք կունենաք տեղեկատվություն»։

Երկքաղաքացիության բացառման պահանջի հետ կապված ինչ որ բան որոշվե՞լ է։ «Ընթացակարգային հարցերը բավականին մանրամասն քննարկվել են կոմիտեում։ Ես որպես կոմիտեի անդամ, որը մասնակցել է դռնփակ նիստին, որևէ բան այս մասին իրավունք չունեմ ասելու», - ասաց նա։
Իրավապաշտպան, միջազգայնագետ Արտակ Զեյնալյանը պարզաբանեց․ «ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության չափանիշներից մեկը կառավարությունը դրել է քաղաքացիության ցենզը, որ մրցույթին կարող են մասնակցել բացառապես ՀՀ քաղաքացիները»։ Ինչպե՞ս եք վերաբերվում խոսակցություններին, թե Եվրախորհուրդը կարող է այս փոփոխության հետ կապված թեկնածուների նոր ցանկ պահանջել։ «Ինձ դա անհեթեթ է թվում», - ասաց նա։

ՄԻԵԴ դատավորի թեկնածու Աննա Մարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ հունվարի 13-ի հարցազրույցն անցել է, սակայն դեռ պատասխան չունի։  «Հարցազրույցներն անցել ենք, բայց արդյունքները դեռ չկան»։ Կա՞ ինչ որ ժամկետ, որի ընթացքում պետք է Ձեզ արդյունքները հայտնեն։ «Մեզ հստակ չեն ասել, անկեղծ ասած։ Մենք առանձին-առանձին մտել ենք հարցազրույցի, դուրս ենք եկել, որից հետո մեզ ասել են, որ արդյունքների մասին կտեղեկացնեն։ Մեզ հետ կապվել են ԵԽ-ից նամակագրության միջոցով։ Ժամկետներ չեն նշել, ոչ մի այլ տեղեկատվություն ես չունեմ», - ասաց ՄԻԵԴ թեկնածուն։ Հարցին, թե չի՞ լսել արդյոք թեկնածուների ցուցակի փոփոխության մասին, Աննա Մարգարյանը պատասխանեց․ «Ոչ։ Ոչինչ չեմ կարող ասել այդ մասին։ Առաջին անգամ եմ լսում»։

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ դատավորներն ընտրվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից: Նրանք պետք է ունենան բարձր բարոյական հատկանիշներ, հանրային ճանաչելիություն և համապատասխան որակավորում, պետք է անցնեն ընտրության երկու փուլ՝ ազգային, որի ընթացքում յուրաքանչյուր անդամ պետություն առաջադրում է երեք թեկնածու, և վերպետական, որի ընթացքում հանձնաժողովն անձամբ հարցազրույց է անցկացնում թեկնածուների հետ։