Ինչ օգտակար ազդեցություն է ունենում առավոտյան գոլ ջուր խմելու սովորությունը
Առավոտյան գոլ ջրի գործածությունը կարող է զգալիորեն բարելավել մարդու առողջությունը։ Այս մասին գրում է «Доктор Питер» պորտալը՝ վկայակոչելով չինական բժշկության փորձագետ Ալեքսեյ Վորոտնիկովին։
Մասնագետի խոսքով՝ մաքուր ջրի կանոնավոր գործածությունը կարող է պաշտպանել աղեստամոքսային տրակտի բազմաթիվ հիվանդություններից, քանի որ առավոտյան դատարկ ստամոքսին մի բաժակ գոլ ջուր խմելը գործարկում է բոլոր անհրաժեշտ կենսաքիմիական գործընթացներն օրգանիզմում։
«Դրա ջերմաստիճանը պետք է լինի 40-50℃՝ կախված նախասիրությունից։ Նման սովորություն ձեռք բերելու դեպքում շատ շուտով կնկատեք, որ մարսողությունը, ենթաստամոքսային գեղձի, աղիների ու ամբողջ աղեստամոքսային տրակտի աշխատանքը զգալի բարելավվել է», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ջերմաստիճանը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ջուրը սառը կամ սենյակային ջերմաստիճանի խմելու դեպքում օրգանիզմը հավելյալ էներգիա կվատնի այն ջերմացնելու համար, մինչդեռ մաքուր գոլ ջուրն անմիջապես ստամոքսով անցնում է տասներկումատնյա աղիք և աղեստամոքսային տրակտի այլ հատվածներ՝ գործարկելով բոլոր օրգանների աշխատանքը։
Ընդ որում՝ մանսագետը նախազգուշացրել է, որ այդքան օգտակար համարվող կիտրոնով ջրից առավոտյան ճիշտ կլինի հրաժարվել՝ նախապատվությունը տալով բացառապես մաքուր ջրին։
Կարծիքներ